Քաղցկեղն ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, որը տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում։ Սա այն հիվանդություններից է, որոնց վաղ ախտորոշումը բարձրացնում է բարեհաջող բուժման հավանականությունը, սակայն խնդիրը ժամանակին հայտնաբերելու համար հարկավոր է առաջին հերթին ուշադրություն դարձնել դրա մասին հուշող ախտանշաններին, որոնք մարդիկ հաճախ են անտեսում կամ վերագրում այլ խնդիրներին։
Կան քաղցկեղի որոշ տեսակներ, որոնք կարելի է ախտորոշել արտաքին դրսևորումների, օրինակ՝ մաշկի որոշակի հատվածների պնդացումների, նոր խալերի առաջացման կամ քաշի կտրուկ կորստի միջոցով, սակայն կան նաև այնպիսինները, որոնք չեն դրսևորվում խիստ ակնհայտ ախտանշանով, ուստի դրանք ժամանակին հայտնաբերելը բավական դժվար է լինում։ Քաղցկեղի նման տեսակներից մեկը կարող է լինել կոկորդի քաղցկեղը, որը կարող է շատ երկար ժամանակ զարգանալ՝ շարունակելով մնալ աննկատ։
Հիվանդության ախտանշանները
Բրիտանական Cancer Research UK կազմակերպության մասնագետները ներկայացրել են այն ախտանշանները, որոնք կարող են ի հայտ գալ կոկորդի քաղցկեղի դեպքում՝ օգնելով օր առաջ ախտորոշել խնդիրն ու սկսել բուժումը։
Գիտնականների խոսքով՝ այս հիվանդության մասին հուշող հիմնական ախտանշաններից մեկը ձայնի խռպոտությունն է, որը պահպանվում է ավելի քան երեք շաբաթ։ Մյուս ախտանշանների շարքին են դասվում կլման դժվարացումը, ցավը կլման ընթացքում, ինչպես նաև պարանոցի այտուցվածությունը, որը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։
«Կոկորդի քաղցկեղի կարող է դառնալ նաև տևական հազի կամ հևոցի, կոկորդի կամ ականջի մշտական ցավի պատճառ։ Ոմանց մոտ նկատվում է նաև բերանի խոռոչի տհաճ հոտ, քաշի ակամա կորուստ և հոգնածություն», – հավելել են բժիշկները։
Հիվանդության զարգացմանը նպաստող գործոնները
Մասնագետների խոսքով՝ կոկորդի չարորակ ուռուցքը զարգանում է բջիջների անվերահսկելի աճի և կուտակման հետևանքով, իսկ որոշակի գործոնների ազդեցությունը միայն էլ ավելի է մեծացնում բջջային այդ անոմալ աճի հավանականությունը։ Հիվանդության զարգացմանը նպաստող առանցքային գործոններն են համարվում ալկոհոլի և ծխախոտի գործածությունը, ուստի զարմանալի չէ, որ որքան շատ է մարդն ալկոհոլ ու ծխախոտ օգտագործում, այնքան մեծ է լինում նման խնդրի զարգացման վտանգը։
Բացի այդ, կոկորդի քաղցկեղի զարգացման հավանականության բարձրացմանն է նպաստում նաև սննդակարգում մեծ քանակությամբ կարմիր մսի, վերամշակում անցած մթերքի և տապակած մթերքի ներառումն ու մրգերի ու բանջարեղենի անբավարար գործածությունը։
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru