1. Լսելու ունակություն
Խոսել կարողանում ու սիրում են գրեթե բոլորը, իսկ ահա լսելու ունակություն հատուկենտ մարդիկ ունեն: Եթե դուք գոնե մեկ անգամ շփվել եք նման մարդու հետ, դուք կհասկանաք, թե ինչի մասին է խոսքը: Երբ մարդը չի սպասում խոսելու իր հերթին, երբ դուք եք խոսում ու չի փորձում վերհիշել տվյալ թեմային համապատասխանող նմանատիպ դեպքեր: Խոսակցությունը կարելի է «պահել», նույնիսկ առանց լսելու, դա բարդ չէ՝ գլխով ես անում, ասում «ըհը» ու չես նայում սմարթֆոնին: Իսկ ահա լսելը իսկական արվեստ է, որը միշտ զգացվում ու գնահատվում է: Նման մարդկանց հետ իրոք ուզում ես զրուցել: Ինչպե՞ս զարգացնել լսելու ունակությունը: Փորձեք կենտրոնանալ ձեր զրուցակցի ասածների վրա ու չշեղվել ձեր սեփական մտքերի ուղղությամբ: Հետաքրքրվեք նրա պատմածով, իսկ եթե ոչ մի կերպ չի ստացվում՝ այդ դեպքում էլ զրուցելու իմաստը ո՞րն է:
2. Անկանխատեսելի լինելու ունակություն
Ոմանք սիրում են անկանխատեսելի գործողություններ, մյուսները նախընտրում են կայունությունն ու հուսալիությունը: Բայց եթե մարդն առհասարակ զուրկ է երեւակայությունից, անսպասելի արարքներից, ապա նրա հետ ձանձրալի կլինի: Հենց այնպես, առանց որեւէ առիթի, աշխատանքային որեւէ օր առաջարկել ռեստորան գնալ (մանավանդ եթե սիրահետման ժամանակաշրջանը չէ, այլ քիչ թե շատ կայուն ու գրեթե ընտանեկան կյանք), հենց այնպես երգել, երբ լավ տրամադրություն ունես, առաջարկել որեւէ պար ուսումնասիրել կամ էլ հանգստյան օրերին քաղաքից դուրս գնալ՝ որեւէ անհավանական գեղեցիկ վայր գտնելու: Անկանխատեսելիությունն օգնում է, որ հարաբերությունները միապաղաղ չդառնան։ Ինչպե՞ս զարգացնել այս ունակությունը: Հաճախ լսեք ինքներդ ձեզ, փորձեք հասկանալ, թե հատկապես ինչ եք ուզում: Այդ փուլում այդքան էլ կարեւոր չէ՝ ձեր անսպասելի ձգտումները կհասկանան, կամ կգնահատեն, թե ոչ, կարեւորը որ այդ ցանկությունները լինեն:
3. Որեւէ բանի փայլուն տիրապետելը
Կարեւոր չէ, թե ինչին է վերաբերում ձեր կարողությունը՝ դուք կարող եք շատ լավ մեքենա վարել, վիրտուոզ կիթառ նվագել կամ ազատ խոսել երեք լեզուներով: Մարդկանց միշտ էլ հիացնում է ուրիշների վարպետությունը, անկախ նրանից, թե ինչին է դա վերաբերում: Ինչպե՞ս սովորել: Պարզապես գտեք որեւէ սիրելի գործ ու ձեր հմտությունները կատարելության հասցրեք: Ի դեպ, եթե դուք այս պահին լուրջ հարաբերություններ չունեք՝ ապա տվյալ զբաղմունքը կօգնի նաեւ այդ հարցում՝ հենց դուք տրվում եք սիրելի գործին ու մոռանում հարաբերություններ սկսելու ցանկության մասին՝ ինչ -որ հրաշքով դրանք հայտնվում են ձեր կյանքում:
4. Լինել ինքնաբավ ու ամեն ինչից գոհ
Մարդիկ, որոնք գոհ են այն ամենով, ինչ ունեն, ավելի գրավիչ են, քան նրանք, ովքեր մշտապես բողոքում են ու տառապում նրանից, որ ինչ -որ բանի պակաս ունեն: Եթե դուք գոհ եք ձեր արտաքինից, դուք շատ ավելի գրավիչ տեսք կունենաք, քան եթե ձեզ ճարպոտ ու տգեղ համարեք: Եթե դուք գոհ եք ձեր աշխատանքից, ձեզ ոչ ոք անհաջողակ չի համարի: Ինչպե՞ս սովորել բավարարվել նրանով, ինչ կա: Այո, դա այդքան էլ հեշտ չէ, բայց հնարավոր է: Նախ դադարեք ձեզ համեմատել ուրիշների հետ, հետո գտեք այն, ինչ ձեր կյանքում լավ է ու շնորոհակալ եղեք դրա համար:
5. Անառողջ կախումների բացակայություն
Եթե դուք հետեւում եք ձեր կազմվածքին ու ձգտում եք ավելի շատ բանջարեղեն ուտել՝ հրաշալի է, բայց եթե դուք պիցերիայի աշխատակազմին հասցնում եք հուսահատության՝ պահանջելով ձեզ համար առանց խմորի պիցցա պատրաստել՝ դա արդեն բոլորովին այլ բան է: Դա վերաբերում է նաեւ ձեր բոլոր մյուս սկզբունքներին ու նախասիրություններին՝ ամեն ինչում պետք է ճանաչել չափը, իսկ այս կան այն վարքագծից ցավագին կախումը ոչ մեկին չի ուրախացնում: Ինչպե՞ս ազատվել ուժեղ կախումներից: Նաեւ պետք է առհասարակ հասկանալ՝ ունեք դուք նման կախում, թե ոչ: Դրա համար ավելի լավ է ձեր ընկերներին ու ազգականներին հարցրեք՝ թող նրանք անկեղծորեն ձեզ ասեն, թե ինչ են մտածում այդ մասին: Ամենայն հավանականությամբ նրանք ձեզ այդ մասին արդեն ասել են, բայց դուք ուշադրություն չեք դարձրել:
6. Լինել անկեղծ
Կարելի է անվերջ կեղծ կերպարներ ստեղծել, քողարկվել դրանցով ու նույնիսկ ամբողջովին դերի մեջ մտնել, բայց մարդիկ միշտ զգում են կեղծիքը ու գնահատում են իսկականը: Դա չի նշանակում, որ դուք շատ հասարակ կլինեք: Դա նշանակում է, որ դուք այլեւս չեք թաքցնի ձեր զգացմունքները, ու չեք կեղծի դրանք: Ինչպե՞ս դառնալ իսկական: Գիտակցեք, թե ձեր կերպարում որն է դիմակ (երբեմն դա այդքան էլ հեշտ չէ), հասկացեք, թե ինչու եք հագել այդ դիմակը ու վերանայեք ինքներդ ձեր նկատմամբ ձեր վերաբերմունքը:
7. Փոխզիջումների գնալու ունակություն
Փոխզիջումների գնալու ունակությունը, իսկ ամենակարեւորը՝ այն փնտրելու ցանկությունը նշանակում է, որ մարդը պատրաստ է երկարատեւ ու երջանիկ հարաբերությունների: Իսկ եթե հակառակն է՝ միշտ ենթարկվում եք ու զիջում, ապա այդ հարաբերությունները շատ արագ կհոգնեցնեն ձեզ՝ երկար լռությունը կավարտվի պայթյունով ու դուք ինքներդ կխզեք նման հարաբերությունները: Ի՞նչ անել: Միշտ ձեզ պատկերացրեք մեկ ուրիշի վիճակում: Օրինակ դուք տանն եք աշխատում ու աշխատանքից հետո ուզում եք զբոսնել, որպեսզի մկանները բացեք, կամ չմուշկով սահել կամ էլ որեւէ ակտիվ սպորտով զբաղվել: Իսկ ձեր երկրորդ կեսը ամբողջ օրը ոտքի վրա է, ու նա առհասարակ չի ուզում որեւէ ակտիվ զբաղմունք՝ այն էլ երեկոյան ժամերին: Սկանդալների ու պարտադրանքի փոխարեն, փորձեք ձեզ պատկերացնել ձեր սիրելի մարդու հոգեվիճակում՝ դուք կուզեի՞ք որեւէ տեղ գնալ ամբողջ օրվա ակտիվ գործերից հետո: Հենց դուք ձեզ նրա տեղը դնեք, դուք կկարողանաք հանգստանալ ու փոխզիջումային լուծում գտնել:
8. Հոգատարություն
Գրեթե բոլորն էլ սիրում են, երբ իրենց մասին հոգ են տանում (իհարկե առանց ֆանատիզմի): Հոգատարության միջոցով կարելի է առանց խոսքերի ասել «ես քեզ սիրում եմ», «ես անտարբեր չեմ քո նկատմամբ»: Շեղել մարդու ուշադրությունը, երբ նա տխուր է, կամ հարցնել, թե ինչ է պատահել ու լսել նրա խնդիրները: Եթե մարդը հիվանդ է, հոգ տանել նրա մասին այնպես, ինչպես ծնողները կանեին: Նույնիսկ նրա սիրելի ուտելիքը գնել հենց այնպես, երբ ոչ ոք քեզ չի խնդրել այդ մասին: Ինչպե՞ս սովորել հոգ տանել ուրիշների մասին: Եթե դուք սովոր եք միայն ինքներդ ձեր մասին մտածել, ձեզ համար հեշտ չի լինի ուրիշների մասին հոգ տանելը: Բայց եթե դուք քնքշանքով եք վերաբերվում մեկ այլ մարդու, այդքան էլ բարդ չէ կռահել, թե ինչով կարող եք օգնել նրան ու ինչ անակնկալով ուրախացնել:
9. Հումորի զգացում
Ուրախ մարդկանց բոլորն են սիրում, նրանք լիցքավորում են դրական էներգիայով,անընդհատ ուզում ես նրանց կողքին լինել: Հումորի զգացում, առհասարակ, բոլորն ունեն, պարզապես այդ զգացումները հաճախ չեն համընկնում՝ տարբեր մարդկանց տարբեր բաներ են ծիծաղելի թվում: Դա արդեն պայմանավորված է դաստիարակությունով, շրջապատով ու այլ գործոններով: Ամեն դեպքում, հաճախ ժպտացող ու ի սրտե ծիծաղող մարդու հետ շատ ավելի հեշտ է շփվելը: Ինչպե՞ս զարգացնել հումորի զգացումը: Դա հնարավոր չէ եւ պետք էլ չէ: Դուք ունեք այն, պարզապես շատ հնարավոր է, որ դուք ամաչում եք կատակել ուրիշների ներկայությամբ կամ էլ ձեր հումորի զգացումը տարօրինակ եք համարում: Բայց դա այդքան էլ կարեւոր չէ՝ եթե դուք չամաչեք լինել այնպիսին, ինչպիսին կաք, մարդիկ էլ ձեզ կընդունեն այնպիսին, ինչպիսին դուք կաք:
10. Լինել ուժեղ
Սա գնահատելի հատկանիշ է ոչ միայն տղամարդկանց, այլեւ կանանց դեպքում: Ոչ ոք չի ուզում իր կողքին տեսնել թույլ, անկամ մարդու, որը չի կարողանում հաղթահարել իր խնդիրները, էլ ուր մնաց թե քեզ օգնի ու աջակցի դժվար իրավիճակում: Ներքին ուժը, սեփական խնդիրները լուծելու, մարդկանց վրա բարկությունը չթափելու, աջակցելու ու օգնելու ունակությունը շատ ավելի գնահատելի է, քան հաճելի արտաքինը: Ինչպե՞ս զարգացնել ներքին ուժ: Դա ինքնակատարելագործման երկար ճանապարհ է, երբ դուք որոշում եք այսուհետ չբողոքել խնդիրներից ու ընկալել դրանք որպես նպատակներ, որոնք պետք է կատարել:
Գիտակցում եք ձեր վախերը ու պայքարում դրանց դեմ, ինքներդ ձեզ հաղթահարում՝ նպատակին հասնելու համար եւ շատ այլ բաներ: Հաստատ մեզանից յուրաքանչյուրը ուժեղ մարդու ի՛ր պատկերացումը ունի, որին էլ հենց պետք է ձգտի: