Ֆրանսիացի չափահասաների շրջանում կատարված մեծ հետազոտությունը, որի արդյուննքները հրապարակվել են The BMJ ամսագրում, ցույց է տալիս, որ հնարավոր ուղղակի կապ կա արհեստական քաղցրացուցիչների շատ օգտագործման եւ սրտանոթային հիվանդությունների, այդ թվում՝ ինֆարկտի եւ ինսուլտի ռիսկի միջեւ:
Արհեստական քաղցրացուցիչներ պարունակվում են հազարավոր մթերքներում ամբողջ աշխարհում, հատկապես գերմշակված մթերքներում, ինչպիսիք են արհեստականորեն քաղցրացված ըմպելիքները, որոշ խորտիկներ եւ ցածր կալորիականությամբ պատրաստի ուտեստները:
Առողջապահության եւ բժշկական հետազոտությունների ֆրանսիական ազգային ինստիտուտի (Inserm) աշխատակիցները եւ նրանց գործընկերները 103 388 մասնակիցների (միջին տարիքը 42, 80 տոկոսը՝ կանայք) տվյալներ են օգտագործել NutriNet-Santé ուսումնասիրության մեջ, որը մեկնարկել է Ֆրանսիայում 2009 թվականին՝ սննդի եւ առողջության կապն ուսումնասիրելու նպատակով։
Համեմատած նրանց հետ, ովքեր արհեստական քաղցրացուցիչներ չեն օգտագործել, դրանց սպառողները, որպես կանոն, ավելի երիտասարդ են եղել, ունեցել են մարմնի զանգվածի ավելի բարձր ինդեքս, հաճախ են ծխել, ֆիզիկապես ավելի քիչ ակտիվ են եղել եւ նիհարելու դիետա են պահել:
Հետազոտման ինը տարիների ընթացքում միջինը 1502 սրտանոթային իրադարձություն է տեղի ունեցել: Դրանց թվում եղել են՝ սրտի նոպա, ստենոկարդիա, տրանզիտորային իշեմիկ գրոհ եւ ինսուլտ:
Հետազոտողները պարզել են, որ արհեստական քաղցրացուցիչների ընդհանուր օգտագործումը կապված է սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկի հետ (բացարձակ ցուցանիշ՝ 346-ը 100 000 մարդուց դրանք օգտագործողների եւ 314-ը 100 000 մարդուց՝ չօգտագործողների շրջանում):
Արհեստական քաղցրացուցիչներն ավելի սերտ են կապված եղել ուղեղի անոթային հիվանդությունների ռիսկի հետ (բացարձակ ցուցանիշ՝ 195-ը 100 000 մարդուց դրանք օգտագործողների եւ 150-ը 100 000 մարդուց՝ չօգտագործողների շրջանում):