Մարդիկ, որոնք քիչ կամ առիթից առիթ են ծխում, կարող են ուժեղ կախվածություն ունենալ նիկոտինից, վկայել է ամերիկացի գիտնականների կատարած հետազոտությունը, որը հրապարակվել է American Journal of Preventive Medicine-ում։
«Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ շատ թեթեւ ծխողներ, ներառյալ նրանք, ովքեր ամեն օր չէ, որ ծխում են, կարող են կախված լինել նիկոտինից»,- ասել է Փենսիլվանիայի նահանգի համալսարանի պրոֆեսոր, հետազոտության համահեղինակ Ջոնաթան Ֆաուլդսը։
Այսօրվա դրությամբ բժիշկների շրջանում տարածված է այն կարծիքը, որ օրական 10 ծխախոտից պակաս ծխող մարդիկ թույլ կախվածություն ունեն նիկոտինից։
Գիտնականները հետազոտությունում ներառել են ավելի քան 6 700 ծխողի տվյալներ Առողջության ազգային ինստիտուտի տվյալների շտեմարանից։ Բոլոր մասնակիցները լիովին զննվել են՝ նիկոտինային կախվածությունը (խանգարում՝ կապված ծխախոտի օգտագործման հետ) ստուգելու համար, 11 ախտորոշիչ չափանիշների հիման վրա։
Նիկոտինից որոշակի կախվածություն հետազոտության հեղինակները հայտնաբերել են մասնակիցների 85 տոկոսի մոտ։ Նիկոտինից կախված է եղել այն մարդկանց երկու երրորդը, որոնք օրական մեկից չորս ծխախոտ են ծխել, եւ նրանց մեկ քառորդը, ովքեր ծխում են ոչ ամեն օր։
Կախվածության ծանրությունը (որոշվում է ախտորոշիչ չափանիշների քանակով, որոնց համապատասխանում է մարդը) կապված է եղել ծխած սիգարետների քանակի հետ։ Միջին կամ ծանր կախվածություն է հայտնաբերվել օրական 21 եւ ավելի ծխախոտ ծխող մարդկանց 74 տոկոսի մոտ, եւ 35 տոկոսի մոտ, ովքեր ծխել են մեկից չորս ծխախոտ։
Հեղինակներն ընդգծել են, որ ծխախոտի օգտագործման հետ կապված խանգարումն ավելի շատ է տարածված, քան ընդունված է կարծել։ Բժիշկները հաճախ կողմնորոշվում են միայն պացիենտների ծխած սիգարետների քանակով։ Ուստի, շատ մարդիկ, որոնք նիկոտինից կախվածություն ունեն, մնում են առողջապահության տեսադաշտից դուրս։