Այսօր, նոր ծանոթություն ստեղծելը դարձել է ավելի հեշտ․ Դուք կարող եք դիմել ինչպես ապացուցված մեթոդների (օրինակ, գտնել զուգընկեր ՝ ընդհանուր ընկերների միջոցով կինո գնալու համար), ինչպես նաև օգտվել ժամանակակից տեխնոլոգիաներից և գրանցվել ծանոթությունների կայքում։ Սակայն հավանած հավակնորդի հետ հարաբերություններ սկսելն այնքան էլ հեշտ չէ, որքան նրա հետ ծանոթություն ունենալը։ Հոգեբան Ելենա Յարիկովայի հետ փորձենք հասկանալ, թե որ նշաններ են ցույց տալիս, որ առաջին հանդիպումը պետք է լինի վերջինը (եւ ինչո՞ւ):
Գռեհիկ կատակներ
Անկեղծ խոսակցությունները սեքսի մասին, գռեհիկ կատակներն ու ինտիմ փորձի մասին պատմությունները առաջին ժամադրության ժամանակ ոչ միայն մակերեսային վերաբերմունքի և անլուրջ մտադրությունների նշան են, այլ նաև մարդու անդաստիարակության նշան: Եթե հանդիպումն, ի սկզբանե, նախատեսված չէր բացառապես սեքսի համար, խոսակցությունը տանել էրոտիկ հուն՝ տգեղ վարքագիծ է։ Իհարկե, մի քանի ակնարկները եւ անվնաս ֆլիրտը հակացուցված չեն սիրավեպի շարունակման համար, բայց մյուս դեպքերում արժե մտածել, թե արդյոք պետք է նշանակել այս թեկնածուի հետ երկրորդ ժամադրությունը:
Կյանքի վերաբերյալ տարբեր տեսակետներ, տարբեր նպատակներ եւ խնդիրներ
Դուք գնել եք մեքենա եւ խնայում եք բնակարան գնելու համար, իսկ նա երթեւեկում է մետրոյով եւ հարմարավետ ապրում է ծնողների հետ, ակտիվորեն օգտագործելով նրանց ֆինանսական օգնությունը: Նա չի սիրում ոչ մի տեղ գնալ, իսկ դուք ճանապարհորդում առնվազն երեք անգամ տարեկան։ Դուք խոսում եք զուգընկերների իրավահավասարության և փոխադարձ հարաբերությունների զարգացման հնարավորության մասին, իսկ նա ասում է, որ կինը պետք է տանը նստի երեխաների հետ և կերակուր պատրաստի։ Մի ծախսեք ինչպես ձեր, այնպես էլ նրա ժամանակը՝ նման իրավիճակներում հարաբերությունների շարունակությունը գրեթե անհնար է, իսկ ջանքեր գործադրել, անշուշտ, չարժա։
Ձեր նկատմամբ ագրեսիա
Սեփական մտքերն ու հույզերը հանգիստ արտահայտելու անկարողությունը, սպասված արդյունքի բացակայության պատճառով բարկանալու սովորությունը, կոպտությունը, վեճը ագրեսիվ ձեւով վարելը՝ սրանք բոլորը ցածր ինքնագնահատականի, հոգեկան խնդիրների եւ հաղորդակցման հմտությունների բացակայության նշաններն են:
Բացասական կարծիքներ ծնողների (նախկին ընկերուհու) ընկերների մասին
Միշտ չէ, որ առաջին ժամադրության ժամանակ խոսքը կարող է գնալ ծնողների մասին, բայց, որպես կանոն, մարդիկ, ովքեր ճանաչում են միմյանց, այսպես թե այնպես անդրադառնում են մանկությանը եւ մերձավոր շրջապատին: Իհարկե, մեզանից յուրաքանչյուրը կարող է դժվարություններ ունենալ մայրիկի եւ հայրիկի հետ շփվելու հարցում, սակայն ծնողների հասցեին ծայրահեղ բացասական արտահայտությունները առաջին ժամադրության ժամանակ ցույց են տալիս, որ ձեր զրուցակիցը ունի չմշակված վերքեր, դժգոհություններ եւ ընտանիքի հետ կապված այլ խնդիրներ, որոնք լուծում են պահանջում: Լավագույն դեպքում դուք կդառնաք այնպիսի մարդու համար «ուս», որի վրա միշտ հարմար է լաց լինել, իսկ վատագույն դեպքում’ նրա զայրույթը եւ ագրեսիան շուտով կկենտրոնանա ձեզ վրա:
Նույնը վերաբերում է նախկին ընկերուհու կամ կնոջ, ինչպես նաեւ ընկերների հասցեին հնչող քննադատությանը, եթե ձեր զրուցակիցը չափազանց կենտրոնացած է անցյալի խնդիրների վրա, նա հաստատ պատրաստ չէ իր կյանքում նոր էջին:
Բացասականի վրա կենտրոնացում
Այս կետում կարելի է ներգրավել ընդհանուր նշաններ, որ ժամադրությունը չի գնում այնպես, ինչպես պետք է․ Եթե տղամարդը սկզբունքորեն բացասական նոտա է վերցնում, իսկ նրա խոսակցության մեջ գերակշռում են պահանջները, կոպտությունը, դժգոհությունը մարդկանց եւ հանգամանքների հանդեպ, այլ ոչ թե խաղաղ դիրքորոշումը եւ հարգանքը շրջապատի նկատմամբ, չպետք է շարունակել շփումը: Մեզանից յուրաքանչյուրն ունի իր բացասական բեռը անցյալից, բայց ոչ բոլորն են «դուրս թափում» այն առաջին ժամադրության ժամանակ։ Դա վատ նշան է և պատճառ՝ ընդմիշտ մոռանալու այդ մարդու մասին։
Աղբյուր` Փաստինֆո