Հատկապես վերջին շրջանում գիտական և գիտահանրամատչելի կայքերի լրահոսում ավելի ու ավելի շատ են հանդիպում արհեստական բանականությամբ համալրված ռոբոտների մասին հոդվածները, որոնք մասնագիտացված են որևէ ուղղությամբ և շատ հաճախ իրենց հմտություններով գերազանցում են նույն ոլորտի կենդանի աշխատուժին։
Այս անգամ լրահոսում են հայտնվել քանդակագործ-ռոբոտի զարգացման վերաբերյալ հոդվածները։
Քանդակներ ստեղծելը բարդ և երկարատև գործընթաց է, որը վարպետից պահանջում է ոչ միայն բավականաչափ ջանք, այլև՝ տաղանդ: Իտալական Robotor ստարտափը ստեղծել է ռոբոտ, որը կարող է Կարարայի մարմարից քանդակել արվեստի գործեր, որոնք գեղարվեստականարժեքով և գեղեցկությամբ չեն զիջում փորձառու քանդակագործների աշխատանքներին։
Ընկերության հիմնադիրը վստահ է, որ ռոբոտը մեծ հեռանկարներ ունի։ Ռոբոտի գործերը գրեթե չեն տարբերվում մարդկանց կողմից արված քանդակներին։ Մշակողները պնդում են, որ Robotor-ը կարող է փոխարինել մարդ-քանդակագործին 99% դեպքերում։
Միևնույն ժամանակ, ընկերությունը վստահ է, որ իրենց տեխնոլոգիան չի խլի աշխատանքը մարդկանցից։ Ռոբոտը կարող է միայն բարելավել այն, հեշտացնել և արագացնել իրական գլուխգործոցների ստեղծման գործընթացը:
Մոտ 4 մետր բարձրությամբ ռոբոտը ի վիճակի է աշխատել շուրջօրյա՝ մանրակրկիտ կերպով տաշելով մարմարի ամենափոքր բեկորները, նույնիսկ ամենադժվար պայմաններում: Տեխնոլոգիան բոլոր հնարավորություններն ունի հեղափոխական կոչվելու։
Հրապարակման պատրաստեց ita.am-ը