Հորմոնալ թերապիան կարող է օգնել ազատվել դաշտանադադարի ախտանիշներից, ինչպիսիք են գիշերային քրտնարտադրությունը, քնի խանգարումները, հեշտոցային խնդիրները, սեռական խնդիրները եւ ոսկրերի խտության կորուստը: Սակայն արդեն վաղուց հարցեր կան այն մասին՝ արդյո՞ք հորմոնալ թերապիան, այդ թվում՝ պրոգեստոգենները եւ էստրոգենը միասին կամ միայն էստրոգենը, բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը կանանց մոտ:
Menopause ամսագրում հրապարակված նոր ակնարկը՝ այլ բացահայտումների հետ միասին, շատ հարցերի պատասխան է տալիս, նշել են բժշկության դոկտորներ Ջոան Փինկերթոնը եւ Քերոլին Ուիլսոնը։
Փինկերթոնը եւ Վիլսոնն իրենց մտքերով կիսվել են ակնարկն ուղեկցող խմբագրական հոդվածում, որը համահեղինակել է Ֆլորիդայի համալսարանի բժշկական քոլեջի բժշկուհի Էնդրյու Մ. Կաունիցը:
Հետազոտության արդյունքները, ըստ Փինկերթոնի եւ մյուս համահեղինակների, ցույց են տալիս, որ դաշտանադադարի ընթացքում ընդունված հորմոնալ թերապիան չի մեծացնում ինվազիվ կրծքագեղձի քաղցկեղի վտանգը հիստերէկտոմիա տարած կանանց մոտ:
Խմբագրական հոդվածում նշում է, որ էստրոգենը պրոգեստերոնի հետ միասին մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի վտանգն այն կանանց մոտ, ովքեր հիստերէկտոմիա չեն տարել, հատկապես՝ երկարատեւ կիրառման դեպքում: Սակայն հեղինակները մատնանշում են մեկ այլ հետազոտություն, որը ցույց է տվել, որ բարձր ռիսկը մահվան ռիսկի բարձրացման չի հանգեցնում։
Բացի այդ, գիտնականները նշում են, որ ոչ բոլոր պրոգեստոգեններն են՝ դեղամիջոցները, որոնք պաշտպանում են արգանդը էստրոգենով խթանված քաղցկեղից, կրծքագեղձի քաղցկեղի զարգացման նույն ռիսկը կրում: Պարզվել է, որ միկրոնիզացված պրոգեստերոնի եւ դիդրոգեստերոնի հետ զուգակցված էստրոգենը չի մեծացնում կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը նույն չափով, ինչ մյուս համակցությունները։
Հոդվածի հեղինակները խորհուրդ են տալիս հիվանդներին եւ նրանց բժիշկներին պարբերաբար վերանայել բուժումը շարունակելու նպատակահարմարությունը՝ միաժամանակ շարունակելով կաթնագեղձերի հետազոտությունը եւ կրծքագեղձի վիզուալիզացումը։