Մինչև 2028-ը Հայաստանը նախատեսում է տիեզերք արձակել հայկական ևս 2 արբանյակ
Advertisement 1000 x 90

Մինչև 2028-ը Հայաստանը նախատեսում է տիեզերք արձակել հայկական ևս 2 արբանյակ

Հայաստանը նախատեսում է մինչև 2028 թ․ տիեզերք արձակել հայկական ևս երկու արբանյակ: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում, որտեղ այսօր վարչապետի գլխավորությամբ  անցկացվել է գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվության քննարկում:

Ընդգծելով այս տարվա ընթացքում հայկական ռազմավարական առաջին արբանյակի տիեզերք արձակման փաստը՝ ոլորտի պատասխանատուները նշել են, որ նախատեսվում է 2023 թ․ Հայաստանում ստեղծել արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան, որի գլխավոր գործառույթներից են արբանյակի կառավարումը, տիեզերալուսանկարների ստացումը: Այդ նպատակով ընթացքի մեջ է մասնագետների վերապատրաստման գործընթացը:

Վարչապետի աշխատակազմից NEWS.am Tech-ին հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը կարևորել է այս ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը և շեշտել, որ ոլորտի զարգացումը շարունակելու է լինել կառավարության ուշադրության կենտրոնում:

Հիշեցնենք, որ հայկական առաջին «ArmSat-1» արբանյակի գործունեությանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ նոյեմբերի 18-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը տեղեկացրել էր, որ «ArmSat-1» արբանյակը, որը տիեզերք բաց է թողնվել այս տարվա մայիսի 25-ին, ամբողջությամբ պատրաստ է շահագործման։ Նա նաև ասել էր, որ Հայաստանում մինչև տարեվերջ կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն, որը հնարավորություն կտա արբանյակն ամբողջությամբ կառավարել Հայաստանից: Նախարարը նաև տեղեկացրել էր, որ ԲՏԱ փոխնախարար Ավետ Պողոսյանն իր հերթին ասել էր, որ տիեզերք ուղարկվելիք երկրորդ արբանյակը կլինի արդեն հայկական արտադրության։

ԲՏԱ նախարարության 2022թ. գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ այսօր անդրադարձ է կատարվել նաև Գլոբալ ինովացիոն ցուցիչով Հայաստանի վարկանիշին, արձանագրված դրական և բացասական ցուցանիշներին: Հաջորդիվ ներկայացվել է ստարտափների զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերին, մասնավորապես՝ «Գաղափարից մինչև բիզնես» ծրագրին, որի շրջանակում լավագույն նախագծեր ներկայացրած նորաստեղծ ընկերություններին պետության կողմից տրամադրվում են դրամաշնորհներ, օժանդակություն է ցուցաբերվում վերջիններիս հետագա գործունեությանն ու շուկա մուտք գործելուն:

Վարչապետը կարևորել է ծրագրի իրականացումը և պատասխանատուներին հանձնարարել վերջինիս արդյունավետության բարձրացման նպատակով ձեռնարկել հետևողական քայլեր՝ ընդգծելով բյուջեի կատարողականի բարձր մակարդակի ապահովման, հանրության շրջանում ծրագրի վերաբերյալ առավել լայն իրազեկում իրականացնելու և շահառուների ցանկն ընդլայնելու անհրաժեշտությունը:

Նշվել է, որ հաջողությամբ ընթացքի մեջ է աշխատաշուկայից նոր աշխատակիցներ ներգրավող ընկերություններին աշխատավարձերի եկամտահարկի 50 տոկոսի վերադարձի ծրագիրը, որի շրջանակում պետության կողմից արդեն իսկ տրամադրվել է 2,8 մլրդ դրամ: Զեկուցվել է, որ ՏՏ  մի շարք ընկերություններ Բուհ-մասնավոր հատված ծրագրի միջոցով ընթացիկ տարում ներգրավվել են միջին և բարձր որակավորում ունեցող ավելի քան 700 աշխատակիցների: Ծրագրի բյուջեն այս տարի կազմել է 231 մլն դրամ, իսկ 2023-ին այն կհասնի 311 մլն դրամի:

Օժանդակություն է ցուցաբերվել հայկական ընկերությունների՝ միջազգային ֆորումներին մասնակցությանը: Արդյունքում, ընթացիկ տարվա ընթացքում հայկական տարբեր ընկերություններ միջազգային գործընկերների հետ ստորագրել են 320 մլն դրամի պայմանագրեր:

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել «Հայփոստի»- գործունեությանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, նոր բաժանմունքների ստեղծմանը:

Հեռահաղորդակցության և կապի ոլորտում այս տարի սկսվել են ռեզերվային կառավարման կենտրոնի վերանորոգման աշխատանքները, որոնք դեռևս գտնվում են ընթացքի մեջ: Այնուհետև անդրադարձ է կատարվել թվային հեռուստահեռարձակման ապահովման, թվային ինտերակտիվ հեռուստատեսության համակարգի ներդրման, Հայաստանի տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Նախատեսվում է մինչև 2026 թ․ Հայաստանի բնակավայրերի 80 տոկոսում ապահովել լայնաշերտ կապ և պետական թվային ծառայությունների հասանելիություն:

Հաջորդիվ ներկայացվել են Ինժեներական քաղաքի հիմնման, Գերհամակարգչային ազգային կենտրոնի ստեղծման, կիբեռանվտանգության, թվայնացման ոլորտներում, ինչպես նաև տվյալների ազգային պահոցի ստեղծման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու աշխատանքները:

Ամփոփելով՝ վարչապետն ընդգծել է Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտի, կապի, հեռահաղորդակցության ենթակառուցվածքների  հետևողական ու շարունակական զարգացման ուղղությամբ կառավարության նպատակադրումը և նշել ծրագրերի արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ առաջիկայում ներկայացնել այսօրվա խորհրդակցության ընթացքում բարձրացված խնդիրների ու հարցերի լուծման «ճանապարհային քարտեզ»՝ վերը նշված ուղղություններով առաջ շարժվելու և զարգացում ապահովելու նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԲՏԱ նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

news.am