Սթրեսը եւ նյարդային լարվածությունը կարող են ազդել կանանց դաշտանային ցիկլի վրա, կարծում է գինեկոլոգ Իրինա Մյագկիխը (Ռուսաստան):
Մասնագետի խոսքով՝ հուզական ուժեղ ցնցումների ժամանակ կանանց մոտ դաշտանային ցիկլը կարող է փոխվել, իսկ երբեմն դաշտանը նույնիսկ կարող է ընդհանրապես «անհետանալ»։ Նման խնդիրները հազվադեպ չեն պատերազմների եւ զինված բախումների ժամանակ։
«Ուղեղի հիպոթալամուսը դաշտանային ֆունկցիայի եւ էմոցիաների համար պատասխանատու լիմբիկ համակարգի կարգավորիչ բաղադրիչներից է: Ամեն ինչ փոխկապակցված է։ Վերապրած սթրեսը, խիստ դիետան եւ պրոֆեսիոնալ սպորտը կարող են դաշտանային ցիկլի խախտումների հանգեցնել, ընդհուպ մինչեւ դրա ամբողջական դադարեցումը (ամենորեա)»,- ասել է մասնագետը:
Այդ ֆոնին կարող են նաեւ այլ խնդիրներ առաջանալ։ Հազվադեպ չէ, երբ դաշտանների միջեւ ընկած ժամանակահատվածում որյունոտ արտադրություն է նկատվում, ՆԴՀ-ը ուժեղանում կամ սրվում են:
Հաճախ նյարդային հիմքի վրա դաշտանը ցավոտ է դառնում: Այս երեւույթը կոչվում է դիսմենորիա։ Պարբերաբար ձգվող ցավն առաջանում է որովայնի ստորին հատվածում: Ընդ որում, այդ ցավոտ զգացողությունները կապված չեն դաշտանի հետ, այլ կարող են հայտնվել ամսվա ցանկացած ժամանակ։
Կաթնուկի հակված կանանց մոտ բավականին հաճախ նյարդային գերգրգռվածության կամ սթրեսի ֆոնին քոր կամ այրում է առաջանում, արտադրության ծավալն ավելի մեծ է դառնում: Ոմանց մոտ օրգանիզմն արձագանքում է հերպեսի առաջացմամբ: Այդ դեպքում կարող է հակավիրուսային թերապիա պահանջվել:
Եթե դաշտանային ցիկլը շեղվել է, բժիշկը խորհուրդ է տալիս նախ հաստատել կամ բացառել հղիության գործոնը։ Ապա, հաշվի առնելով իրավիճակը, բուժում նշանակել կամ շարունակել հետազոտությունները՝ խնդրի պատճառը պարզելու համար: