Կարիես առաջացնող մանրէներին սնկերն են տեղափոխում ատամների մակերեւույթով
Advertisement 1000 x 90

Կարիես առաջացնող մանրէներին սնկերն են տեղափոխում ատամների մակերեւույթով

Բակտերիաների եւ սնկերի բջիջները թքի մեջ կոնգլոմերատներ են կազմում, ինչը նպաստում է կարիեսի զարգացմանը, ցույց է տվել գիտնականների միջազգային խմբի հետազոտությունը։

Վերջին տարիներին աճում են ապացույցները, որ ոչ միայն թթուներ արտադրող բակտերիաները, այլ նաեւ Candida տեսակի սնկերն են նպաստում բերանի լորձաթաղանթի բորբոքային հիվանդությունների զարգացմանը եւ կարիեսի առաջացմանը (առաջին հերթին երեխաների մոտ): Եվ դա չնայած այն հանգամանքին, որ Candida-ն ինքնին չի ոչնչացնում ատամները։ Մարդու բերանի խոռոչում սնկերի եւ բակտերիաների փոխազդեցության մանրամասները դեռեւս վատ են ուսումնասիրված:

Փենսիլվանիայի համալսարանի մանրէաբաններն ու ատամնաբույժները, համագործակցելով մի քանի ամերիկյան, գերմանական եւ շվեյցարական համալսարանների գիտնականների հետ, Կնուտ Դրեշերի եւ Հյուն Կուի ղեկավարությամբ ուսումնասիրել են երեխաների թքի մեջ բիոթաղանթի ձեւավորումն ու գործունեությունը: Նրանց ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:

Սկզբում նրանք ուսումնասիրել են վաղ մանկության կարիեսով երեսուն երեխաների եւ տասնչորս առողջ երեխաների թքի նմուշները: Մանրադիտակով զննումը ցույց է տվել, որ կարիեսի ժամանակ բակտերիաները համայնքներ են կազմում սնկերի պսեւդոմիցելիաների հետ, իսկ առողջ երեխաների թքի մեջ եղել են միկրոօրգանիզմների հիմնականում միայնակ բջիջներ: Կոնգլոմերատները բաղկացած են եղել Streptococcus mutans բակտերիաներից եւ Candida albicans սնկերից, որոնք միացել են պոլիսախարիդների միջոցով, որոնց առաջացման համար պատասխանատու են բակտերիաները: Նման կոնգլոմերատի կենտրոնում գտնվում են բակտերիալ եւ սնկային բջիջներ, ծայրամասում՝ սնկային:

Հեղինակները վերստեղծել են ex vivo կարիեսը՝ օգտագործելով հիդրօքսիապատիտային նյութ (ատամի մակերեսի իմիտացիա ստեղծող) եւ ստերիլիզացված թուք, որին ավելացվել են միկրոօրգանիզմներ, եւ ստացել են նույն մանրէաբանական համայնքները:

Բիոթաղանթի ձեւավորման սկզբնական փուլի դիտարկումը հնարավորություն է տվել բացահայտել ստրեպտոկոկների արտագաղթի ձեւը, որը հեղինակներն անվանել են «ավտոստոպով ճամփորդություն»: Ատամի մակերեսին ամրանալուց հետո համայնքն ընտրում է աճի ուղղությունը։ Սնկերի պսեւդոմիցելիաների աճը բարձրացնում է բակտերիալ բջիջները մակերեսից եւ տեղափոխում է ստրեպտոկոկները՝ սնկերի վրա «քայլելով» սուբստրատի մակերեսով։

Բիոթաղանթի ձեւավորման սկզբնական փուլում միգրացիայի արագությունը հասել է ժամում մոտ 15 միկրոմետրի: Candida-ի շնորհիվ ստրեպտոկոկները երեք անգամ ավելի շատ մակերես են գրավել, քան մաքուր կուլտուրայի վերահսկման փորձի ժամանակ:

Այսպիսով, սնկերը վնասակար բակտերիաների տրանսպորտի դեր են խաղում: Թերեւս այս բացահայտումը նպաստի կարիեսի կանխարգելման ավելի արդյունավետ միջոցների ստեղծմանը։

med.news.am