Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ անցած տարիներին շաքարային դիաբետը աշխարհում մահացության իններորդ հիմնական պատճառն էր։ Միայն 2019 թվականին այս հիվանդության հետևանքով աշխարհում մահացել է շուրջ 1,5 միլիոն մարդ։ Շաքարախտը քրոնիկ հիվանդություն է, որը զարգանում է, երբ ենթաստամոքսային գեղձը չի արտադրում բավարար ինսուլին կամ երբ մարմինը չի կարողանում արդյունավետ օգտագործել իր արտադրած ինսուլինը: Ինսուլինը ենթաստամոքսային գեղձի կողմից արտադրվող հորմոն է, որը կարգավորում է արյան մեջ գլյուկոզի մակարդակը։
Մինչև 1922 թվականի հունվարի 23-ը շաքարախտը համարվում էր անբուժելի հիվանդություն, որի հետևանքով յուրաքանչյուր տարի հարյուր հազարավոր մարդիկ էին մահանում։ Հիվանդների կյանքը գոնե մի փոքր երկարացնելու համար բժիշկները ծոմ են նշանակել, ինչի պատճառով նրանք զգալիորեն նիհարել են ու սարսափելի տեսք ստացել։ Ամեն ինչ փոխվեց միայն կանադացի բժիշկ Ֆրեդերիկ Բանտինգի շնորհիվ, ով ենթաստամոքսային գեղձի աշխատանքի վերաբերյալ գրականությունն ուսումնասիրելու ընթացքում հանդիպեց մի հետաքրքիր պատմության. այն ժամանակ գիտնականներն արդեն գիտեին, որ շաքարային դիաբետը առաջանում է ենթաստամոքսային գեղձի գործունեության խափանման հետևանքով։ Այս օրգանի հեռացումը հավասարազոր էր մարդու մոտալուտ մահվան։ Բայց բժշկական փաստաթղթերից մեկը պատմում էր մի հիվանդի մասին, ով ողջ է մնացել նույնիսկ ծորանների անգործունակության դեպքում, որոնք պատասխանատու են ենթաստամոքսային գեղձից հորմոնների փոխանցման համար։ Հենց այդ ժամանակ Ֆրեդերիկ Բանտինգը հասկացավ, որ ինսուլինի արտադրության համար պատասխանատու է ոչ թե ենթաստամոքսային գեղձը, այլ, այսպես կոչված, Լանգերհանսի կղզյակները (1869 թվականին գերմանացի ուսանող Պ. Լանգերհանսը մանրադիտակով ենթաստամոքսային գեղձի ուսումնասիրման ժամանակ հայտնաբերեց նախկինում անհայտ մարմնիկներ՝ կղզյակներ, որոնք հետագայում անվանվեցին հայտնաբերողի անունով։ Այդ ժամանակ դրանց ֆունկցիաները դեռ անհայտ էին)։
Վարկածը ստուգելու համար նա փորձարկումներ է իրականացնում շների վրա։ Բանտինգը փակում է շան ենթաստամոքսային գեղձի արյունատար ծորանը, որպեսզի օրգանը ատրոֆի ենթարկվի, բայց, միևնույն ժամանակ, Լանգերհանսի կղզյակները առողջ մնան։ Փորձը միանգամից չի հաջողվել, քանի որ գիտնականների անփորձության պատճառով շները սատկել են արյան կորստից կամ վարակվելուց։ Բայց, ի վերջո, նրանք հասան իրենց նպատակին և Լանգերհանսի կղզյակներից հանեցին ինսուլին, որը հետագայում ներարկեցին շան օրգանիզմ: Ինչպես և սպասվում էր, շաքարային դիաբետի ախտանիշներն անհետացան։
Ավելի մանրամասն՝ ita.am