Ռեստորաններում մատուցողները տարակուսած աղը հանել են սեղաններից։ Ըստ նրանց՝ սեղաններին աղամաններ թողնելու արգելքից հետո Հայաստանի բնակիչները կարծես թե քիչ աղ չեն օգտագործում. պարզապես մատուցողները պետք է հերթական անգամ վերադառնան սեղանի մոտ եւ բերեն աղամանը այցելուների խնդրանքով։ Թե որն է այս արգելքի իմաստը, մատուցողները չեն հասկանում։
Առողջապահության նախարարության մասնագետները նշում են, որ սպառվող աղի քանակի կրճատումը մեծ օգուտ կբերի բնակչությանը, քանի որ աղի չարաշահումը բարձրացնում է արյան ճնշումը, ինչը նպաստում է Հայաստանում մահացության հիմնական պատճառ հանդիսացող սիրտ-անոթային հիվանդությունների զարգացմանը։
Իսկապե՞ս աղը վնասակար է առողջության համար: Արդյո՞ք դա նպաստում է հիպերտոնիայի զարգացմանը: Կա՞ն այլ նյութեր, որոնք ավելի վնասակար են ճնշման եւ առողջության համար: Կարո՞ղ է արդյոք ռեստորանային սեղաններից աղամանները հանելը ինչ-որ բան փոխել։
Փորձենք պարզել։
Վնասակա՞ր է արդյոք աղը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պնդում է, որ նատրիումի բարձր ընդունումը (օրական ավելի քան 2 գրամ, որը համարժեք է օրական 5 գրամ աղին) եւ կալիումի անբավարար ընդունումը (օրական 3,5 գրամից պակաս) նպաստում են արյան բարձր ճնշմանը եւ սիրտ-անոթային հիվանդությունների եւ, մասնավորապես, ինսուլտի զարգացմանը:
Մարդկանց մեծամասնությունը, ըստ ԱՀԿ-ի, չափազանց շատ աղ է օգտագործում՝ օրական մոտ 9-12 գրամ, ինչը 2 անգամ գերազանցում է առաջարկվող առավելագույն չափաբաժինը:
ԱՀԿ-ն նաեւ պնդում է, որ օրական 5 գրամից քիչ աղ ուտելն օգնում է նվազեցնել արյան ճնշումը եւ սիրտ-անոթային հիվանդությունների, ինսուլտի եւ սրտամկանի ինֆարկտի զարգացման ռիսկը։
Աղի չարաշահման եւ հիպերտոնիայի միջեւ կապը ապացուցել են շատ հետազոտություններ։ Մյուս կողմից, որոշ տվյալներով, աղի չափաբաժնի նվազեցումը կարող է հանգեցնել 4-8 մմ սս սիստոլոգիական ճնշման նվազեցման, ինչն այդքան շատ չէ, եթե խոսքը հիպերտոնիայի մասին է։
Իսկ ավելի լուրջ արդյունքների համար կպահանջվեն ավելի լուրջ փոփոխություններ կենսակերպում, այսինքն՝ ճիշտ սննդակարգ, սպորտով զբաղվել, ավելորդ քաշից ազատում եւ այլն։ Իսկ 4-8 մմ սս-ով ճնշման նվազեցումը, քիչ հավանական է, որ կնվազեցնի սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման եւ դրանցից մահվան ռիսկը։
Կա նաեւ հետազոտություն, որը ցույց է տալիս, որ հիպերտոնիայի զարգացման գործում աղի դերը մեծ է, եւ խնդիրն ավելի բարդ է, քան թվում է առաջին հայացքից։
Բացի այդ, ի՞նչն է վնասակար ճնշման եւ սրտի համար
Պարզվել է, որ կան նյութեր, որոնք կարող են էլ ավելի բացասական ազդեցություն ունենալ եւ՛ ճնշման, եւ՛ ընդհանուր առմամբ առողջության վրա։
Խոսքը շաքարի եւ պարզ ածխաջրերի մասին է։
Open Heart գիտական ամսագրում հետաքրքիր հետազոտություն է հրապարակվել, որում հետազոտողներից մեկը՝ Ջեյմս ԴիՆիկոլանտոնիոն պարզաբանում է, որ շաքարի օգտագործումը բարձրացնում է ինսուլինի մակարդակը, որն ակտիվացնում է նյարդային համակարգը, ինչն էլ հանգեցնում է սրտի կծկումների հաճախականության ավելացման։
Բացի այդ, շաքարը սպառում է բջիջների, այսպես կոչված, էներգիայի պաշարները, ինչը սեղմում է արյան անոթները եւ բարձրացնում արյան ճնշումը։
Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ընդամենը 2 շաբաթ տեւողությամբ շաքարով հարուստ սննդակարգը կարող է նկատելի ազդեցություն ունենալ արյան ճնշման վրա եւ բարձրացնել այն մոտ 7 մմ սս/5 մմ սս-ով:
Այլ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ֆրուկտոզայով կամ սախարոզայով քաղցրացված ըմպելիքներ խմելը բարձրացնում է արյան ճնշումը եւ ազդում սիրտ-անոթային մարկերների վրա օգտագործելուց հետո մի քանի ժամվա ընթացքում:
Օգուտ կբերի՞ աղի արգելքը
Որոշ մարդկանց ԱՆ առաջարկած արգելքն, իհարկե, օգուտ կբերի։ Օրինակ, մատուցողները ստիպված կլինեն շատ քայլել՝ աղ բերելով հաճախորդներին, իսկ քայլելը, ինչպես գիտենք, առողջարար է։
Սակայն բնակչության առողջության վրա այն չի ազդի։ Առաջին հերթին, մարդիկ, որոնք սովոր են աղի սնունդ ընդունել, պարզապես կխնդրեն մատուցողին աղ բերել կամ ինչ-որ աղի սոուս։ Երկրորդ հերթին, ամենօրյա սննդային սովորությունները մարդիկ չեն փոխի։
Սակայն խնդիրն այն է, որ սննդային սովորությունները հեշտ չէ փոխել, եւ ոչ մի արգելք այս հարցում չի աշխատի։ Կպահանջվի ավելի երկար եւ լուրջ աշխատանք՝ բնակչության իրազեկվածության եւ գիտակցության մակարդակի բարձրացման համար։
Ի՞նչ պետք է անել առողջական վիճակը բարելավելու համար
Եթե ուզում եք կարգավորել արյան ճնշումն ու սիրտ-անոթային համակարգի վիճակը, չպետք է սպասեք արգելքների կամ նախարարության կամ այլ հաստատությունների ծրագրերին։ Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ՝
- Սննդակարգում նվազագույնի հասցրեք արագ ածխաջրերի քանակը. ամբողջությամբ հրաժարվեք շաքարից, սպիտակ ալյուրից եւ օսլա պարունակող բանջարեղենից, ինչպիսին է կարտոֆիլը: Շաքարի փոխարեն, ցանկության դեպքում, կարող եք օգտագործել ավելի անվտանգ քաղցրացուցիչներ (ստեւիա, էրիթրիտոլ եւ այլն)։
- Հնարավորության դեպքում սկսեք սպորտով զբաղվել։ Եթե դա հնարավոր չէ, գոնե փորձեք ավելի շատ քայլել։
- Աշխատեք սննդակարգում նվազեցնել աղի քանակը մինչեւ օրական 5 գրամ (սակայն խորհուրդ չի տրվում ամբողջությամբ հրաժարվել աղից): Ձեր կերակուրն ավելի համեղ դարձնելու համար օգտագործեք այլ համեմունքներ: