Ռիթմը բնորոշ է կյանքի բազմազան ոլորտներին։ Այն կարելի է նկարագրել որպես հավասար միավորների պարբերական, կանոնավոր կրկնություն։ Առանց ռիթմի անհնար է պատկերացնել թե՛ երաժշտությունը, թե՛ պարը․ երաժշտությանը ռիթմ է պետք ոչ միայն այն լսելու, այլև դրա տակ պարելու համար։
ՄակՄաստերի համալսարանի (Կանադա) հետազոտողները պարզել են, որ մարդիկ երաժշտության ռիթմը լավագույնս ընկալում են ցածր հաճախականությունների ժամանակ: Ընդ որում ցածր հաճախականությունները ոչ միայն օգնում են ավելի լավ լսել ռիթմը, այլ նաև խրախուսում են մեզ շարժվել:
Գիտափորձի շրջանակներում գիտնականները լաբորատոր սենյակը վերածել էին երաժշտական ակումբի, որտեղ ելույթ էին ունենում էլեկտրոնային պարային ժանրում մասնագիտացած երաժիշտներ։ Այդ ընթացքում փորձարկվող ունկնդիրները նկարահանվում էին տեսախցիկներով, բացի այդ նրանք հատուկ սենսորներ էին կրում, որոնք վերահսկում էին իրենց շարժումները։ «Համերգի» վերջում մասնակիցներին նաև հարցրել էին, թե ինչ տպավորություններ նրանք ունեցան, ինչ լսեցին կամ չլսեցին երաժշտության մեջ, ինչ ֆիզիկական զգացողություններ ունեցան դրանից ևն։
Հատուկ սարքավորումները հնարավորություն էին տվել երաժշտությանն ավելացնել շատ ցածր հաճախականություններ, որոնք մարդկային լսողության կողմից չեն ընկալվում։ Այս հաճախականություններն ավելացվում և հանվում էին երաժշտությունից յուրաքանչյուր երկու րոպեն մեկ։
Արդյունքների վերլուծությունը ցույց տվեց, որ ցածր ռիթմիկ հաճախականությունների դեպքում մարդիկ սկսում էին մոտ 12%-ով ավելի ակտիվ պարել։ Թեև շատ ցածր հաճախականության ձայները լսողությամբ չեն ընկալվում, մենք այնուամենայնիվ զգում ենք դրանք, այսպես ասած, մեր ողջ մաշկով։ Մարմնի մակերևույթից թրթռումներն ավելի խորն են անցնում և հասնում ներքին ականջին և դրա մեջ գտնվող վեստիբուլյար ընկալիչներին: Ներքին ականջը սերտորեն կապված է ուղեղի շարժիչ գոտիների հետ, հավանաբար այդ պատճառով էլ ծայրահեղ ցածր հաճախականության ռիթմը ստիպում է մեզ շարժվել։ Հավելենք սակայն, որ դեռ պարզ չէ, թե այստեղ կոնկրետ ինչ նեյրոֆիզիոլոգիական ազդանշաններ են հրահրվում:
Հրապարակման պատրաստեց ita.am-ը