Մենք բոլորս մտել ենք սենյակ, բայց մոռացել ենք, թե ինչու ենք եկել այնտեղ։ Կամ գուցե հին ընկերների կամ դասընկերների անունները հիշելու մեր կարողությունն այն չէ, ինչ նախկինում էր:
Սրանք ծերացման նորմալ նշաններ են: Բայց եթե այսպիսի դեպքերը սկսեն ավելի հաճախակի դառնալ կամ սրվել, ապա դա կարող է թեթեւ կոգնիտիվ խանգարման (MCI) պես մի բան լինել: Թեթեւ կոգնիտիվ խանգարումը հիշողության կամ ճանաչողական կարողությունների կորստի վաղ փուլն է այն մարդկանց մոտ, ովքեր դեռ կարող են ինքնուրույն կատարել առօրյա գործողությունների մեծ մասը, Eat This, Not That!-ին պատմել են Յելի բժշկական դպրոցում:
Եթե մարդկանց մոտ ախտորոշվել է թեթեւ կոգնիտիվ խանգարում, ապա մեկ տարվա ընթացքում նրանց 10-15 տոկոսի մոտ զարգանում է դեմենցիա, որն ընդհանուր տերմին է հիշողության եւ այլ մտավոր ունակությունների կորստի համար, որը բավականաչափ լուրջ է, որպեսզի խանգարի առօրյա կյանքին: Իսկ թեթեւ կոգնիտիվ խանգարումներով մարդկանց մեկ երրորդի մոտ հինգ տարվա ընթացքում Ալցհեյմերի հիվանդություն է զարգանում:
Այս նշանների ի հայտ գալու դեպքում բժշկական օգնության դիմելը կարեւոր է, քանի որ այն կարող է առաջանալ ինչ-որ բանի պատճառով, որը կարելի է հեշտությամբ վերացնել, օրինակ՝ դեղորայքի կամ առողջական վիճակի հետեւանքով, ասում է Յելի համալսարանի նյարդաբան Քերոլին Ֆրեդերիքսը:
Նորմալ ծերացումը եւ թեթեւ կոգնիտիվ խանգարումը միանշանակ տարբեր բաներ են, նշում է դոկտոր Ֆրեդերիքսը:
MCI-ի եւ նորմալ ծերացման միջեւ տարբերությունը կապված է այն բանի հետ, թե որքան հաճախ է մարդը խնդիրներ ունենում հիշողության կամ ճանաչողության հետ:
Թեեւ MCI-ի համար հատուկ բուժում չկա, կան ապացույցներ, որ առողջ սննդակարգը յուրաքանչյուր մարդուն կարող է օգնել, ասում է բժիշկ Ֆրեդերիքսը:
Մասնավորապես, դոկտոր Ֆրեդերիքսը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել միջերկրածովյան դիետային, որը հատուկ ուշադրություն է դարձնում ամբողջահատիկներին, ծովամթերքներին ու ընկուզեղենին, եւ հետեւել DASH (Dietary Approaches to Stop Hypertension) սննդակարգին, որը մշակվել է արյան բարձր ճնշումը նվազեցնելու կամ վերահսկելու համար:
Նաեւ լավ գաղափար է ցանկացած մտավոր գործունեությունը սոցիալական բաղադրիչի հետ համատեղելը, բացատրում է նա: Պարզապես գիրք կարդալու փոխարեն միացեք գրքասերների ակումբին եւ քննարկեք գիրքը մարդկանց հետ, ինչը ձեզ կստիպի իսկապես տարվել նյութով, խորհուրդ է տալիս մասնագետը։