Մեկ րոպեում 100 զարկը գերազանցող զարկերակը, հուզմունքի բացակայության դեպքում, կարող է լուրջ վտանգ ներկայացնել, հավաստիացնում է թերապեւտ Միխայիլ Կոբրյանովը (Ռուսաստան)։
Ինչպես տեղեկացնում է «Պրայմը», եթե հաճախասրտություն ունեք, ցանկալի է բուժզննում անցնել պատճառներն իմանալու համար։ Մասնագետի խոսքով՝ նման խնդիրների դեպքում կատարում են էլեկտրասրտագրում (ԷԿԳ)։ Պետք է կատարվի նաեւ մեկօրյա մոնիթորինգ ըստ Հոլթերի եւ խորհրդակցություն սրտաբանի հետ՝ բուժզննման արդյունքները քննարկելու համար։
Եթե հաճախասրտության ժամանակ պացիենտն ուշաթափվում է կամ նրա մոտ նկատվում է ուշաթափությանը մոտ վիճակ, նրան խորհուրդ են տալիս հոսպիտալացվել։ Մարդու աչքերի առջեւ կարող է մթագնել, նա կարող է զգալ թուլություն, գլխապտույտ, ունենալ սառը քրտինք։
Սրտաբան Յուրի Կոնեւը «Հինգերորդ ալիքի» հարցազրույցում նշել է, որ եթե հանգիստ վիճակում զարկերակը մեկ րոպեում գերազանցում է 90 հարվածը՝ չնվազելով ավելի քան 30-60 րոպեում, ապա դա կարող է մատնանշել սրտի խնդիրների մասին։
Հաճախասրտության պատճառները հաճախ կախված են մարդու տարիքից. երիտասարդ տարիքում այն սովորաբար կապված է նյարդային համակարգի հետ, իսկ տարեց հասակում՝ սրտի գործունեության խախտումների։
Նորմալ է համարվում այն վիճակը, երբ սրտի ավելի քան 90 զարկը մեկ րոպեում առաջ է գալիս ֆիզիկական ծանրաբեռնվածությունների ժամանակ եւ իջնում է հանգստանալիս։ Եթե հանգստի վիճակում զարկերակը շարունակում է բարձր մնալ, մեծ է հաճախասրտության առկայության հավանականությունը, որի դեպքում պետք է դիմել մասնագետի։
Իսկ շտապօգնություն կանչել խորհուրդ է տրվում այն ժամանակ, երբ սրտի զարկերի հաճախականությունը մեկ րոպեում հնարավոր չի լինում որոշել կամ գերազանցում է 150 հարվածը։