Ջոն Ստենմայերը կգլխավորի «Ավրորա» լուսանկարչական մրցույթի ժյուրին. auroraprize.com
Advertisement 1000 x 90

Ջոն Ստենմայերը կգլխավորի «Ավրորա» լուսանկարչական մրցույթի ժյուրին. auroraprize.com

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուրախ է ներկայացնել լուսանկարչական մրցույթի ժյուրիի կազմը: Ամերիկացի լուսանկարիչ Ջոն Ստենմայերի գլխավորած մասնագիտական ժյուրին կընտրի մարդասիրութան գաղափարները պատկերող լավագույն լուսանկարները:

«Աշխարհի պատմությունը միշտ մեր աչքի առաջ է, մեր կողքին, մեզ հետ: Համարձակություն է պետք այս կարևորությունն ընկալելու համար: Իրազեկման և խաղաղության համար աշխատելը նվիրվածություն, բարություն և համեստություն է պահանջում: Արդյունքում մենք կրում ենք այն լիակատար ազդեցությունը, որը ողջ մարդկությանը մղում է առաջ, դեպի բոլորի բարօրությունը: Սա է այն ոգին և նպատակը, որի համար ես հպարտ եմ ղեկավարել «Ավրորա» լուսանկարչական մրցույթի ժյուրին: Միացեք ինձ՝ օգնելով շարժել փոփոխությունների անիվը լուսանկարչության միջոցով», – ասել է Ջոն Ստենմայերը:

Ժյուրիի անդամներն են լուսանկարիչներ Անուշ Բաբաջանյանը և Զավեն Խաչիկյանը, արվեստի տեսաբան և համադրող Վիգեն Գալստյանը, կոմպոզիտոր և «Ավրորա» մրցանակի գեղարվեստական խորհրդի անդամ Մարինե Ալեսը և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը:

Լուսանկարչական մրցույթին, որը մեկնարկել է 2016թ. դեկտեմբերին, կարող են ներկայացվել լուսանկարներ, որոնք բացահայտում են մարդկայնության, հույսի, անձնվիրության և լուսավոր ապագայի գաղափարները: Հաղթող լուսանկարի հեղինակին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կշնորհի 2500 ԱՄՆ դոլարի պարգև, երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրած լուսանկարների հեղինակներին՝ 1500 և 1000 ԱՄՆ դոլարի պարգև: Լուսանկարները ներկայացնելու վերջնաժամկետը 2017թ. մարտի 20-ն է: Մրցույթի մասին ավելին կարող եք իմանալ այստեղ:

Ժյուրիի կազմը

Ջոն Ստենմայեր (ժյուրիի նախագահ) – Ամերիկացի լուսանկարիչ Ջոն Ստենմայերը 2004 թվականից աշխատում է National Geographic ամսագրի համար: Նա լուսանկարել է ավելի քան 100 երկրում: Տասը տարի Ջոնն աշխատել է TIME ամսագրի համար: 2014թ. նա ստացել է հեղինակավոր World Press Photo of the Year մրցանակը: 2015թ. Ստենմայերը ժամանել է Հայաստան՝ աշխատելու National Geographic-ի մի ֆոտոպատմության վրա: «Ուրվականների երկիրը» (Ghostlands)  պատմություն է, որը ներկայացնում է, թե ինչ է ցեղասպանությունը բոլորիս համար 100 տարի առաջ և հիմա՝ օգտագործելով Հայոց ցեղասպանության պատմությունը որպես հիմք: Այդ ժամանակվանից Ջոնը Հայաստանում դասընթացներ է անցկացրել և իրականացրել է  մի շարք նախագծեր , այդ թվում՝ #Bridging.Stories նախագիծը, որը ներկայացնում է Հայաստանից և Թուրքիայից 24 երիտասարդ լուսանկարիչների ֆոտոպատմությունները՝ որպես  խաղաղության և հույսի կամուրջներ:

Մարինե Ալես – Մարինե Ալեսը հայտնի կոմպոզիտոր է և թատերագետ: Նա ավելի քան 300 հայերեն և ռուսերեն երգերի հեղինակ է: Նրա երգերը թողարկվել են են 5 ալբոմներում՝  «Կհեռանամ ինձանից» (1999թ.), «Իմ բարդիներ» (2001թ.), «Մտորումներ» (2003թ.), «Քո կողքին և առանց քեզ» (2007թ.), «Ոտաբոբիկ` երկնքով» (2010թ.): 2010 թվականին հրապարակել է «Բեկորներ» բանաստեղծությունների ժողովածուն: Մարինե Ալեսը եղել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տարբեր տարիների ժյուրիի անդամ: Նա «Նվիրիր կյանք» հիմնադրամի համահիմնադիրն է: Մարինե Ալեսը «Ավրորա» մրցանակի գեղարվեստական խորհրդի անդամ է:

Անուշ Բաբաջանյան – Բուլղարիայի ամերիկյան համալսարանում լրագրողի մասնագիտություն ստանալուց հետո 2006 թվականից Անուշ Բաբաջանյանը Երևանում սկսել է աշխատել BBC Monitoring ծառայության համար: Մեկ տարի անց նա՝ որպես անկախ ֆոտոլրագրող՝ իր ուշադրությունը կենտրոնացրել է Հայաստանում կանանց հիմնախնդիրների և Գյումրիի երկրաշարժի հետևանքների վրա: 2012թ. Անուշ Բաբաջանյանն իր գործընկերների հետ հիմնադրել է 4Plus վավերագրական լուսանկարչական կենտրոնը: Անուշի գործունեության մեծ մասը նվիրված է եղել Հայաստանի և Թուրքիայի միջև խաղաղությանն ուղղված նախագծերին: Անուշ Բաբաջանյանի լուսանկարները հրապարակվել են Washington Post, VICE News, National Geographic և այլ միջազգային ու տարածաշրջանային պարբերականներում:

Վիգեն Գալստյան – Ավստրալիայում և Հայաստանում բնակվող Վիգեն Գալստյանն արվեստի տեսաբան է և համադրող, լուսանկարչության, ֆիլմերի և հայ ժամանակակից արվեստի մասնագետ: 2011թ. նա համահիմնադրել է «Լուսադարան» հայկական լուսանկարչական հիմնադրամը, որը նպատակ ունի հավաքել, ուսումնասիրել և պահպանել լուսանկարներ Հայաստանից և արտերկրից: 2006 թվականից նա հեղինակել է մի շարք ցուցահանդեսներ, էսսեներ և գրքեր՝ նվիրված լուսակարչությանը և հայկական արվեստին: Կինոյի և լուսանկարչության մասին նրա էսսեները հայտնվել են մի շարք հեղինակավոր պարբերականների էջերում, ինչպիսիք են Sweet sixties, We used to talk about love, Garden of the East: Այժմ Վիգեն Գալստյանը Սիդնեյի համալսարանում աշխատում է իր դոկտորական ատենախոսության վրա՝ «Հայ ճարտարապետության լուսանկարչությունը 19-րդ դարում» թեմայով:

Զավեն Խաչիկյան – Զավեն Խաչիկյանը լուսանկարիչ և վավերագրող է: Նա իր գործունեությունն սկսել 1980-ական թվականներին: 1988 թվականից որպես լուսանկարիչ վավերագրել է Ղարաբաղյան շարժումը՝ ծագումից մինչև պատերազմի տարիներ: Զավեն Խաչիկյանի լուսանկարչության կենտրոնում մարդն է, նրա զգացմունքները, դժվարություններն ու խնդիրները: Զավեն Խաչիկյանն աշխատել է Associated Press, TASS, TIME, Paris Match և մի շարք այլ միջազգային պարբերականների համար:

Արման Ջիլավյան – Արման Ջիլավյանը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավարն է: Նա RVVZ հիմնադրամի տնօրենների խորհրդի և UWC Dilijan քոլեջի հոգաբարձուների խորհրդի անդամ է, MEDIACRAT ընկերության համահիմնադիրը: 2011թ. նա ճանաչվել է Ռուսաստանի տարվա «Մեդիա մենեջեր» տպագիր մամուլ/ամսագրեր անվանակարգում: Արման Ջիլավյանը զբաղցրել է տարբեր պաշտոններ Ռուսաստանի մի շարք առաջատար մեդիա ընկերություններում («Նեզավիսիմայա գազետա», Eurasian Media Group) և ղեկավարելէ Time Inc.-ը Ռուսաստանում (FORTUNE և Popular Science ամսագրեր):

auroraprize.com