Մարդու օրգանիզմի աշխատանքի համար էական նշանակություն ունի սելենը։ Այս նյութի պակասը կարող է հանգեցնել լուրջ հիվանդությունների: ՌԻԱ Նովոստիի hետ զրույցում տեղեկությունը հայտնել է բժիշկ-սննդաբան Իրինա Ռիլը։
Մասնագետի խոսքով՝ սելենը հզոր հակաօքսիդանտ է։ Այս նյութը կարող է կանխել ԴՆԹ-ի վնասվելը, այն ամրացնում է իմունային համակարգն ու ոչնչացնում քաղցկեղի բջիջները։ Բացի այդ, սելենն օգնում է վերացնել բորբոքային գործընթացները։
Ըստ հետազոտությունների արդյունքների՝ սրտի իշեմիկ հիվանդությունը հիմնականում պայմանավորված է հենց արյան մեջ սելենի ցածր մակարդակով։ Իսկ ազատ ռադիկալների տեսությունը դա հաստատում է։
«Օրգանիզմում սելենի անբավարարությունը կարող է հանգեցնել այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են աուտոիմուն թիրեոիդիտն ու հիպոթիրեոզը։ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ սելենի կրիտիկական ցածր մակարդակ է հայտնաբերվում։ Իսկ դրա թերապևտիկ դեղաչափով օգտագործելը թույլ է տալիս բարելավել իրավիճակը», – պարզաբանել է բժիշկը։
Նա ավելացրել է, որ սելենը մկնդեղի անտագոնիստն է, այն պաշտպանում է օրգանիզմը կադմիումի, կապարի, թալիումի, սնդիկի ազդեցությունից:
Սելենի մեկ այլ առավելությունն էլ C ու E վիտամիններն իրենց ակտիվ վիճակում վերաակտիվացնելու ունակությունն է, ուստի սելենը, C ու E վիտամինները, ինչպես նաև ցինկը միաժամանակ ընդունելու դեպքում լավ համադրվում են՝ ուժեղացնելով միմյանց ազդեցությունը:
Սննդաբանը հիշեցրել է, որ սելենով հարուստ են բրազիլական ընկույզը, ոստրեները, ծովամթերքը, ձուն, սարդինա ձուկը: