Կանայք տղամարդկանց համեմատ ավելի քիչ են սեքս ուզում զունգընկերոջ հետ՝ տեստոստերոնի ցածր մակարդակի պատճառով: Օկլահոմայի պետական համալսարանի հոգեբանների հետազոտության արդյունքները հրապարակվել են Biological Psychology ամսագրում։
Գիտնականների կարծիքով՝ սեքսի ցանկության այս անհամապատասխանությունը կարող է նպաստել հարաբերություններում խնդիրների առաջացմանը։ Օրինակ, կանանց ցածր սեռական ցանկությունը կանխատեսում է ամուսնության մեջ դժգոհություն երկու զուգընկերների համար:
Հետազոտությանը մասնակցել են 48 զույգ նորապսակներ: Բոլոր մասնակիցներն անցել են ճանաչողական ունակությունների թեստ՝ արական եւ իգական սեռային դերերի հարցում եւ թքի անալիզ՝ տեստոստերոնի մակարդակը որոշելու համար:
Այնուհետեւ կամավորները 14 օր հարցաշար են լրացրել իրենց ամուսնու նկատմամբ ունեցած սեռական հակման, ամուսնության մեջ բավարարվածության, սթրեսի, ինքնագնահատականի, սեքսի եւ տրամադրության մասին: Արդյունքները ցույց են տվել, որ տղամարդիկ ավելի ուժեղ սեռական հակում են ունեցել իրենց զուգընկերոջ հանդեպ, ինչպես նաեւ՝ տեստոստերոնի ավելի բարձր մակարդակ:
«Մենք սեռային տարբերությունների բացատրության համար միաժամանակ ուսումնասիրեցինք կենսաբանական, ճանաչողական եւ էմոցիոնալ գործոնների դերը սեռական հակումների մեջ: Պարզվեց, որ տղամարդկանց եւ կանանց միջեւ տեստոստերոնի մակարդակի տարբերությունը միակ գործոնն է, որն օգնեց բացատրել տղամարդկանց մոտ բարձր սեռական ցանկությունը»,- պարզաբանել են հոգեբանները:
Ստացված արդյունքները կարող են նշանակություն ունենալ զույգերի սեռական թերապիայի համար: Հետագայում գիտնականները կշարունակեն ուսումնասիրել այն գործոնները, որոնք ազդում են տղամարդկանց եւ կանանց հակումների վրա։