Քայլելը կարող է դանդաղեցնել օրգանիզմի ծերացումը, վկայում են Լեսթերի համալսարանի գիտնականները: Նրանց նոր հետազոտության արդյունքները նկարագրված են Communications Biology ամսագրում հրապարակված հոդվածում:
Հետազոտության հեղինակները վերլուծել են 400 000 բրիտանացիների տվյալները եւ պարզել, որ քայլելու ավելի արագ տեմպը կապված է ավելի երկար տելոմերների հետ: Տելոմերները քրոմոսոմների ծայրերում գտնվող հատվածներ են, որոնք պաշտպանում են դրանց վնասվելուց: Երբ բջիջները բաժանվում են, տելոմերները դառնում են ավելի կարճ՝ այնքան են կարճանում, որ բջիջն այլեւս չի կարողանում բաժանվել: Սա կոչվում է բջջային ծերացում:
Այս հետազոտության արդյունքները հաստատում են մասնագետների ավելի վաղ ենթադրությունները, որ քայլելու տեմպի եւ կենսաբանական ծերացման գենետիկական մարկերի միջեւ կապ կա: Գիտնականների կարծիքով՝ ողջ կյանքի ընթացքում արագ քայլելը թույլ կտա մինչեւ 16 տարով կրճատել կենսաբանական ծերացումը: