Օրգանիզմում վիտամին D-ի ցածր մակարդակը կապված է ոչ միայն SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակվելու ավելի մեծ ռիսկի հետ, այլեւ բարդությունների եւ մահվան ավելի մեծ հավանականության հետ: Այս մասին հաղորդվում է իսրայելցի գիտնականների նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Plos ONE ամսագրում։
Գիտնականներն իրականացրել են ռետրոսպեկտիվ հետազոտություն, որպեսզի հասկանան, թե ինչպես է մինչ վարակը պլազմայում 25-հիդրօքսիվիտամին D-ի մակարդակը ազդում COVID-19-ի ծանրության եւ մահացության վրա: Նրանք վերլուծել են 1176 պացիենտների հիվանդության պատմությունները, որոնց SARS-CoV-2-ի ՊՇՌ թեստը դրական է եղել: Հետազոտողները 14-730 օր վերահսկել են 25(OH)D մակարդակները, մինչեւ ՊՇՌ թեստի դրական պատասխան ստանալը:
Պացիենտներին բաժանել են մի քանի խմբերի՝ կախված հիվանդության ծանրությունից եւ 25(OH)D մակարդակից (դեֆիցիտային, անբավարար, ադեկվատ եւ բարձր մակարդակ): Վիտամինի մակարդակի եւ COVID-19-ի ծանրության միջեւ կապը որոշվել է ռեգրեսիոն անալիզի միջոցով:
Վիտամին D-ի ցածր մակարդակ ունեցող պացիենտների մոտ ավելի ուշ դիտարկվել է հիվանդության ծանր կամ կրիտիկական ընթացք (87,4%): Իսկ թեթեւ եւ միջին ծանրության վարակով մարդկանց մոտ այս վիտամինի պակաս հազվադեպ է եղել (34,3%): Վիտամին D-ի դեֆիցիտով պացիենտները (20 նանոգրամ/մլ-ից պակաս) 14 անգամ ավելի հաճախ են տառապել COVID-19-ի ծանր կամ կրիտիկական ընթացքից, քան վիտամինի 40 նանոգրամ/մլ մակարդակ ունեցողները:
Թեեւ ռետրոսպեկտիվ հետազոտությունը չի կարող միանշանակ վկայել պատճառահետեւանքային կապի մասին, դրա արդյունքները հաստատում են այն վարկածը, որ վիտամին D-ն կարող է պաշտպանել կորոնավիրուսային վարակի ծանր ձեւերից: Բացի այդ, հայտնի է, որ վիտամինի շատ ցածր մակարդակը բնորոշ է ռիսկի խմբում գտնվող այն մարդկանց, ովքեր, օրինակ, շաքարախտ, ճարպակալում, հիպերտոնիա ունեն, ինչպես նաեւ ծխում են եւ նստակյաց կենսակերպ են վարում։ Վիտամին D-ն նաեւ կարեւոր է թոքերի առողջության եւ արյան մակարդելիության կարգավորման համար, որոնք խախտվում են COVID-19-ի դեպքում: