Անցյալ տարեվերջին Make Sunsets ստարտափի հիմնադիր Լյուկ Իզեմանը Ստորին Կալիֆոռնիայում ծծմբի երկօքսիդով և հելիումով լցված փուչիկների առաջին խմբաքանակն արձակեց դեպի երկինք։
Հելիումով լցված փուչիկների խնդիրն է հասնել ստրատոսֆերա, պայթել և ցրել ծծմբի երկօքսիդի մասնիկները, որոնք կարտացոլեն արևի ճառագայթները։ Հունվարի վերջին Իսեմանը պատրաստվում է արձակել փուչիկների հաջորդ խմբաքանակը և ընդհանուր առմամբ նպատակ ունի կրկնել այս գործողությունը առնվազն 20 տարի, մինչև մոլորակը հարաբերականորեն կսառչի։
Այս տեխնոլոգիան պատկանում է «արևային գեոինժեներության» կատեգորիային, սակայն ներկայիս ձևաչափով այն դեռևս հայեցակարգ է. ոչ ոք լուրջ փորձեր չի իրականացրել այս ոլորտում: Միևնույն ժամանակ, 1989 թվականին ընդունված՝ մթնոլորտում քիմիական նյութերի կարգավորման վերաբերյալ Մոնրեալի արձանագրությունն ունի մի ամբողջ գլուխ, որը նկարագրում է մթնոլորտի վրա ազդեցության այս սկզբունքը: Այն ժամանակ այս մեթոդն առաջարկվում էր, որպես օզոնային շերտի պահպանման խնդրի լուծում, իսկ հիմա մարդկությունը ուղիներ է փնտրում Երկիրը գերտաքացումից փրկելու համար։
Իզեմանի գործողությունները առաջացրել են գիտնականների, բնապահպանների և քաղաքական գործիչների քննադատության ալիք, սակայն նրան կանգնեցնել ներկայումս հնարավոր չէ, քանի որ գոյություն չունի նման օրենք կամ համաձայնագիր, որն արգելում է անհատին զբաղվել գեոինժեներիայով: Նաև, Իզեմանին զգուշորեն, բայց պաշտոնապես աջակցում է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիան, որը կոչ է անում առաջ մղել այս գաղափարը՝ չսպասելով նոր քաղաքական համաձայնությունների և միջազգային կոնսենսուսների։
Իզեմանի և գեոինժեներության կողմնակիցների դիրքորոշումն այն է, որ Երկիրը գտնվում է էկոլոգիական աղետի եզրին, ուստի պետք է այն փրկել ցանկացած միջոցներով և որքան հնարավոր է շուտ։ Հակառակ տեսակետն ունեցողները նշում են, որ Make Sunsets-ը անցանկալի հետևանքների դեպքում չի շտապելու իր վրա պատասխանատվություն ստանձնել: Բացի այդ, Իսեմանը փորձում է որոշում կայացնել ողջ մարդկության համար՝ անտեսելով միլիարդավոր մարդկանց աշխարհաքաղաքական շահերն ու կարծիքները։
Հրապարակման պատրաստեց՝ ita.am-ը