Կալիֆորնիայի համալսարանի Սան Դիեգոյի բժշկական դպրոցի (ԱՄՆ) գիտնականներն ուսումնասիրել են էլեկտրոնային ծխախոտի բացասական ազդեցությունն ուղեղի, սրտի, թոքերի եւ հաստ աղիքի առողջության վրա։ Հետազոտությունը, որի արդյունքները նկարագրվել են eLife ամսագրում, ցույց է տվել, որ վեյփերը նպաստում են բորբոքային պրոցեսների զարգացմանն այդ օրգաններում։
Հետազոտության շրջանակներում լաբորատոր մկներին ենթարկել է JUUL էլեկտրոնային ծխախոտների գոլորշու ազդեցության, ընդ որում, գիտնականներն օգտագործել են մի քանի ամենահայտնի համերը, այդ թվում՝ անանուխը եւ մանգոն: Այնուհետեւ մասնագետներն ուսումնասիրել են բորբոքման նշաններն ամբողջ օրգանիզմում: Պարզվել է, որ ամենաուժեղ փոփոխությունները տեղի են ունեցել փորձարկվող մկների ուղեղում. այնտեղ աճ է գրանցել բորբոքման համար պատասխանատու մի քանի մարկեր։
Արդյունքներն անհանգստացրել են մասնագետներին, քանի որ բորբոքում է նկատվել ուղեղի այն հատվածներում, որոնք պատասխանատու են անհանգստության, դեպրեսիայի եւ կախվածություն առաջացնող վարքի համար, ինչը կարող է կախվածության սրման եւ պսիխոակտիվ նյութերի օգտագործման հանգեցնել:
Գիտնականները նաեւ բորբոքային գործոնների դրսեւորում են հայտնաբերել փորձարկվողների հաստ աղիքներում, հատկապես՝ էլեկտրոնային ծխախոտ ազդեցությանը մեկ ամիս ենթարկվելուց հետո, ինչը վկայում է աղեստամոքսային բազմաթիվ հիվանդությունների զարգացման ռիսկի մասին:
Սրտի հատվածում գիտնականները բորբոքային մարկերների նվազում են նկատել, սակայն խնդիրն այն է, որ սրտի իմունոսուպրեսիվ վիճակը կարող է սրտի հյուսվածքն ավելի խոցելի դարձնել վարակի համար:
Փորձարարական մկների թոքերում գիտնականները հյուսվածքների բորբոքման նշաններ չեն հայտնաբերել, սակայն նմուշներում բազմաթիվ փոփոխություններ են նկատվել գեների արտահայտման մեջ, ինչը թոքերի առողջության վրա էլեկտրոնային ծխախոտի երկարաժամկետ ազդեցության հետագա ուսումնասիրություն է պահանջում:
Հետազոտողները նաեւ պարզել են, որ յուրաքանչյուր օրգանի բորբոքային արձագանք տարբեր է՝ կախված էլեկտրոնային ծխախոտի համից: Օրինակ, անանուխի աերոզոլներ ներշնչած մկները բակտերիալ թոքաբորբի նկատմամբ շատ ավելի զգայուն սիրտ ունեին, քան նրանք, ովքեր մանգոյի աերոզոլներ են ներշնչել: