ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով նոր կարգավորումներ են սահմանվել արձակուրդի տրամադրման ժամկետների հետ կապված: Գործող աշխատանքային օրենսգրքով կա հստակ կարգավորում, որ ամենամյա արձակուրդը կարող է տեղափոխվել առավելագույնը 18 ամիս, այն էլ աշխատողի նախաձեռնությամբ կամ համաձայնությամբ: Լինում են դեպքեր, որ նշված ժամկետից ավելիի դեպքում էլ աշխատողը արձակուրդի հնարավորություն չի ստանում: Ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշեց, մի կողմից ստացվում է, որ օրենսդրությամբ կա կարգավորում, սակայն իրականությունն այլ է: Խնդիրը լուծելու համար նոր փոփոխություններով առաջարկվում է գործատուին տուգանել:
«Մենք առաջարկել ենք հետևյալը: Եթե գործատուն 18 ամիս հետո շարունակի կրկին չտրամադրել ամենամյա արձակուրդը, ապա կտուգանվի 0,15 տոկոսի չափով՝ հաշվարկը կատարելով միջին ամսական աշխատավարձից: Ամեն դեպքում, համաչափության սկզբունքը պահելու համար հավելյալ իրավունքներ ենք նախատեսել նաև գործատուների համար: Մի պարզ պատճառով ենք դա արել, որովհետև միշտ չէ, որ գործատուի կողմից ամենամյա արձակուրդ չտրամադրելը հենց ուղիղ գործատուի մեղավորությունն է: Շատ դեպքերում գործատուն չի տրամադրում, որովհետև աշխատողն ամենամյա արձակուրդի գնալու դիմում չի գրում: Մենք նախագծով առաջարկում ենք, որ եթե ամենամյա արձակուրդը տեղափոխելուց հետո 18 ամիս անց ևս աշխատողն արձակուրդ գնալու դիմում չի գրում, ապա գործատուն այլևս կարող է չսպասել դիմումին և իր հրամանով ուղարկել արձակուրդ»,-ասաց Ժորա Սարգսյանն՝ ընդգծելով, որ այս փոփոխությունների նպատակն է ապահովել աշխատողի հանգստի իրավունքը:
Աշխատանքային օրենսդրությունը միայն տարածվում է աշխատողների վրա, որոնք ունեն աշխատանքային պայմանագիր: Եթե կնքված է քաղաքացիաիրավական ծառայության պայմանագիր, ապա տվյալ դեպքում անձը համարվում է ծառայություն մատուցող, ոչ թե աշխատող և նրա վրա աշխատանքային օրենսդրությունը չի տարածվում: