Տարիքի հետ մարդու օրգանիզմում որոշակի փոփոխություններ են տեղի ունենում, որոնք էլ հանգեցնում են այս կամ այն խնդրի զարգացման, ուստի դրանց մասին ժամանակին իմանալն ու միջոցներ ձեռնարկելը շատ կարևոր է։ Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սվետլանա Կանևսկայան gazeta.ru-ի հետ զրույցում ներկայացրել է՝ ինչ փոփոխություններ են տեղի ունենում օրգանիզմում 40 տարեկանից հետո և ինչ հիվանդությունների են դրանք հանգեցնում։
Մասնագետի խոսքով՝ 40 տարեկանից հետո օրգանիզմում առաջին հերթին փոխվում է հորմոնալ ֆոնը։ Այդ տարիքում նվազում է հորմոնների մակարդակն ու մկանայի հյուսվածքների ծավալը, դանդաղում է աճն ու մեծանում է սարկոպենիայի և օստեոպորոզի զարգացման հավանականությունը։
«Տարիքի հետ կալցիումն սկսում է դուրս գալ օրգանիզմից։ Ոսկորները դառնում են ավելի փխրուն ու հեշտ կոտրվող։ Կալցիումի ու մագնեզիումի փոխանակության փոփոխությունների դեպքում մարդու մոտ նկատվում է թուլություն, նա վատ է քնում ու դժվարությամբ է արթնանում առավոտյան», – ասել է Կանևսկայան։
Նրա խոսքով՝ այս ամենի հետ մեկտեղ տղամարդկանց մոտ կարող է նաև ավելորդ քաշ կուտակվել, ինչը պայմանավորված է տեստոստերոնի մակարդակի նվազմամբ։
Բացի այդ, 40 տարեկանից հետո բարձրանում է նաև շաքարային դիաբետի, տեսողության հետ կապված խնդիրների ու անոթների վիճակի վատթարացման հավանականությունը։ Ավելին՝ մարդու ռեակցիաների արագությունը նվազում է, ինչի հետևանքով նա ավելի դանդաղ է տարբերակում ու մտապահում տեղեկությունը, հավելել է փորձագետը։