Տաթևի վանք այցելելիս ուշադրություն դարձրեք պատերից մեկի տակ դրված այս զանգին, որը ավելի քան 700 տարվա պատմություն ունի։
Այս պղնձե զանգը ստեղծվել է 1304 թ. Սյունյաց մետրոպոլիտ, պատմիչ Ստեփանոս Օրբելյանի պատվերով։ Զանգի ստեղծման տեխնոլոգիան այնպիսին էր, որ ուներ յուրահատուկ հնչեղություն ու տարբեր կոչնակների դեպքում տարբեր ազդանշաններ էր տալիս։
Ըստ Սյունիքում տարածված ավանդության՝ երբ թշնամիները ներխուժել են մեր երկիր, Կոռնիձորի դիտակետից ահազանգ էր փոխացվում Խոտ գյուղի զանգին ու Հարսնաձորին։ Այստեղ հիմա էլ պահպանվել է թշնամու զորքերի առաջխաղացումը վերահսկող դիտանոցը։ Երբ գնաք Տաթև, անպայման ուշադրություն դարձրեք Հարսնաձորի դիտակետին։
Այստեղից ահազանգը փոխանցվում էր Տաթևի վանքի խոշորագույն զանգակատանը, որի այս զանգից հնչող ձայնը լսվում էր 50 կմ շառավղով։
Սյունեցիները լավ գիտեին, թե զանգի կոնկրետ կոչնակ ինչ է նշանակում և ահազանգի դեպքում յուրաքանչյուր գյուղից մի զորաջոկատ է ելել ընդդեմ թշնամու: Եվ այսպես գումարված զորքը Սյունյաց աշխարհից դուրս է քշել թշնամուն: Ահա այս պատճառով թշնամին գտնում է մի դավաճանի, ով վնասում է զանգը եւ վտանգի պահին այն չի հնչում, չի հավաքում Սյունյաց աշխարհի քաջորդիներին, և ժողովուրդը ողբաձայն ասում է՝ Զանգն էլ զուր է, զանգն էլ զուր է, որից էլ հետագայում առաջանում է երկրամասի անունը՝ Զանգեզուր:
Այս զանգը հիմա՝ հենց հիմա առավել քան երբևէ պետք է կախված լինի իր տեղում, որ ամիսներ անց զանգը էլի զուր չլինի։
Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից