1970-ական թվականներից սկսած գիտնականները հաճախ ստուգում են կենդանիների՝ սեփական արտացոլանքը ճանաչելու ունակությունը «հայելային թեստի» միջոցով։ Այն, որ կենդանին կարող է ինքն իր պատկերը տարբերել իր տեսակի կենդանիների մեջ, ինքնագիտակցության առկայության հիմնական ցուցիչներից մեկն է։ Փորձերը ցույց են տվել, որ իրենց պատկերները կարող են տարբերակել շիմպանզեները, փղերը, շները և պինգվինները։
Մի քանի տարի առաջ նույնիսկ ձկները հաղթահարեցին «հայելային թեստը», և արդյունքներն այնքան անսպասելի էին, որ շատ փորձագետների ստիպեցին կասկածել դրա արժանահավատությանը և շարունակել փորձերը։ Վերջին փորձերի արդյունքները ներկայացնող հոդվածը հրապարակված է PNAS ամսագրում։
Գիտափորձի համար գիտնականները ընտրել են Labroides dimidiatus wrasses տեսակի ձկներին (անգլ․՝ Cleaner fish), որոնք բավականին սուր տեսողություն ունեն և հայտնի են նրանով, որ փորձում են այլ ձկների մաշկից հեռացնել մակաբույծներին։
Նախորդ փորձերի ժամանակ դրանք տեղադրվել էին հայելապատ ակվարիումում: Այնուհետև դրանց գլխի հիմքում գտնվող թեփուկների տակ ներարկել էին անվնաս ներկ՝ թողնելով մակաբույծին նմանվող տեսանելի հետք։
Որոշ ձկներ հայելու մեջ մի կետ տեսնելով, սկսել էին մարմնի համապատասխան հատվածը քսել հատակի խճաքարերին կամ ավազին՝ փորձելով հեռացնել հետքը։ Սա մի կողմից կարող է ցույց տալ, որ այս ձկներն ունեն ինքնագիտակցություն։ Մյուս կողմից, փորձերը մի շարք կասկածներ են առաջացրել։ Մասնավորապես, որոշ քննադատներ ենթադրում են, որ ձկները կարող էին արձագանքել ներարկման հետևանքով մաշկի հնարավոր գրգռվածությանը:
Սակայն ավելի ուշ գիտնականները ցույց են տվել, որ եթե ներկը կիրառվում է խորը և դրսից գրեթե անտեսանելի է, ապա ձկները չեն տեսնում և չեն փորձում մաքրել այն։ Ձկների հետ նոր փորձերը լրացուցիչ ապացույցներ են տվել, որ դրանք ունեն պարզունակ ինքնագիտակցության գոնե ինչ-որ ձև:
Փորձերի առաջին փուլում գիտնականները օգտագործել են միայն տասը ձուկ, որոնք նախկինում հաջողությամբ անցել էին «հայելային թեստը»: Այդ տասը ձկներին ներկայացվել էին իրենց սեփական լուսանկարները կամ իրենց տեսակի այլ ձկների լուսանկարները: Արդյունքում բոլոր ձկներն էլ ակտիվորեն հարձակվում էին այլ ձկների պատկերների վրա, սակայն սեփական «դիմանկարի» նկատմամբ ագրեսիա չէին ցուցաբերում։ Ընդ որում, այս պահվածքը նկատվել էր միայն «դեմքի» նկարներին ի պատասխան։
Հաջորդ փորձերն անց են կացրել ութ ձկների մասնակցությամբ, որոնք պահվում էին հայելային պատով ակվարիումներում իրենց բնական տեսքով՝ առանց ներկված մասերի: Այնուհետև ձկներին ցույց տվեցին իրենց նկարները՝ գլխի վրա ներկի հետքով, որն ուներ մակաբույծին նմանվող տեսք։ Արդյունքում ձկները սկսում էին քսվել անշարժ առարկաներին՝ կարծես որոշելով, որ պետք է հեռացնեն մակաբույծին իրենց մարմնից: Ընդ որում, նման հետքով այլ ձկների պատկերներին նման արձագանք չի ցուցաբերվել։
Ըստ երևույթին, այժմ կարելի է վստահորեն ասել, որ Labroides dimidiatus wrasses տեսակի ձկները հաջող անցել են «հայելային թեստը»՝ դրա տարբեր փոփոխություններով։ Այնուամենայնիվ, մնում են կասկածներ, թե արդյոք դրանց պարզունակ ուղեղն իսկապես ընդունակ է լիարժեք ինքնագիտակցության։ Նման եզրակացությունները վերջնականապես հաստատելու համար գիտնականներն արդեն մտածում են ավելի բարդ ուսումնասիրության մասին, որի ընթացքում կվերահսկեն ձկների ուղեղի ակտիվությունը՝ ի պատասխան հայելու մեջ իրենց սեփական արտացոլանքին:
Հրապարակմանը պատրաստեց ita.am-ը