Լողավազանները հանգստի ամենատարածված վայրերից մեկն են, սակայն ոչ բոլորին է հայտնի, որ նման հանգիստը կարող է բավական վտանգավոր լինել՝ դառնալով վարակումների պատճառ։ Ինչպես News.ru-ի հետ զրույցում նշել է իմունաբան-ալերգոլոգ Վլադիմիր Բոլիբոկը, լողավազաններում կարելի է վարակվել ջրծաղկով, հերպեսով ու հեպատիտ А-ով, սակայն առավել հաճախ ջրից մարդիկ վարակվում են աղիքային վարակներով։
Ավելին՝ մասնագետը նախազգուշացնում է, որ վտանգավոր կարող է լինել ոչ միայն լողավազանի ջուրը, այլև բռնակներն ու սարքավորումները, որոնք նպաստում են պապիլոմավիրուսի տարածմանը՝ դառնալով գորտնուկների առաջացման պատճառ։
Սակայն ամենավտանգավոր վարակները, որոնք կարող են փոխանցվել լողավազանների միջոցով, էնտերոպաթոգեն աղիքային ցուպիկն է, դիզենթերիան ու յերսինիաները։ Ընդ որում՝ վերջիններն առավել հաճախ հանդիպում են բաց լողավազաններում՝ դրանցում հայտնվելով կրծողների, շների, կատուների ու թռչունների միջոցով։
Ավելի վաղ Բոլիբոկը նշել էր, որ լողավազանների ու ջրի ճիշտ ախտահանման բոլոր պայմաններին հետևելու և լողավազան մտնելուց առաջ ցնցուղ ընդունելու դեպքում վարակների տարածման հավանականությունը զգալիորեն նվազում է։
«Քլորացված ջրում որևէ վիրուս ու բակտերիա, տեսականորեն, չի կարող գոյատևել, սակայն բավական հաճախ լողավազաններում տարատեսակ վարակումներ են տեղի ունենում այն պատճառով, որ լողավազանի խնամքի որոշակի կանոնները չեն պահպանվում», – բացատրել է մասնագետը։