Ի՞նչ է թաքնված ֆեյսբուքյան ապատեղեկատվության հետևում
Համացանցում հաճախ բավականին դժվար է միմյանցից տարանջատել նոր տեխնոլոգիաներին առնչվող առողջ քննադատությունն ակնհայտ ապատեղեկատվությունից: Վերջերս ինտենսիվ լուրեր են պտտվում, որ 5G բջջային կապի աշտարակներից արձակվող ռադիոալիքները զանգվածաբար սպանում են թռչունների։ Այս ոչ իրական տեղեկությունը շատ արագ տարածվում է Facebook- ում, Twitter- ում, YouTube- ում և այլուր, ընդգրկելով շատ լայն լսարան։
Նախ և առաջ պարզաբանենք. արդյո՞ք 5G կապն իսկապես սպանում է թռչուններին։ Ոչ, չի սպանում։ Իսկ եթե ոչ, ապա ինչո՞ւ են մարդիկ այդքան շատ «բղավում» այդ մասին:
Պատմությունն սկիզբ է առնում 2014 թվականին Գերմանիայի կենսաբանների կողմից կատարված ծավալուն մի ուսումնասիրությունից, որի արդյունքում, պարզվեց, որ ցածր մակարդակի մագնիսական ճառագայթումը, ինչպիսին են՝ AM ռադիոալիքները, կարող է խանգարել թռչունների արտագաղթին, քանի որ ազդում է Երկրի մագնիսական դաշտի միջոցով կողմնորոշվելու նրանց ունակության վրա: Չնայած հետազոտողները պարզեցին, որ թռչունները դեռևս կարողանում են հաղթահարել այդ դժվարությունները, և առաջարկեցին սահմանափակել AM հաճախականության ռադիոալիքների օգտագործումը, այնուամենայնիվ խայծն արդեն հայտնվել էր համացանցում։
Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի կենսաֆիզիկոս Ջո Կիրշվինկը, ով նույնպես մասնակցել էր վերը նշված հետազոտությանը, նշում է․«Չկա որևէ փաստ, որ ռադիոհաղորդչի ալեհավաքներից (ներառյալ բջջային հեռախոսների աշտարակներից) ավելի քան 10 ՄՀց արձակվող ռադիոալիքները վնասում են թռչուններին»։
«5G-ն սպանում է թռչուններին» ապատեղեկատվության տարածումը սկիզբ առավ Ջոն Քուլեսի (ՉԹՕ մասնագետ) ֆեյսբուքյան գրառումից, որի մեջ նա պնդում էր, թե վերջերս Նիդերլանդներում սարյակների զանգվածային մահվան պատճառը 5G ալեհավաքի փորձարկումն է: Չնայած այն հանգամանքին, որ նշված փորձարկումը տեղի էր ունեցել թռչունների զանգվածային մահվանից ամիսներ առաջ, ֆեյսբուքյան այլ էջեր և բլոգներ, այնուամենայնիվ, տարածեցին այդ գրառումը:
Ամեն ինչ ավելի սրվեց և խճճվեց, երբ լույս տեսավ հնդկական գիտական բլոկբաստեր «2.0»-ն, որը կարճ ժամանակահատվածում ձեռք բերեց երկրպագուների ստվար զանգված։ Ֆիլմի հիմնական գաղափարը պտտվում էր «թե ինչպես են տեխնոլոգիաները ոչնչացնում մեր կյանքը» մտքի շուրջ։ «2.0»-ն անդրադարձել էր նաև Քուլեսի անհիմն տեսությանը։
Իհարկե, ապատեղեկատվության տարածումն այստեղ կանգ չառավ ․ «2.0»-ի երկրպագուները YouTube-ում գտան 2012 թվականի մի տեսանյութ, որում Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Թրևիս Լոնգքորը ներկայացնում էր իր ուսումնասիրությունը, որի տվյալներով հաղորդակցման աշտարակները հանդիսանում են տարեկան 6.8 միլիոն թռչունների մահվան պատճառ: Այնուամենայնիվ, «2.0»-ի երկրպագունները, կարծես թե անտեսեցին, որ Լոնգքորի հետազոտությունը թռչունների մահվան պատճառը վերագրում է հաղորդակցման աշտարակներում օգտագործվող լույսերին, այլ ոչ թե էլեկտրամագնիսական ճառագայթմանը:
Իրադարձությունների նմանատիպ հաջորդականությունը՝ ճչուն վերնագրեր, «կիսաճշմարտությունների» (half-truths) հրապարակում, կեղծիքի տարածում և այս ամենի բազմակի կրկնումը տարբեր հարթակներում, հանգեցնում են նրան, որ ապատեղեկատվությունը համացանցում դառնում է առօրեական։
Իսկ նման դեպքերում հարցը միայն նոր տեխնոլոգիաների զարգացման խոչընդոտը չէ, այլև այն, որ մարդկանց ուշադրությունը շեղվում է շրջակա միջավայրի առջև ծառացած բազմաթիվ իրական և հրատապ խնդիրներից:
Հրապարակման պատրաստեց ita.am-ը