Ես Ձեր համբերությունը չունեմ, Դուք շատ հանգիստ դեմքի արտահայտությամբ, ժպիտով անօրինականություն եք իրականացնում. Երեմ Սարգսյանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանին. pastinfo.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ես Ձեր համբերությունը չունեմ, Դուք շատ հանգիստ դեմքի արտահայտությամբ, ժպիտով անօրինականություն եք իրականացնում. Երեմ Սարգսյանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանին. pastinfo.am

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի փաստաբանները պահանջում են քրեական գործի ամբողջ նյութերը, այդ թվում՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող մայր գործի նյութերը։

Ինչպես արդեն հայտնի է՝ Աղվան Հովսեփյանի և Վրեժ Մարկոսյանի վերաբերյալ քրեական գործից մաս է անջատվել և ուղարկվել դատարան, իսկ մի մասով հակակոռուպցիոն կոմիտեում գործով նախաքննությունը շարունակվում է։ Գործի նյութերը, սակայն, ամբողջությամբ չեն տրամադրվել պաշտպանության կողմին, ավելին, պաշտպանության կողմը գտնում է, որ մեղադրանքի կողմը դատարան է ուղարկել միայն այն նյութերը, որոնցով, ըստ մեղադրանքի կողմի, հաստատվում է մեղադրանքը, իսկ արդարացնող ապացույցներ չեն ուղարկվել դատարան։ Նշված մտահոգությունը հաստատվել է նաև մեղադրանքի կողմի գործողություններով, այն է՝ քրեական գործում նյութեր են տեղադրվել, որոնք նախկինում չեն եղել, իսկ արդարացնող նյութերը տրամադրել են ստիպված, քանի որ այդ նյութերի մասին պաշտպանության կողմը տեղեկացված է եղել դեռևս մինչդատական վարույթում կալանավորման միջնորդությունների քննության ընթացքում, այսինքն՝ կցում են նյութերը, երբ դրանց առկայության մասին փաստաբաններն իմանում են։
Փաստաբան Երեմ Սարգսյանի արձանագրմամբ՝ թաքցվել են գործի նյութեր, արդարացնող ապացույցները դիտավորությամբ կամ անփութությամբ չեն ներկայացվել, իսկ ամբողջ նյութերը չտրամադրելով խախտվում է զենքերի հավասարության սկզբունքը, քանի որ պաշտպանության կողմն այդկերպ չի կարող պատշաճ պաշտպանություն իրականացնել։ Մյուս փաստաբանները եւս միացան միջնորդությանը։ Հայտարարությամբ հանդես եկավ նաև ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ նշելով, որ իր նկատմամբ երեք տարի հետապնդում է իրականացվել, քննություն է կատարվել նպատակային՝ Աղվան Հովսեփյանի անձի վերաբերյալ՝ դեռևս չիմանալով, թե ինչ հանցագործություն է կատարվել, կատարվել է, թե ոչ։

«Նախաքննության նպատակը եղել է ոչ թե հանցագործության դեպքը, այլ՝ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ինչ-որ բաներ ձեռք բերելը՝ մեղադրանքի համար»,- նշեց Հովսեփյանը՝ հավելելով, որ արդարացնող ցուցմունքները չկան գործի նյութերում, ինչն ապացուցում է, որ քրեական գործում զետեղել են այն ապացույցները, ինչ տվել են մեղադրողին։

Աղվան Հովսեփյանը հիշեցրեց նաև, որ իր բնակարանից առգրավել են նկարներ, որոնց մի մասը ինքն էր նկարել, հիմա էլ՝ շարունակում է նկարել, սակայն նկարներն առգրավել են, նշանակել փորձաքննություն, սակայն չկա եզրակացությունը, փաստաթղթերը։
«Գուցե դատարանում պետք է քննարկենք այդ նկարները վերադարձնելու հարցը, ես հիմնավորեմ, որ դրանք օրինական ճանապարհով են ձեռք բերված»,-նշեց Աղվան Հովսեփյանը։

Մեղադրող դատախազ Գուրգեն Սաֆարյանը ներկայացրեց առարկություններ՝ հայտարարելով, թե գործից մաս անջատելն օրինական է, մինչդեռ, խոսքը ոչ թե մաս անջատելու, այլ՝ նյութերն ամբողջությամբ չտրամադրելու մասին էր։ Վերջինս նշեց, որ ներկայացված ապացույցները բավարար են հիմնավորված համարելու, որ մեղսագրված ենթադրյալ արարքները կատարվել են Աղվան Հովսեփյանի կողմից։

Լսելով կողմերի դիրքորոշումը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, որոշեց հետաձգել միջնորդության լուծումը՝ մինչև էական հանգամանքների պարզումը, այն է՝ ապացույցների հետազոտման ավարտը։ Փաստաբան Երեմ Սարգսյանն առարկեց դատավորի գործողությունների դեմ՝ հայտարարելով, որ հույս ունի, որ դատարանը, դատախազները լսել են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի մասին, որով ասվում է՝ մեղադրյալի նվազագույն իրավունքներից մեկը պաշտպանությունը նախապատրաստելու իրավունքն է։ Փաստաբանն արձանագրեց՝ ինչ է նշանակում՝ նյութերը պետք է ուսումնասիրել, դատարանը ծանոթ է գործի նյութերին։

«Չե՞նք կարող այս դատարանում արդարության հասնել։ Հիմա ոնց անենք, որ կարողանանք պաշտպանվել այս դատարանում։ Մեղադրանքի կողմն ինչ ուզում անում է»,- հայտարարեց Երեմ Սարգսյանը։

Նախագահող դատավորն էլ հորդորեց՝ կարծիքն առանց հեգնանքի շարադրել, ինչին ի պատասխան Երեմ Սարգսյանն արձագանքեց. «Ես Ձեր համբերությունը չունեմ։ Դուք շատ հանգիստ դեմքի արտահայտությամբ, ժպիտով անօրինականություն եք իրականացնում։ Դուք անօրինականություն եք անում՝ հանգիստ դեմքով, ես չեմ կարողանում հանգիստ դեմքով անօրինականության դեմ ուղղակի կարծիք արտահայտեմ»։

Դատարանը հայտարարեց, որ անցնում են՝ դատաքննության փուլին, սակայն մեղադրական եզրակացությունն այս նիստին չհրապարակվեց, այն հետաձգվեց՝ մինչև հունիսի 10-ը, ժամը՝ 11.30-ը։ Մինչ դատական նիստը կհետաձգվեր՝ Վրեժ Մարկոսյանի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց՝ խնդրելով թույլ տալ Մարկոսյանին 10 օրով բացակայել երկրից, քանի որ Մարկոսյանը պարբերաբար բուժում է ստանում արտերկրում և առաջիկայում բուժման հերթական կուրսն է։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Ընդ որում՝ դատարանները բավարարել են քննիչի միջնորդությունները՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն երկարացնելու մասին՝ ընդունելով հանդերձ, որ հիմքեր չկան կարծելու , որ նա կարող է թաքնվել քննությունից։ Քրեական գործի շրջանակներում Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վրեժ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Աղբյուր` Փաստինֆո