Մեծանուն հայ քաղաքական և պետական գործիչ, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի կերպարը հետաքրքրում է ամենքին։ Մարդկանց հետաքրքրում է ոչ միայն Կարեն Դեմիրճյան քաղաքական գործիչը, այլ Կարեն Դեմիրճյան ընտանիքի որդին ու ընտանիքի հայրը։ Ահա, մի պատմություն, որը պատմել է Ռիմա Դեմիրճյանը՝ Կարեն դեմիրճյանի կինն՝ իր «Հիշատակ» գրքում։
Դեմիրճյանի մայրը՝ Լուսնթագը, 20-րդ դարի սկզբին թուրքերի իրականացրած դաժան ջարդերի ականատեսն էր: Նրա աչքի առաջ կյանքից զրկեցին ողջ ընտանիքին, և ողջ էին մնացել միայն նա ու քույրը, որը ցավոք, կյանքից հեռացավ մանկատանը՝ միայնակ թողնելով Դեմիրճյանի մայրիկին: Այդ տարիներին հայերը փորձում էին որքան հնարավոր է շատ որբերի որդեգրել, որպեսզի նրանք փողոցներում կամ մանկատներում չմնան: Նման մարդկանց թվում էր նաև մեծն բանաստեղծ Թումանյանը․ չնայած արդեն 10 զավակ ուներ, բայց և որդեգրեց տասնյակից ավելի որբերի։ Զարմանալիորեն, թե ճակատագրի հեգնանքով, այդ որբերի թվում էր Դեմիրճյանի մայրը՝ Լուսնթագը:
Գրքում ներկայացված է Լուսնթագի և հարևանների խոսակցությունից մի դրվագ. «Մի անգամ հարևանները սկեսրոջս հարցրեցին. «Լյուսյա, միթե՞ դու հոգապահուստ ոսկի չունես: Չէ՞ որ դու վանեցի ես, իսկ վանեցիները սիրում են ոսկի»: Տիկին Լյուսյան արժանապատվությամբ պատասխանեց. «Ինչու՞ չէ: Ես ունեմ հնօրյա, շատ թանկարժեք երկու ոսկե դրամ»: Հետո ծաղրական նայելով հարևանուհիների հետաքրքրասիրությունից ձգված դեմքերին, ավարտեց. «Դրանք իմ տղաներն են»:
Նա այնքան լավ էր ճանաչում իր որդիներին, որ կանխատեսում էր նրանց ապագան. «Իմ ավագ տղան կդառնա խոշոր գիտնական, ակադեմիկոս, իսկ կրտսերս՝ Հայաստանի թագավոր»: Ասել էր դա այն ժամանակ, երբ Կամոն դեռ ասպիրանտ էր, իսկ Կարենը ՝ արտադրամասի տեխնոլոգ: Նրա մարգարեությունը ընտանիքի արական կեսի մոտ սրամտությունների ու կատակների տեղիք էր տալիս: Իսկ նա շարունակ, համառորեն կրկնում էր՝ ա՛յ, կտեսնե՛ք, ես չեմ լինի, բայց ամեն ինչ կլինի այնպես, ինչպես ես եմ ասել: Իսկապես, նրա բոլոր կանխատեսումները իրականացան, սակայն ոչ Սերոբ Նշանովիչը, ոչ տիկին Լյուսյան արդեն չկային․․․»։