Գրող Վահրամ Սահակյանը հայտնի է իր ըմբոստ և անհանդուրժողական հայացքներով: Նա չի խուսափում մարդկանց և երևույթները բնորոշել իրենց անուններով: Ի տարբերություն նեղացած երեխայի պես անկյուններում կուչ եկած մերօրյա շատ արվեստագետների` նա ընդվզում ու պայքարում է անճաշակության, անգրագիտության և անորակության դեմ: Թեև շատ հաճախ կորցնում է էթիկայի զգացողությունը և քննադատությունների մեջ կոռեկտությունը չի պահպանում, այդուհանդերձ, Վահրամ Սահակյանին գնահատում են իբրև համարձակ և ճշմարտություն պահանջող մարդու: Սովորաբար եթերում հարցազրույցի հրավիրված Վահրամը մեզ ներկայանում է իբրև գռեհիկ և հայհոյախառն բառապաշարով մի մարդ, ով ունի մի սև ցուցակ, որտեղ ընդգրկված մարդիկ, որպես կանոն, անխնա վրաերթի են ենթարկվում:
Նրա հետ հարցազրույցը բավականին հետաքրքիր էր, որովհետև զրույցի ընթացքում խոսում էր ոչ թե ցենզից դուրս ձևակերպումներով Վահրամի կերպարը, այլ` բավականին նրբանկատ, հետաքրքիր և ժամանակակից գաղափարներով ու մոտեցումներով Վահրամը:
– Ոնց որ երկու Վահրամ Սահակյան լինի: Մեկը` հայհոյող, գռեհիկ ու անխնա քննադատ, իսկ մյուսն՝ անհամեմատ հանդուրժող, հետաքրքիր և կոռեկտ:
– Չէ՛, երկու Վահրամ Սահակյան չի, այլ երեքն է` Վահրամ Սահակյան, Վահրամ Սահակյան դվա և «վազվրաշչենիե» Վահրամա Սահակյանա:
– Հիմա ես ո՞ր Վահրամ Սահակյանի հետ եմ խոսում:
– «Վազվրաշչենիե» Վահրամա Սահակյանա (ծիծաղում է.– Լ.Ս.):
– Դուք հայհոյում եք բոլորին, չնայած մեզ` բոլորիս, դա ինչ-որ չափով դուր է գալիս, որ մեր հասարակության մեջ կա մեկն, ով չի վախենում և համարձակ է: Բայց հարց է ծագում. ո՞ւմ չեք հայհոյում, կա՞ն ընտրյալներ, որոնց չեք «կպնում»:
– Չէ՛, տպավորությունն է էդպիսին։ Ուղղակի, երբ ինչ-որ տեղ հրավիրում ու կոնկրետ հարցեր են տալիս քաղաքական գործիչների կամ ղեկավարության մասին, ես էլ իմ կարծիքն եմ հայտնում, ու այդպիսի տպավորություն է ստեղծվել: Բայց հիմնականում էդպես չի: Օրինակ, եթե իմ գրքերը կամ մեր ներկայացումները նայել եք` էնտեղ ոչ թե կոնկրետ պաշտոնյաների, քաղաքական գործիչների կամ չինովնիկների եմ քննադատում, այլ` սովորական մարդկային հատկանիշներ, որոնք դառնում են չարիքների հիմքը: Նույն «Mea culpa»-ում որպես խնդիր դրված է մարդու մեղքը: «Mea Culpa» նշանակում է` իմ մեղքը։ Հիմնական գաղափարն այն է, որ, եթե ամեն մեկս չենք գտնում մեր կատարած մեղքը, այդ դեպքում մենք ընդհանրապես իրավունք չունենք ավելի մեծ պաշտոնյաներից` կառավարություն, իշխանություն, պահանջել սխալների գիտակցում։ Եթե մեկը կարծում է, որ վատ ապրելու կամ վատ կենսամակարդակի պատճառը նրանք են, ապա չարաչար սխալվում է:
– Տպավորություն կա, որ այն ամենը, ինչ պետք է ասվի յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու բերանով` ասվում է Վահրամ Սահակյանի միջոցով: Մտավախություն չունե՞ք, որ հեռուստատեսության համար կարող եք դառնալ մատչելի խոսափող, որի միջոցով կարելի է բոլորին քննադատել:
– Ինձ շատ են կանչում հեռուստատեսությունից, բայց մոտավորապես 1 տարի կլինի, ինչ չեմ էլ գնում հաղորդումների, որովհետև հենց այդպիսի տպավորություն էլ կա: Իսկ ընդհանրապես ես ուրախ, կատակասեր, արվեստը սիրող մարդ եմ և չեմ էլ զայրանում արդեն: Ոնց որ ասում են` բարկացած-պրծած եմ և ավելի աննկատ եմ ապրում իմ կյանքում։ Լսում եմ իմ երաժշտությունը, տանից շատ քիչ եմ դուրս գալիս, եթե պատվերներ են լինում` դրանք կատարում եմ, չեմ խառնվում քաղաքական հարցերին, ինչ-որ մեկին չեմ պաշտպանում: Էդ մեզ մոտ է ընդունված, որ եթե հանկարծ ինչ-որ հարց է առաջանում, ու ասում ես էն, ինչ որ գիտես, ասենք` ընդդիմության մասին, ասում են` սա կառավարության կողմնակիցն է։ Կամ՝ հակառակը: Մեր ժողովրդի մոտ այդ ծայրահեղականությունը շատ է, իսկ օրինակ` ֆրանսիացիների կամ իսպանացիների մոտ էդպես չի։ Մեզ մոտ երբ աղջկան ասում ես` ինչո՞ւ ես կարճ հագել, ասում է` յա՛, ինչի մինչև ոտք պիտի հասնե՞ր: Այդպես է, որովհետև դարեր շարունակ հայ ժողովուրդը միջին խավ չի ունեցել: Եղել են մեծաքանակ աղքատներ և թագավոր: Դրա համար էլ մատնանշելու հատկություն կա` էս մեկը հայհոյում է, էս մեկը համակերպվում է։ Ասենք, Հրանտ Թոխատյանին չեն ասում՝ հայհոյում է, որովհետև երևի ինքն ավելի չափված-ձևված է ասում:
– Հրանտ Թոխատյանը ձեր համախո՞հն է:
– Հա՛, եթե Հ. Թոխատյանը չլիներ իմ համախոհն, ապա չէր ծնվի «Mea Culpa»-ն և մյուս այն ներկայացումները, որտեղ խաղում է Հ. Թոխատյանը: Ի վերջո, նա ասում է իմ գրած տեքստերը:
– Ստացվում է` դուք ավելի անկեղծ եք, քան իրե՞նք:
– Չէ, ինչո՞ւ։ Ստացվում է այնպես, որ եթե դերասանն է ասում իմ խոսքերը` էդ ժամանակ ոչ ոք ուշադրություն չի դարձնում, որովհետև դա դերասանն է ասում։ Բայց, եթե դա ասում եմ ես հեռուստատեսությամբ կամ ինչ-որ այլ տեղ, ապա… Ոչ ոք չի ասում՝ էս մարդը հայհոյող է, որովհետև ինքը դերասան է, բայց երբ գրողն է անընդհատ ինչ-որ երևույթների մասին ժամանակ առ ժամանակ արտահայտվում, ուրեմն` հայհոյող է։ Է, եկեք անընդհատ ինչ-որ լավ բաների մասին խոսենք։ Ձև չկա: Երբ Կալիֆոռնիայում ցունամի է լինում, ասում են` այսօր Կալիֆոռնիայում էսպիսի վատ բան է եղել, բայց երբ Կալիֆոռնիայում ամեն օր լավ եղանակ է լինում` դրա մասին չեն ասում: Լավի մասին պետք էլ չի խոսել, լավն էսպես թե էնպես կա: Չգիտեմ, ուզո՞ւմ եք լավ բաներ ասեմ…
– Նաև այնպիսի տպավորություն կա, որ Վահրամ Սահակյանը հասարակության մեջ իր տեղը չի գտնում, իրեն հարմարավետ չի զգում:
– Նման բան գոյություն չունի։ Հասարակություն՝ որպես այդպիսին, ես չեմ էլ նկատում: Չկա հասարակություն։
– Հիմա ես հասարակության մաս եմ կազմում ու նստած եմ ձեր դիմաց: Ուրեմն` ես չկա՞մ այստեղ։
– Դուք մարդ եք, մենք բոլորս մարդիկ ենք։ Ես տարիներ շարունակ ապրել եմ Ֆրանսիայում, բայց այդ բառը ոչ ոք չի օգտագործում: Հասարակություն չեն ասում, ասում են, ասենք, «ժողովուրդ» կամ ուրիշ բառ: Դա կոմունիստական ժամանակների արտահայտություն է:
– Լավ, կոչենք մարդիկ։ Մարդկանց որոշ տեսակի հետ չե՞ք հարմարվում:
– Բոլոր մարդիկ հարմարվում են բոլոր էն մարդկանց հետ, ովքեր իրենց հարազատ են։ Ես չեմ կարող ընկերություն անել մի մարդու հետ, ով Մոցարտի անունը չգիտի: Թող գնա, կորի, իմ համար նա նշանակություն չունի: Եթե նա Մոցարտի անունը չգիտի ու Թաթուլ է լսում` թքել եմ նրա վրա։ Իմ համար նա նշանակություն չունի, նա ոչ լավ է, ոչ վատ։ Ես չեմ կարող տեսնել, որ հեռուստատեսությամբ ինչ-որ թերի լակոտներ, փչացած երեխաներ թուրքական մուղամ են երգում։ Չեմ կարողանում 5 րոպեից ավելի հեռուստացույց նայել, գովազդները խայտառակություն են: Օրինակ` կարող եմ հանգիստ զբոսնել Երևանի փողոցներում ու չլսել ոչ մեկի ձայնը։ Ինչի՞ պիտի ուշադրություն դարձնեմ էն մարդկանց վրա, որոնք ընդհանրապես մեր վրա ուշադրություն չեն դարձնում, իրենք քշում են առաջ, մտնում են քաղաքի կենտրոն ու ինչ ուզում անում են: Իրենք իրենց լավ են զգում, բայց երբ որևէ արվեստագետ կամ ստեղծագործող մարդ դա մատնանշում է, ուրեմն` ժուռնալիստներն աղմուկ են բարձրացնում, թե՝ նա էլ է մարդ և նա էլ ապրելու իրավունք ունի։ Բայց մենք իրեն բան չենք ասում: Նա էլ ձեր ասած հասարակության անդամ է, բայց ի՞նչ հասարակության անդամ, երբ ինքը բռի, անկիրթ ու չտես է, ու նրան ոչ մի կերպ փոխել չի լինի:
– Ասում եք` ռաբիս լսողները թուրք են, իրենց պապերը թուրք են և այլն: Մարդիկ կան, որ ասում են՝ իսկ ո՞վ ասաց, որ Վահրամ Սահակյանի լսածը ճիշտ է:
– Ինձ չի հետաքրքրում էդ մարդկանց կարծիքը, որովհետև Վ. Սահակյանի ընկերները կամ շատ-շատ մարդիկ, ովքեր աննկատ են ապրում, նորմալ երաժշտություն են լսում` բնական է, որ չեն էլ խառնվի էս խոսակցությանը: Լսում են նորմալ երաժշտություն` ջազ, դասական կամ լավ փոփ, ոչ թե էդ աղբը: Ինչո՞ւ պիտի ես կամ մյուսներն իջնենք թուրքական երաժշտություն լսողի մակարդակին և նրա կարծիքը հաշվի առնենք։ Էսօր ամբողջ հանրապետությունը դարձել է թուրքանոց, զիբիլանոց, ու դուք պաշտպանո՞ւմ եք նրանց: Երբ նրանք գլուխ էին բարձրացրել, որ` այո՛, մենք ռաբիս երգի փառատոն պիտի կազմակերպենք և այլն, ես էլ ասեցի` դե գնացե՛ք, նեխեք ձեր ռաբիս մթնոլորտում, և մյուսներն էլ նայեն ձեզ վրա` մի քիչ հաճույքներ որսան։ Ռուսաստանում նույնպես կա ցածր տեսակի երաժշտություն, բայց ռուսական ոչ մի հեռուստատեսություն իրավունք չունի նման աղբ ցուցադրել: Հեռուստատեսությունը ցույց է տալիս «պեդերաստիկ» լակոտներ, անհասկանալի արտաքինով… Իրենք ծուռ են ընդհանրապես, բայց սկսում են խոսել։ Ես չեմ հասկանում, թե դրանց ո՞վ է ծնել, լույս աշխարհ բերել: Մարդ ուզում է դրանց վերցնի ու դնի էնտեղ, որտեղից դուրս են եկել։ Խայտառակություն է… Կարելի է չլսել, չմիացնել: Կարելի է մտնել ինտերնետ ու շփվել այն բանի հետ, ինչ դու ես ցանկանում, այլ ոչ թե` ինչն ուզում են քեզ պարտադրել։
– Միասեռականներին ո՞նց եք վերաբերվում: Հեռուստատեսությամբ շատ են երևում:
– Էդ միասեռականներին ոչ տեսել, ոչ էլ ուզում եմ տեսնել: Շատ վատ եմ վերաբերվում։
– Անդրադառնանք ձեր կայքէջին: Դուք ընտրել եք մարդկանց, որոնց անընդհատ քարկոծում եք: Օրինակ` Տիգրան Կարապետիչի նկարը փակցրել եք անգլուխ ավանակի վրա, ինչո՞ւ այդքան չեք սիրում Կարապետիչին:
– Ինչ վերաբերում է ավանակին, ապա զուգահեռ պետք չի անցկացնել։ Ասենք` դուք սիրո՞ւմ եք մլակ կամ խավարասեր: Նույն բանն է, չեմ կարող սիրել, ատել և այլն… Ինձ համար դրանց նմաններն էական նշանակություն չունեն: Լիարժեք մարդիկ չեն, որ իրենց փնովեմ կամ քննադատեմ: Փնովել կարելի է արժեք ունեցող մարդկանց: Ֆիլմերի պարոդիա անելիս` հիմնականում ընտրում են լավ ֆիլմերը` «Կնքահայրը» կամ մեկ ուրիշը, որ աչքի ընկնող մարդկանց կամ ֆիլմերը քննադատեն, բայց սա ի՞նչ է, որ սրան քննադատես կամ ուշադրություն դարձնես:
– Օլիգարխներին էլ չեք սիրում:
– Գիտե՞ք, թեմաներ կան` օլիգարխ, ջիպ քշողներ կամ չգիտեմ ինչ, որ արդեն շատ են հնացել։ Ցանկացած ստեղծագործողի տեսադաշտում ավելի շատ էն բաներն են, որ ուրիշների աչքը չեն ընկնում։ Ինձ համար ավելի անցանկալի երևույթ է, երբ անկարող, կյանքում չստացված մարդիկ են քննադատում, որովհետև, ի վերջո, ցանկացած լավ կամ վատ օլիգարխ ինչ-ինչ գործողություններ է կատարել` ճիշտ, սխալ, հանցավոր… Այդ գործողությունների շնորհիվ նա դարձել է ինչ-որ բան: Օրինակ` Բիլ Գեյթսն ամեն ինչ ճի՞շտ է արել, որ օլիգարխ է դարձել: Չէ՛, Բիլ Գեյթսը ստեղծել է հսկայական մի կայսրություն, որն արտադրում է աշխարհի ամենաթերի ծրագրերը: Դրանից օգտվել ընդհանրապես չի լինում, նորմալ չի աշխատում` վիրուսներ և այլն: Ոչ ոք նրան չի ասի, ինչո՞ւ… Նույնն էլ մեր օլիգարխներն են: Օլիգարխներ կան նաև Ռուսաստանում, բայց ավելի կիրթ են, մերոնց մակարդակը շատ ցածր է: Իմ ուշադրությունը գրավում են այն մարդիկ, ովքեր չեն հաջողվել իրենց կյանքում և սկսում են քննադատել ամեն ինչ։ Նրանք կարող են դառնալ ընդդիմություն, իսկ դա ավելի վատ երևույթ է, քան կառավարության ցանկացած անդամ:
– Նախկին կամ ներկա քաղաքական գործիչներից կա՞ մեկը, ով ձեզ համար հեղինակություն է:
– Չէ՛, կոմունիստները կռվում և ապրում էին հանուն անմարդկային գաղափարների, ֆաշիստները՝ նույնպես: Բայց, օրինակ՝ ինչքան էլ ասենք՝ կոմունիստ, մարդիկ էդ գաղափարի համար պատերազմ են գնացել, կռվել են։ Հիմա մեզ մոտ հանուն գաղափարի ոչինչ չի արվում։ Բոլոր կուսակցություններն առաջ են ընկնում, երբ ընտրություններն են գալիս: Մակերեսային բան կլինի հիշեցնելը, որ ցանկացած կուսակցություն պետք է ազգի կամ պետության շահերը պաշտպանի, մանավանդ պետության: Բայց էսօր մենակ գրպանն է, փողը, բերանն ու՝ ուտել-ուտել-ուտել… Բոլորը դառնում են կուսակցական՝ պաշտոններ զբաղեցնելու համար, ինչպես արվում էր համայնավարների ժամանակ: Էդ ժամանակ որ դառնում էին կոմունիստ, ո՞վ էր կոմունիստ: Վերջին, իսկական կոմունիստը երևի Տրոցկին է եղել, որի գլուխը կացնով ջնջխեցին ու շատ ճիշտ արեցին: Եվ ես կուզենայի, որ մեզ մոտ նույնանման ճակատագրի արժանանար ցանկացած կուսակցական անձ, որ ամբիոններից օգտագործում է «ազգ», «ժողովուրդ», «հայրենիք» և «պետություն» բառերը, բայց միևնույն ժամանակ մարդկանց զրկում է կենսամիջոցներից՝ դավաճանաբար լցնելով իր անհատակ ստամոքսն ու գրպանները։ Դա Հայրենիքի դավաճանություն է։ Իսկ դավաճանները պետք է կյանքով պատասխան տան, ինչպես որ եղավ, ասենք՝ Չիլիում: Եթե պատիժ չլինի՝ երկիրն ավելի արագ կկործանվի, քան մենք կարծում ենք:
Լուսինե Ստեփանյան
«3 Միլիոն»