Կորոնավիրուսով վարակվելուց հետո մեկ տարվա ընթացքում մարդու մոտ մեծանում է հոգեկան տարբեր խանգարումների, այդ թվում տագնապի, դեպրեսիայի առաջացման, քնի խանգարման եւ հոգեմետ դեղերի օգտագործման հավանականությունը։
Հետազոտությունների համաձայն՝ COVID-19-ով հիվանդացածների մոտ 20 տոկոսը ունենում է հոգեբանական եւ նյարդաբանական տարբեր բարդություններ, այսպես կոչված, հետքովիդային համախտանիշի շրջանակում։ Ամենից հաճախ հանդիպող հետեւանքներից են դեպրեսիան, տագնապայնությունը, խուճապայնությունը, իշեմիկ կաթվածները եւ անգամ ուղեղի արնազեղումները։
Նոր հետազոտության ընթացքում ամերիկացի գիտնականները գնահատել են հոգեկան առողջության վրա կորոնավիրուսային վարակի հետեւանքները՝ տագնապայնությունը, դեպրեսիվ վիճակը, սթրեսային խանգարումները՝ կապված հոգեմետ նյութերի օգտագործման հետ, նեյրոկոգնիտիվ գործառույթների նվազումը եւ քնի խանգարումը։
Պարզվել է, որ COVID-19-ից հետո մարդկանց մոտ մեկ տարվա ընթացքում ցանկացած հոգեկան խանգարման վտանգն ավելի է եղել 60 տոկոսով՝ այն մարդկանց համեմատ, որոնք կորոնավիրուսով չեն հիվանդացել։