Գիտնականների միջազգային թիմը մշակել է այնպիսի նյութ, որը հեշտությամբ փոխում է իր ագրեգատային վիճակը, ինչն էլ թույլ է տալիս դրանից ստացված ռոբոտներին անցնել երկու ֆիզիկական վիճակների միջև՝ պահպանելով համակարգի ամբողջականությունը: Հեղուկ մետաղից պատրաստված փոքրիկ ռոբոտները բավականին դիմացկուն են և հաջողությամբ հաղթահարում են դժվարին խոչընդոտներով ճանապարհը՝ ներառյալ անցումը ճաղերի հետևից:
Video S2. MPTM molded in the shape of a Lego minifigure escapes from a cage
Ցանկալի հատկություններով հեղուկ մետաղ ստեղծելու համար ինժեներները նեոդիմից, բորից և երկաթից մագնիսական մասնիկներ են մտցրել համեմատաբար ցածր հալման ջերմաստիճան (մոտ 29,76 ° C) ունեցող մետաղի՝ գալիումի մեջ։ Ինչպես բացատրում են մշակողները, այս մասնիկները միանգամից երկու խնդիր են կատարում՝ ապահովում են անցում ագրեգատային վիճակների միջև և ղեկավարում են շարժումները:
Մետաղը, որի ներսում մագնիսական մասնիկներ կան, ավելի մեծ զգայունություն ունի փոփոխվող դաշտի նկատմամբ: Հետևաբար, ինդուկցիայի միջոցով հեշտ է տաքացնել նյութը և առաջացնել փուլային անցում: Բացի այդ, նման ռոբոտների շարժումները կարելի է կառավարել մագնիսների միջոցով։
Ավանդական ռոբոտները պայմանականորեն բաժանվում են երկու տեսակի՝ կոշտ և ճկուն։ Առաջիններն ավելի կոշտ են և կայուն, մինչդեռ երկրորդներին բնորոշ է շարժունակությունը և փոփոխականությունը: Երկու ծայրահեղություններն էլ ունեն իրենց դրական և բացասական կողմերը:
Հիբրիդային ռոբոտի հնարավորությունները ցուցադրելու համար հետազոտողները դրա համար մի շարք խոչընդոտներից բաղկացած փորձուղի են ստեղծել: Օգտագործելով մագնիսական դաշտը՝ ռոբոտները ցատկել են խրամատներով, մագլցել պատերով և նույնիսկ «կիսվել»՝ մյուս առարկաները միասին տեղափոխելու համար, նախքան նորից հավաքվելը: Փորձարկումներից մեկում մարդանման ռոբոտն անցնում է հեղուկ ագրեգատային վիճակի, որպեսզի դուրս գա ճաղերի հետևից և նորից հավաքվի մեկ ամբողջության մեջ, ինչպես «Տերմինատոր 2» ֆիլմում։
Բացի այդ, ինժեներները ցույց են տվել, որ հեղուկ վիճակում ռոբոտը կարող է զոդել և հավաքել փոքրիկ միկրոսխեմաներ, ինչպես նաև դեղամիջոցներ հասցնել ստամոքս կամ օտար առարկաները հեռացնել դրանից:
Հեղինակները շարունակում են աշխատել տեխնոլոգիայի գործնական կիրառման հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ։
Հրապարակման պատրաստեց ita.am-ը