Ռատգերսի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները նոր ուսումնասիրության արդյունքում եզրակացրել են, որ ասթման և ալերգիաները կարող են առաջանալ վաղ մանկության ընթացքում հակաբիոտիկների ընդունման պատճառով. հակաբիոտիկները վնասում են աղիների միկրոֆլորան, իսկ միկրոֆլորայի հետ կապված խնդիրների պատճառով առաջանում են իմունային խնդիրներ:
Իմունային համակարգը պետք է պաշտպանի մեզ պաթոգեն միկրոբներից։ Սակայն աղիներում մենք ունենք բազմաթիվ օգտակար սիմբիոտիկ բակտերիաներ, առանց որոնց մենք չենք կարող ապրել: Իմունային համակարգի բջիջները պետք է կարողանան տարբերել մեկը մյուսից, և պետք է դա սովորեն որքան հնարավոր է շուտ, այսինքն՝ մանկության տարիներից:
Շփվելով սիմբիոտիկ բակտերիաների հետ՝ իմունային համակարգը հասկանում է, որ պետք է վերահսկի ինքն իրեն, որ հարձակվելուց առաջ պետք է համոզվի, որ իր առջև իսկապես վտանգավոր «թշնամի» է։ Ալերգիաներն ու աուտոիմուն հիվանդությունները կապված են հենց իմունային համակարգի գրգռվածության բարձրացման և անխտրության հետ։ Իմունային համակարգը բուռն արձագանքում է անվնաս նյութերին և նույնիսկ սեփական մարմնի բջիջներին, քանի որ իրեն թվում է, թե դրանք սպառնալիք են ներկայացնում: Ենթադրվում է, որ իմունային համակարգի հիպերգրգռվածությունն ու անխտրությունը, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված են նրանով, որ մանկության տարիներին այն քիչ է շփվել բակտերիաների հետ՝ թե՛ օգտակար, թե՛ վնասակար:
Նոր փորձի ժամանակ հինգ օրական մկներին տրվել էին հակաբիոտիկներ՝ ազիտրոմիցին և ամոքսիցիլին, իսկ մեծանալուց հետո նրանց ներարկել էին ակարների (տիզ) ալերգեններ (որոնք ինքնին ոչ մի վտանգ չէին ներկայացնում օրգանիզմի համար), այսինքն՝ տնային փոշու տիզերի մարմնի բեկորները և դրանց նյութափոխանակության արտադրանքները։ Տնային փոշու տիզերը ասթմայի առաջացման հիմնական պատճառներից են, դրանց պատճառով նաև կարող են առաջանալ մաշկային ալերգիաներ, խոտային տենդ և ալերգիկ կոնյուկտիվիտ: Ի պատասխան ակարների ալերգենների՝ մանուկ հասակում հակաբիոտիկ ստացած մկների մոտ բարձրացել էին ալերգիկ հակամարմինների՝ իմունոգոլոբուլիններ E, IgE, և ինտերլեյկին-13 (IL-13) ազդանշանային սպիտակուցի մակարդակները, ինչն ընդհանուր առմամբ վկայում էր ալերգիկ բորբոքման մասին։ Այն մկների մոտ, որոնք մանկության տարիներին հակաբիոտիկներ չէին ստացել, նման բան տեղի չէր ունեցել, նրանց իմունային համակարգը հանգիստ էր արձագանքել ալերգեններին:
Կարևոր է, որ հակաբիոտիկները մկներին տրվել էին թերապևտիկ չափաբաժիններով, այսինքն՝ մկների մոտ, դեղորայքն ընդունելու կուրսից հետո, աղիներում որոշ միկրոֆլորա դեռ մնացել էր, հակաբիոտիկներն ամենը չէին ոչնչացրել։ Բայց ակնհայտ է, որ սիմբիոտիկ բակտերիաների համար դա այնուամենայնիվ ցնցում էր:
Հաջորդ փորձի ժամանակ հետազոտողները վերցրեցին այլ չափահաս մկներ և փոխպատվաստեցին դրանց նախորդ փորձի մկների միկրոֆլորայի նմուշները ՝ մանկության տարիներին հակաբիոտիկներ ստացածներից և առանց հակաբիոտիկների մեծացածներից:
Օտար միկրոֆլորայով հասուն մկները ոչ մի կերպ չէին արձագանքում ակարների ալերգեններին, որովհետև նրանց իմունային համակարգն արդեն լիովին ձևավորված էր: Բայց պարզվեց, որ մանկության տարիներին հակաբիոտիկներ ստացածների միկրոֆլորայով մկների սերունդներն արդեն հակված էին ալերգիայի։ Իսկ այն մկների սերունդները, ում փոխպատվաստվել էր առանց հակաբիոտիկների մեծացած մկների միկրոֆլորան, միանգամայն նորմալ էին՝ առանց ալերգիայի հակման։
Թեև փորձերը կատարվել էին մկների վրա, սակայն աշխատանքի հեղինակները կարծում են, որ մարդկանց մոտ ամեն ինչ քիչ թե շատ նույն կերպ է տեղի ունենում։ Իհարկե, ալերգիան ունի բազմաթիվ պատճառներ, այդ թվում՝ բնածին գենետիկական պատճառներ։ Բայց, այնուամենայնիվ, ավելի լավ է երեխաներին հնարավորինս պաշտպանել հակաբիոտիկներից՝ դրանք կիրառելով միայն այն դեպքում, երբ դա իսկապես անհրաժեշտ է։