1958-ի ամռան սկիզբն էր: Թատերաշրջանը մոտենում էր յուր ավարտին
…Բեմ մտավ Օթելլոն: Հրաշալի ակնթարթ, որպիսին մինչ այդ չէի տեսել: Սա այն Օթելլոն չէր, որ երկու օր առաջ բեմ ելավ նույն տեղից: Ավելի խոշորակազմ թվաց և ավելի հզոր, ավելի խնդուն: Ու հրճվանքով լցվեցին ներկաների սրտերը: Բացվեցին Օթելլոյի արնաներկ – շուրթերը, շողաց ատամնաշարը, և թռավ առաջին բառը «տոնական» ձայնի կրկնակ ուժով:
— Ի՞նչ է պատահել արդյոք,— անձայն հարցրի ինքս ինձ և համակ ուշադրություն դարձած հետևեցի ներկայացմանը. Շուտով հայտնի դարձավ, որ Երևանում է գտնվում Դանիայի մշակույթի մինիստրը իր մարդկանց հետ և դիտում է ներկայացումը: Դեռ առավոտյան լուր էին տվել Փափազյանին այդ մասին, ու արտիստի կրծքում ծովացել էր ազգային արժանապատվության զգացումը…
Դահլիճում նստած էին նաիրյան արևին անծանոթ սպիտակամորթ դանիացիք: Եվ արևը նաիրյան դեռ արշալույսին սպառնում էր խանձել նրանց դեմքերի սպիտակ մորթը: Շիկացումով անցան առաջին երկու գործողությունները, սկսվեց երրորդը: Արևը մոտենում էր զենիթին: Տեղերում անհանգիստ շարժվեցին դանիացիք: Այրվում էին դեմքերը, վառվում՝ աչքերը… Բոցավառվեց թաշկինակի տեսարանը: Հյուսիսաբնակների չափավոր հանդարտությունը փշրվեց այրարատցու հրայրքից, և հիմա դանիացիք դարձած այրարատցիներ՝ ձուլվել էին դահլիճին ու բղավում էին անդադար, «Բրավո՜, բրավո»: Դահլիճը երկար ժամանակ դղրդում էր հորձանքվող ծափերից: Քանիցս փակվեց ու բացվեց վարագույրը… Բանվորը քափ ու քրտինքի մեջ կորած ուժ չգտավ նորից բացելու վարագույրը, թեև դահլիճը շարունակում էր ծափահարել:
Քայլեց արտիստը դեպի հանդերձասենյակ՝ հաղթական խրոխտ, և ուսերն էին օրորվում ճիշտ այնպես, ինչպես Օթելլոյինը՝ բեմում:
— Հիմա թող երթան իրենց երկիրը և պատմեն, թե ինչպիսին է հայ դերասանը,— միջանցքում ինքն իրեն խոսեց արտիստը ու մտավ զարդասենյակ:
Քիչ անց նույն տեղով անցավ Յագոյի դերակատարը, ինչպես կանցներ բեռնակիրը անասելի ծանր բեռը ուսերից
իջեցնելուց հետո: Նա թաշկինակը ստեպ-ստեպ մոտեցնում էր դեմքին՝ քրտինքը չորացնելու:
— Ո՛ւֆ, — տնքաց նա, երբ դիմացը ելան մի խումբ երիտասարդ դերասաններ, որոնք նույնպես քիչ առաջ իջել էին բեմից:
— Հը, Ավետ Մարկիչ, հոգնեցի՞ք,— հարցրեց նրանցից մեկը ժպտալով:
Եվ իրոք, անկարելի էր չժպտալ Ավետիսյանին հանդիպելիս: Նա գիտեր դիմացինից ժպիտ կորզելու գաղտնիքը, որ բնության մեծ պարգևն էր դերասանին:
— Տղերք, եկեք ինձ մոտ, բան ունեմ ասելու,— դիմեց տղաներին դերասանը՝ ավետիսյանական անկրկնելի շեշտով:
Երիտասարդները զվարճալի մի պատմություն լսելու ակնկալությամբ լցվեցին նրա զարդասենյակը: Հաջորդ արարին բավական ժամանակ կար: Ծանր ու անհարմար էին դեկորները, ինչպես և բեմադրությունն ամբողջովին: Այնպես որ, ընդմիջումը տևում էր մոտ քսան րոպե:
Ընկղմվեց Ավետիսյանը բազկաթոռի մեջ, լայն դեմքին՝ երանելի մի արտահայտություն, այն, երբ մարդը կամենում է հսկայական կարևորություն տալ իր խոսքին: Ավետիսյանի համար չկար անկարևոր խոսք, բոլոր խոսքերն էլ կարևոր էին։ Եվ դա ձևացում չէր, այլ խորին համոզմունք, ստեղծագործական հավատամք: Ուստի նրան լսելը բավականություն էր և ժպիտ էր պարգևում ամեն անգամ ժպիտ չունեցող մարդկանց նույնիսկ: Ուրիշները մի ամբողջ կյանք պիտի ապրեին, որ կարենային նման մի արտահայտություն տալ դեմքին, ինչին հեշտ ու հանգիստ հասնում էր Ավետիսյանը ամեն րոպե:
Սա ի՜նչ դերասան է, եղբայր… Չէ, սա դերասան չէ, դև է… սա ի՞նչ խաղ է, ի՞նչ արվեստ… Էդ ինչ վիթխարի ուժ է ….
Տղաները իսկույն կռահեցին, թե ում մասին է խոսքը ու զարմացան Ավետի այդպիսի «առատաձեռնության» վրա։ Հայացքներ փոխանակեցին, բայց Հետո բնական գտան, քանզի իրենք էլ ականատես էին բեմում փափազյանական հրավառությանը:
Ավետիսյանը երկար, շատ երկար խոսեց, թվարկեց Փափազյանի արվեստի բարեմասնությունները և աչքերի մեջ շողք, սրտում հրավառ մի զգացում, դեմքին լայն ժպիտ, որը կարելի էր ընկալել որպես ինքնահիացումի արտահայտություն, բազմանշանակալի դադարից հետո շարունակեց.
— Դերասան է պետք, է՛, որ հետը գնա, տղամարդ` դերասան,— ասաց՝ իսկույն խոսքերը զուգորդելով բութ և միչին մատների յուրահատուկ համադրությամբ, ձեռքի ավետիսյանական շարժումով:
— Էդ ես եմ, է՜, որ ինձ… — այս ասելով երկու ցուցամատերը կիպ կպցրեց իրար, աջը մի մատնաչափ ետ պահելով ձախից,— … որ ինձ ճեղքում եմ, համա՛, համառ հասնում եմ։
Պոռթկաց տղաների ծիծաղը: Ձախ ցուցամատը, որ խորհրդանշում էր Օթելլոն, ետ մնաց մի ամբողջ մատնաչափ, աջը՝ Յագոն, առաջ անցավ, ստեղծելով «մենամարտի այն պատկերը, որ Ավետիսյանի երևակայությունը կարող էր հորինել միայն…
Այս երեկոյից մնաց հուշը՝ նաիրյան արևից խանձված, այրված դանիացոց դեմքերը, և մեկ էլ երկու ցուցամատերի «մենամարտ-մրցույթը»…
Գևորգ Աբաջյան, «Արտիստը Ինչպես Տեսա»
Նկարում ՝ Վահրամ Փափազյանը և Ավետ Ավետիսյանը «Օթելլո» ներկայացման մեջ։