«Ինձ համար, նախևառաջ, մեծ հպարտություն է քննիչ լինելը: Ես ինձ համարում եմ հաջողակ, քանի որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պատմության մեջ հենց ես եմ գեղեցիկ սեռի այն առաջին ներկայացուցիչը, ով պատիվ ունի ծառայելու այս կառույցում:… Քննիչը, առաջին հերթին, պետք է լինի խիզախ, այն քննիչը, ով վախեցավ քրեական գործից և թաքնվեց քրեական գործի «հետևում», նա չի համապատասխանի արհեստավարժ քննիչի չափորոշիչներին».-ասել է Արուսյակ Ալեքսանյանը դեռևս 2019 թվականին:
Եթե խիզախ լինելը դատարանի դահլիճում հանկարծամահ եղած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանավորելն է, ապա ինչ-որ բան այնպես չէ: Եթե օրենքով սահմանված է, որ ինչ-որ հանցագործի նախաքննության ընթացքում պետք է պահել կալանքի տակ, ապա ո՞վ է այն «խիզախ» քննիչը, որ կարող է գնալ օրենքի դեմ:
Ենթադրենք, թե Արմեն Գրիգորյանը հենց այն «հանցագործն» էր, ում ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք սերմանելու կասկածանքով պետք էր ձերբակալել և փակի տակ պահել: Այդ դեպքում, նկարում պատկերված անձն ինչու՞մ է տեսնում իր խիզախությունը: Նրանու՞մ, գուցե, որ ամենուր օրենք է խախտվում և ոչ-ոք պատասխանատվության չի ենթարկվում, նրանու՞մ, որ բոլորն ապօրինի գործողություններ են կատարում, իսկ նա միակն է, ով օրենքով է առաջնորդվում: Թե՞ նա առաջնորդվել է ներքին համոզմունքով, որ Արմեն Գրիգորյանը, կասկածի դակ դնելով Շիրակի և Արարատյան դաշտերի բնակչության էթնիկ ծագումնաբանությունը, կարող էր անցնել որոշակի քայլերի և «սրի քաշել» մարդկանց: Ի վերջո, վերջերս մեզանում հաճախակի է դարձել միմյանց ծագումնաբանությունը կասկածի ենթարկելը: Հազարավոր մարդկանց կարելի է ձերբակալել: Ինչու՞ չի արվում: Իսկ, գուցե, արժե՞ պատճառներն ուսումնասիրել, այլ ոչ անդրադառնալ հետևանքին:
Հավանաբար, Արմեն Գրիգորյանն ունեցել է նաև առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են եղել կալանքի վայրում գտնվելու հետ: Ի՞նչ խնդիր է եղել նրան տնային կալանքի տակ պահելը: Չէ՞ որ դատարանը կարող էր նաև նրան արդարացնել… Քննիչի արհեստավարժ լինելն այն է, որ առնվազն օրենքով առաջնորդվի և քանի դեռ դատարանը չի կայացրել դատավճիռ, ինքը դրանից առաջ չանցնի:
Հետաքրքիր է, 3 տարի անց, և հատկապես այս ողբերգական դեպքից հետո, Արուսյակ Ալեքսանյանը կարո՞ղ է պնդել, որ ինքը, բացի արհեստավարժ լինելուց, խիզախ է ու հպարտ: Կարող է, արդյոք, ասել, որ իր գործողություններով ինչ-որ չափով նպաստել է այն կառույցի հեղինակության, դրա նկատմամբ մարդկանց վստահության բարձրացմանը, որում քննիչ աշխատելն իր համար «մեծ հպարտություն է»:
Գագիկ Վարդանյան
Հ.Գ. Մի կողմ թողնենք ներքին իրավիճակը: Ի վերջո, ազգովի լարված ենք՝ մեր շուրջ անհասկանալի զարգացումներից, մեր պետության հասցեին պարբերաբար հնչող ագրեսիվ և նվաստատցուցիչ հայտարարություններից, որոշ գործողություններից: Հերթական այդպիսի տեղեկությունը լրահոսից. «Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը հուլիսի 14-ին հրամանագիր է ստորագրել պետական մակարդակով նշելու Իրևանի (Երևանի) պետական ադրբեջանական դրամատիկական թատրոնի 140-ամյակը»։ Չկա ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը: Այսքան բան տեսնելուց և լսելուց հետո, ո՞ր արժանապատիվը հայը կարող է լռել, իսկ երբեմն նաև ափերից դուրս չգալ…ինչպես պատահել է նաև, արդեն լուսահոգի, Արմեն Գրիգորյանի հետ: