Քնի պակասը կանանց զրկում է կարիերայի աճի ամբիցիաներից
Advertisement 1000 x 90

Քնի պակասը կանանց զրկում է կարիերայի աճի ամբիցիաներից

Քնի պակասը մեզ ստիպում է մտածել ավելի շատ քնելու, քան աշխատանքի և արդյունավետության մասին, և թվում է, որ այս առումով տղամարդիկ և կանայք չպետք է շատ տարբերվեն միմյանցից։ Բայց պարզվում է, որ կարիերայի հեռանկարների առումով քնի պակասն ավելի շատ է հարվածում կանանց, քան տղամարդկանց։

Վաշինգտոնի ​​համալսարանի աշխատակիցները հասկանալու համար հնարավոր տարբերությունները գիտափորձ են անցկացրել․ նրանք երկու շաբաթ շարունակաբար հետևել են լրիվ դրույքով աշխատող 135 տղամարդկանց և կանանց։ Ամեն օր գիտափորձի մասնակիցները պատմել են, թե ինչպես են քնել նախորդ գիշերը և ինչպես են իրենց զգում՝ ներառյալ աշխատանքի վերաբերյալ իրենց տրամադրվածությունը (ինչպես են վերաբերվում իրենց պարտականություններին, կարգավիճակին և գործընկերների վրա ունեցած ազդեցությանը): Տրամադրվածության և աշխատանքի մասին հարցերին պետք էր երկու անգամ պատասխանել՝ կեսօրից հետո և երեկոյան։

Հետազոտության բոլոր մասնակիցները որոշ գիշերներ բավականաչափ քնում էին, բայց որոշ գիշերներ՝ ոչ: Բնականաբար, և՛ տղամարդկանց, և՛ կանանց մոտ քնի պակասի պատճառով տրամադրությունը վատացել է։ Միևնույն ժամանակ, վատ քնի պատճառով կանանց կարիերայի ամբիցիաները հաջորդ օրը թուլացել են. նրանք ավելի քիչ արդյունավետություն էին ցուցաբերում աշխատանքում, ավելի քիչ էին մտածում, թե ինչպես բարձրանալ կարիերայի սանդուղքով և այլն։ Հաջորդ գիշեր լավ քնից հետո կարիերայի աճի մասին մտքերը վերադարձել են:

Քնի որակը տղամարդկանց պարագայում ևս որոշակիորեն պայմանավորում էր կարիերայի աճի մասին մտքերը, այնուամենայնիվ ոչ այդքան ընդգծված, որքան կանանց պարագայում։ Ինչպես ենթադրում են հեղինակները, պատճառը կարող է լինել այն, որ սկզբունքորեն տղամարդկանցից ակնկալվում է, որ նրանք պետք է ավելի ջանասեր լինեն կարիերայի աճի հարցում, և, հետևաբար, նրանց ի սկզբանե սովորեցնում են ցանկացած իրավիճակում մտածել աշխատանքի մասին։

Այնուամենայնիվ, այս հարցում մենք կարող եք տարբեր ենթադրություններ կատարել, սակայն եթե խոսում ենք հոգեֆիզիոլոգիական պատճառների մասին, ապա դրանք ամբողջապես և ըստ էության հասկանալու համար անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտություն անցկացնել՝ տարբեր բնավորություններ ունեցող տղամարդկանց և կանանց հետ:

Ընդհանուր առմամբ, քնի պակասը ազդում է մտավոր և ֆիզիոլոգիական մի շարք գործընթացների վրա, նույնիսկ դրա հետևանքով մենք դառնում ենք ավելի ժլատ, ինքնամփոփ կամ պարզապես սկսում ենք ավելի շատ ուտել։

Գիտական հոդվածը հրապարակվել է Sex Roles ամսագրում։

Նյութը հրապարակման է պատրաստել ita.am