Տիեզերքի գաղութացման մասին նպատակները շարունակում են մնալ գիտնականների ուշադրության կենտրոնում։ Գաղափարն անհնար է առանց հսկա տիեզերակայան-մեգապոլիսների ստեղծման: Ռոչեսթերի համալսարանի (ԱՄՆ) մի խումբ երիտասարդ գիտնականներ առաջարկել են հետաքրքիր գաղափար՝ աստերոիդների բեկորներից կայաններ կառուցելու։
Տիեզերակայանի նման տեսություն ներկայացրել էր ՆԱՍԱ-ի մասնագետների թիմը՝ ֆիզիկոս Ջերարդ Օ՛Նիլի գլխավորությամբ՝ ավելի քան 50 տարի առաջ՝ 1972 թվականին։
Գիտնականներն առաջարկել էին ստեղծել բնակելի տիեզերակայաններ երկու՝ միմյանց հակառակ պտտվող գլանների տեսքով («Օ’Նիլի գլաններ», O’Neill cylinders), որոնք միացված են ընդհանուր առանցքով։ Դրանց պտտման արագությունը պետք է օպտիմալ լինի՝ ինչպես արհեստական ձգողականություն ստեղծելու, այնպես էլ տիեզերական «քաղաքի» բնակիչների հարմարավետ ֆիզիկական կյանքի համար։
Հաջորդող տարիներին տիեզերական բնակավայրեր ներկայացնող գրեթե բոլոր ֆիլմերում ու գրքերում՝ ներառյալ հայտնի «Աստղային ճանապարհը» ֆիլմաշարը և Օրսոն Սքոթ Քարդի «Էնդերի խաղը» վեպը (1985), նման բնակավայրերը պատկերվել են Օ’Նիլի գլանների նմանությամբ։
Ռոչեսթերի հետազոտողները լրացրել են իրենց նախորդների զարգացումը` առաջարկելով գլանները ստեղծել աստերոիդների բեկորներից, որի պակասը մեր արեգակնային համակարգում չկա:
Դրանց հիմնական առավելությունը տիեզերական ճառագայթումից հուսալիորեն պաշտպանվելու ունակությունն է, իսկ թերությունը ցածր ամրությունն է, որը գրավիտացիոն պայմաններում կարող է հանգեցնել դրանց ցրմանը՝ ավելի փոքր բեկորների:
Որպեսզի աստերոիդների չթռչեն և չցրվեն բաց տիեզերում, նախագծի հեղինակներն առաջարկել են այն տեղադրել ցանցային պարկերի մեջ, որոնք պատրաստված են գերթեթև և բարձր ամրության ածխածնային նանոմանրաթելերից: Ըստ նրանց, քանի որ ցանցը հասնի առավելագույն չափի, արհեստական ձգողականության ազդեցությամբ նանոմանրաթելերը կձգվեն՝ հավասարաչափ բաշխելով փռված բեկորները, որոնցից աստիճանաբար կառաջանա բավականաչափ հաստ ու ամուր շերտ, ինչն էլ իր հերթին գլանների ներսում գտնվողների համար կստեղծի բնական պաշտպանություն՝ ճառագայթումից:
Ըստ հեղինակների, սա թույլ կտա բաց տիեզերքում ստեղծել այնպիսի բնակելի տարածք, որը չափերով համեմատելի կլինի օրինակ Նյու Յորքի Մանհեթեն թաղամասի հետ։
Աստերոիդ քաղաքների գաղափարը կարող է շատ հեռու թվալ, մինչև չհասկանանք, որ 1900 թվականին ոչ ոք երբևէ չեր թռչել ինքնաթիռով, սակայն հենց այս պահին հազարավոր մարդիկ հարմարավետ նստած են աթոռնին և անխոչընդոտ սլանում են Երկրի մակերևույթից բավականին բարձր և տասնյակ կիլոմեր ժամ արագությամբ։ Տիեզերական քաղաքներն այժմ կարող են թվալ ֆանտազիա, բայց պատմությունը ցույց է տալիս, որ տեխնոլոգիական առաջընթացի մեկ դարը կարող է անհնարին բաները հնարավոր դարձնել,- նշում է հետազոտության համահեղինակ ֆիզիկայի և աստղագիտության պրոֆեսոր Ադամ Ֆրանկը:
Հրապարակման պատրաստեց ita.am-ը