Մեկ ամիս է, ինչ ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է: Ադրբեջանի այս գործողությունների հետևանքով Արցախի 120.000 բնակչությունը, որից 30.000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունի:
«Այնտեղ կանգնած մարդիկ ընդհանրապես բնապահպանության հետ կապ չունեն: Նրանք պայքարում են Արցախի անկախության դեմ, ուզում են Արցախը հայաթափել և տիրանալ մեր հողին: Ադրբեջանում եղած իրական բնապահպանները հիմա իրենց ընտանիքներով չեն ապրում այդտեղ: Ուղղակի այդ երկրում անհնար է բնապահպանությամբ զբաղվել: Կոռումպացված ու ռեժիմային երկիր է, ու խոսել անկախ բնապահպանությունից, ծիծաղելի է: Այսինքն, մարդիկ պետք է հավատա՞ն, որ ադրբեջանցի բնապահպան կա ու մի հատ էլ կարող է գնալ, կանգնել այնտե՞ղ»,- մեզ հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը:
Նրա փոխանցմամբ՝ բազմաթիվ մարդիկ հրաժարվել են աշխատել միջազգային որևէ հասարակական կազմակերպության հետ, օրինակ, մարդու իրավունքների, կլիմայի փոփոխության թեմաներով, քանի որ կարծում են՝ հետապնդումների կենթարկվեն իրենց երկրում:
«Կարդում եմ ՄԱԿ-ի որոշումները, վերաբերմունքը տարբեր ասիական երկրներում թափոնների մասով. ինչպիսի աղմուկ է բարձրանում, չեք պատկերացնի: Հա, լավ է, բայց եկեք, տեսեք, այստեղ հումանիտար աղետ է»,- նկատեց բնապահպանը: