Դիոգենեսյան լապտերով փնտրված հայոց երգի սոխակը. նա իր արվեստով հռչակեց և՛ իրեն, և՛ իր ժողովրդին
Advertisement 1000 x 90

Դիոգենեսյան լապտերով փնտրված հայոց երգի սոխակը. նա իր արվեստով հռչակեց և՛ իրեն, և՛ իր ժողովրդին

«Նման տիտաններ, ինչպիսին Գոհար Գասպարյանն է, ծնվում են հարյուր տարին մեկ: Համաշխարհային դասականների ամենաբարդ գործերը, որոնք, թվում է, անհնար է կատարել, գասպարյանական մեկնաբանությամբ նոր կյանք են ստանում: Գոհարը վոկալային աստղ է, որ մի քանի համաստեղություն արժե…»:

Զարուհի ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Հայ հանճարի հունդերից մեկն էլ եգիպտական անապատներն օազիսող Նեղոսի ափին էր աչքերը բացելու, որ հետագայում ճաճանչեր որպես օպերային երգարվեստի մեգաաստղ՝ Գոհար Գասպարյան անուն-ազգանունով:

Իսկ նրա վաղաժամ ծնունդը տագնապելու տեղիք էր տալու ծնողներին՝ ֆլեյտային տիրապետող Միքայել հորը, որ եղել էր Կոմիտասի սաներից, մորը՝ հայոց լեզվի ուսուցչուհի Արուսյակին, Խաչատրյանների ընտանիքի մյուս անդամներին ու հարազատներին: Բանն այն է, որ այն ժամանակների բժշկությունը դեռևս անկարող էր ապահովել անհաս նորածինների առողջությունը: «Չի ապրի, երեխան չափից շատ նվազ է ու թույլ»,- մորմոքում էին նրանք: Միակ հավատացողը տատն էր լինելու. «Կապրի ու բոլորիս հպարտությունը կդառնա»: Եվ նրա կանխազացումը երիցս էր ճշմարիտ, քանզի ճակատագիրը նորածնին ի ակզբանե առանձնակի առաքելություն էր վերապահել:

Իսկ ինչպե՞ս էին երգչուհու նախնիները հայտնվել Նեղոսի հովտում: Հետաքրքիր է եղելությունը. 19-րդ դարասկզբին բռնկված թուրք-եգիպտական առաջին պատերազմին եգիպտացի զորավար Մուհամմադ Ալին օսմանների դեմ պատերազմելով, հասնում է մինչև Խարբերդ, Չնքուշ գյուղ: Եգիպտացիների բանակում սկսվում է տիֆի համաճարակ: Ալիի զորքին օգնության է հասնում տեղացի մեծահարուստ Խաչատուր էֆենդիի տղաներից մեկը՝ Գերմանիայում ուսանած, երիտասարդ բժիշկ Միշել Խաչատրյանը՝ Գոհար Գասպարյանի հոր պապը: Նա կարողանում է բուժել վարակված զինվորներին: Հաշտության պայմանագրի կնքումից հետո եգիպտական բանակը վերադառնում է հայրենիք: Երախտագետ Մուհամմադ Ալին ցանկանում է հատուցել երիտասարդ հայ բժշկին` մատուցած ծառայությունների դիմաց: Բժիշկը հրաժարվում է՝ փոխարենը խնդրելով իրեն և իր ընտանիքը իրենց հետ տանել Եգիպտոս: Հասնելով Կահիրե, նա ծառայության է անցնում որպես պալատական բժիշկ և ամուսնանում սուլթան Հուսեյնի քրոջ՝ Ջավհարի հետ: Այդուհետ վերընձյուղվում է Խարբերդից եկած Խաչատրյանների տոհմաճյուղը եգիպտական բարեբեր հողում: Գոհար Գասպարյանի մանկությունն անցնում է Նեղոսի ափամերձ Շարկիա գյուղաքաղաքի հենց այն տանը, որը սուլթան Հուսեյնը կառուցել էր քրոջ համար և որպես օժիտ տվել 30 ուղտ: Եռահարկ շքեղ տունը՝ իր 100 հեկտար կալվածքով, բամբակի պլանտացիաներով, 200-ի հասնող ծառաներով ու բանվորներով, տպավորվելու էր երգչուհու մանկական հիշողություններում…

Դեռ տասը չբոլորած` երաժշտասեր ընտանիքում ծնված աղջնակը սկսում է երգել Կահիրեի հայոց եկեղեցում, իսկ նախնական կրթությունն ստացել էր՝ հաճախելով Գալուստյան ազգային վարժարան, այնուհետև սովորել Կահիրեի երաժշտական ակադեմիայում: Տակավին 16 տարեկան ուսանողուհի՝ ելույթներ է ունենում մայրաքաղաքային բեմերում, երգում Եգիպտոսի ռադիոյում՝ որպես մեներգիչ: Եվ սա այն դեպքում, երբ, ըստ ռադիոյի կանոնադրության, այդպիսի շնորհ արվում էր միայն մահմեդականներին: Գոհարի հանդեպ վերաբերմունքը բացառություն էր:

1948 թվական. 24-ամյա երգչուհին հրավեր է ստանում Միլանի աշխարհահռչակ «Լա Սկալա» օպերային թատրոնից: Թվում էր, թե ցնծությամբ կընդունվի նման առաջարկը, սակայն նա ոչ միայն մերժում, այլև նույն թվականին ճանապարհ է բռնում դեպի մայր հայրենիք: Մեկ տարի անց Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի է: Իսկ առաջին բեմելը այս թատրոնում նշանավորվում է Լակմեի դերերգով՝ համանուն օպերայից, որին հաջորդելու էին գլխավոր դերեր՝ 23 օպերաներում, իսկ երգացանկն ընդգրկել է ավելի քան 500 ստեղծագործություն: Հարուստ այդ երգացանկում տեղ են գտել հայ, ռուս, արևմտաեվրոպացի կոմպոզիտորների մեծակտավ և փոքրածավալ գործեր, հոգևոր ու ժողովրդական երգեր: Սքանչանալով երգչուհու շքեղ ձայնով Ավետիք Իսահակյանը պատկերավոր խոսքով էր բնութագրելու. «Թռչունները Գոհար Գասպարյանին սովորեցրել են երգել, իսկ նա թռչուններին՝ ծլվլալ…»:

Բացի երաժշտական իր արվեստում անառարկելի վարպետությունից, աշխարհի բեմերը նվաճած արվեստագետը տիրապետում էր բազմաթիվ լեզուների՝ իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն, անգլերեն: Գուցեև հենց դա էր պատճառը, որ նրա նաև օտարալեզու կատարումները նույնքան անկեղծ էին ու ամենուր հասու մարդկային հոգիներին: «Դիոգենեսյան լապտերով փնտրված արվեստագետներից է մեր Գոհարը՝ իր անվան նման թանկ ու նվիրական,- ժամանակների պաստառին մագաղաթելու էր հայ վրձնի նահապետը՝ Մարտիրոս Սարյանը:- Ծնվեց ճիշտ ժամանակին, որպեսզի իր «Կռունկով» ու «Ծիծեռնակով», «Մայր Արաքսով» ու «Անտունիով» հռչակեր և՛ իրեն, և՛ իր ժողովրդին…»: Եվ հռչակեց ու փառավորեց երկուսին էլ: Փառավորեց ո՛չ միայն դրանցով:

Ասենք, որ Գոհար Գասպարյանը հայրենիք էր վերադարձել իր առաջին ամուսնու՝ բանասեր Հայկ Գասպարյանի հետ: 1949-ին այստեղ էր ծնվել նրանց Սեդա դուստրը: 1956-ին ամուսինները բաժանվում են: Նույն թվականին նրա բախտը խաչաձևվում է հայ օպերային արվեստի մեկ այլ երախտավորի՝ Տիգրան Լևոնյանի հետ, ով Գոհարից փոքր էր 12 տարով: Բայց դա չէր խանգարելու, որ նրանք համատեղ ապրեին ստեղծագործական բարեբեր ու ընտանեկան գորովով առլեցուն ամբողջ մի կյանք:

Ի դեպ, վաստակաբեռն ամուսինները նույն օրվա ծնվածներ էին, որ եկան ու դեպի անմահություն գնացին՝ հայ օպերային արվեստի երկնակամարում թողնելով առանձնացող ու անխամրելի իրեց հետագիծը…