Բոտոքսի միջոցով կնճիռների հարթեցումը կարող է ավելի շատ խնդիրներ առաջացնել, քան լուծել: Վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս ներարկումները կարող են բացասաբար անդրադառնալ հույզերի արտահայտման կարողության վրա, գրում է doctor.rambler.ru-ն:
Գիտնականների միջազգային թիմը սքանավորել է 33-ից 40 տարեկան տասը կանանց գլխուղեղը նախքան բոտոքսի ներարկումները, իսկ այնուհետև կրկնել է պրոցեդուրան ներարկումից երկու-երեք շաբաթ անց: Մասնակիցներն ի վիճակի չեն եղել խոժոռվել կամ ժպտալ՝ օգտագործելով ամբողջ դեմքի մկանները:
Ուսումնասիրության շրջանակներում ֆունկցիոնալ մագնիսա-ռեզոնանսային շերտագրության ժամանակ հետազոտողները մասնակիցներին ցույց են տվել զայրացած ու ուրախ դեմքերի լուսանկարներ, ինչպես նաև չեզոք լուսանկարներ։ Բոտոքսի ներարկումից հետո կանանց մոտ նկատվել է գլխուղեղի որոշակի հատվածների ակտիվության փոփոխություն զայրացած ու ուրախ դեմքերին նայելիս։
Այս կերպ, հետազոտությունը ցույց է տվել, որ բոտոքսը թույլ չի տալիս մարդկանց բնազդաբար կրկնել դեմքի արտահայտությունն ու զգալ նույն հույզերը։