Արտասովոր թերապիա. ինչպես են Պռոշյանում բուժում հոգեբանական խնդիրներ ունեցող տղաներին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Արտասովոր թերապիա. ինչպես են Պռոշյանում բուժում հոգեբանական խնդիրներ ունեցող տղաներին. armeniasputnik.am

3D վիրտուալ իրականության սարքավորումների (VR – virtual reality), թերապևտիկ ծրագրերի և տարբեր հոգեբանական ծառայությունների միջոցով Ազգային հերոս, հատուկջոկատայինների հրամանատար, 44-օրյա պատերազմում զոհված Վահագն Ասատրյանի անվան «Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնում Արցախյան 44-օրյա պատերազմի ավելի քան 50 մասնակից է արդեն բուժում ստանում։

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում գործող կենտրոնի հիմնադիր Սուրեն Արեենցը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց, որ կենտրոնում ամեն ինչ հարմարեցված է հենաշարժողական խնդիրներ ունեցող տղաների համար։

Հերոսների վերականգնողական քաղաքը՝ նաև սոցիալական վայր

«Կենտրոնն այս պահին կարող է օգնություն տրամադրել 150 հոգու, սակայն միտում ունենք ստեղծելու ստացիոնար բուժման բաժանմունք ու այնտեղ էլ ծառայություններ մատուցել։ Նրանց համար սենյակները կլինեն հյուրանոցային ոճով՝ մեկտեղանոց, ոչ հիվանդանոցային մահճակալներով։ Տարածքում կա հացատուն, որը նույնպես բուժական, ինչպես նաև սոցիալական վայր է լինելու։ Այստեղ կկարողանան աշխատել մեր զոհված զինծառայողների ընտանիքիների անդամներն ու պատերազմի մասնակիցները»,- ասաց Արեենցը։

Նախատեսվում է, որ հացատանը նույնպես շփումներ կլինեն հոգեբանների հետ, արդեն ավելի անմիջական միջավայրում։ Արեենցի խոսքով՝ միայն Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով հոգեբանական ու հոգեկան խնդիր ունեցող 12 հազար տղա կա։

Մինչև տարեվերջ կավարտվի կենտրոնի ևս մի քանի հատվածի կառուցումը։

Թվային տեխնոլոգիաները` որպես բուժման մի մաս

Ներկա պահին գործում է մի քանի բաժին, որոնցից մեկն Ապրիլյան պատերազմի մասնակից, զոհված հերոս Քյարամ Սլոյանի անվան 3D վախերի կառավարման սենյակն է։ Արեենցը նշեց, որ անվան վերաբերյալ որոշումը կայացվել է, քանի որ Քյարամը համարվում է վախի դեմ պայքարողի խորհրդանիշ. Նա Ապրիլյան պատերազմի ժամանակ միայնակ կռվել է շուրջ 20 հոգու դեմ։

Այստեղ տղաների հետ աշխատանքներ են տարվում ժամանակակից սարքերի միջոցով. 3D վիրտուալ իրականության սարքավորման շնորհիվ հոգեբանական խնդիրներ ունեցող տղաների համար ստեղծում են այնպիսի միջավայր, որի ժամանակ նա վախեր է ունեցել, որպեսզի փորձեն հաղթահարել դրանք։

Հոգեբանական շտապօգնություն

Հնարավոր է` առաջիկայում կենտրոնին կից գործի նաև «հոգեբանական շտապօգնություն» ծառայությունը։ Մեքենան մի քանի շաբաթ կշրջի մարզերում, ու մասնագետները դիագնոստիկա կանեն։

«Աշխատանքներ ենք տանում նաև Արցախի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում բաժին ունենալու համար, որպեսզի հոգեբանական ծառայությունները մեր կենտրոնն իրականացնի։ Հիմա սարքավորումները ձեռք բերելու գործընթաց է տարվում»,- ասաց կենտրոնի հիմնադիրը։

Նա նաև շեշտեց, որ Ամարասի վանական համալիրում էլ են ծառայություններ մատուցելու, աշխատանքները շուտով կսկսվեն։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am