Հայտնաբերվել է կապ մենակության եւ 2-րդ տեսակի դիաբետի առաջացման վտանգի միջեւ
Advertisement 1000 x 90

Հայտնաբերվել է կապ մենակության եւ 2-րդ տեսակի դիաբետի առաջացման վտանգի միջեւ

Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Diabetologia ամսագրում, ցույց է տվել, որ մենակության զգացումը կապված է 2-րդ տեսակի դիաբետի առաջացման զգալիորեն ավելի բարձր ռիսկի հետ։

Հետազոտությունն անցկացրել են դոցենտ Ռոջեր Հենրիկսենը եւ նրա գործընկերներն Արեւմտյան Նորվեգիայի կիրառական գիտությունների համալսարանից։ Մենակության եւ 2-րդ տեսակի դիաբետի առաջացման վտանգի միջեւ կապն ուսումնասիրելուց բացի՝ հետազոտությունն անդրադարձել է նաեւ դրա՝ դեպրեսիայի եւ անքնության հետ կապին։

Հետազոտության 24 024 մասնակիցներից 1 179-ը (4,9 տոկոս) հետազոտության ամբողջ ընթացքում (1995-2019թթ.) 2-րդ տեսակի դիաբետ է ձեռք բերել։ Այդ մարդիկ ավելի հաճախ տղամարդիկ էին (59 տոկոս՝ կանանց 44 տոկոսի դիմաց) եւ միջինից բարձր տարիքի (48 տարեկան՝ կանանց 43-ի դիմաց), քան նրանք, ովքեր չէին տառապում 2-րդ տեսակի դիաբետով։ Նրանք նաեւ ավելի հաճախ էին ամուսնացածի կարգավիճակում (73-ը՝ 68-ի դիմաց) եւ ունեին կրթության ամենացածր մակարդակը (35-ը՝ 23-ի դիմաց)։ Մենակության զգացման մասին տեղեկացրել է մասնակիցների 13 տոկոսը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ մենակության ավելի բարձր մակարդակը ելման մակարդակում սերտորեն կապված էր 2-րդ տեսակի դիաբետի ավելի բարձր ռիսկի հետ 20 տարի հետո։ Տարիքի, սեռի եւ կրթության մակարդակի ճշգրտումից հետո հետազոտողները հայտնաբերել են, որ այն մասնակիցները, որոնք պատասխանել էին «շատ ուժեղ» այն հարցին, թե արդյոք իրենց մենակ են զգացել, երկու անգամ ավելի հաճախ են հիվանդացել 2-րդ տեսակի դիաբետով, քան նրանք, ովքեր իրենց մենակ չեն զգացել։ Հետագա ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ փոխկապվածությունը չի փոխվել դեպրեսիայի, անքնության կամ տերմինալ անքնության առկայության դեպքում, չնայած հետազոտողների խումբը գտել է անքնության հետ կապված ապացույցներ։

Չնայած հետազոտությունը չի ուսումնասիրել ճշգրիտ մեխանիզմեր, հետազոտողները նշել են, որ սոցիալական աջակցությունը, ազդեցությունը եւ ներգրավվածությունը կարող են դրական ներգործություն ունենալ առողջության ամրապնդմանը նպաստող վարքագծի վրա։ Օրինակ, ընկերոջ խորհուրդը եւ աջակցությունը կարող են ազդել մարդու ընտրության վրա առողջության հարցում եւ դրական ներգործություն ունենալ նրա սննդակարգի, ֆիզիկական ակտիվության եւ սթրեսի ընդհանուր զգացողության վրա։ Սոցիալական կապերի ավելի ցածր քանակությունը եւ նման դրական ազդեցության բացակայությունը կարող են մենակ մարդկանց ավելի խոցելի դարձնել վարքագծի հարցում, ինչը կարող է բարձրացնել 2-րդ տեսակի դիաբետի առաջացման հավանականությունը։

news.am