Արգենտինացի մի աստղալուսանկարիչ հազվադեպ լուսանկար է արել, որում Արեգակի մակերևույթից մոտ 100,000 կմ բարձրություն ունեցող պլազմային արտանետում է ֆիքսել, տեղեկացնում է Space.com-ը։
Էդուարդո Շաբերգեր Պուպոնի լուսանկարած պլազմային արտանետումը կոչվում է նաև «պլազմային ջրվեժ», որի ժամանակ մեծ ծավալի պլազման մագնիսական ուժեղ դաշտերի պատճառով դուրս է արտանետվում։ Քանի որ երևույթը հիմնականում տեղի է ունենում Արեգակի բևեռային պսակի տարածքում (հյուսիսային և հարավային լայնության 60 °-ից 70 °-ի միջև), իսկ այդտեղ մագնիսական դաշտն ավելի ուժեղ է, հենց այդ դաշտի ազդեցության պատճառով էլ հաճախ պլազման կրկին հետ է թափվում Արեգակի մակերևույթ։
Նման արտանետումները կոչվում են «պլազմային ջրվեժներ» նաև այն պատճառով, որ պլազման գտնվում է ոչ թե ազատ անկման մեջ, այլ շարժվում է մագնիսական դաշտի ազդեցության տակ։ Պլազման իջնում է մոտ 36,000 կմ/ժ արագությամբ, ինչը շատ ավելի արագ է, քան կարելի էր բացատրել միայն մագնիսական ուժերի ազդեցությամբ։ Գիտնականները դեռ չեն պարզել այս երևույթի բոլոր մեխանիզմները։
Ըստ Frontiers in Physics ամսագրում հրապարակված մի ուսումնասիրության՝ արտանետման «պլազմային ջրվեժն» անցնում է երկու փուլով՝ դանդաղ, երբ պլազման դանդաղ է բարձրանում, և արագ, որի ընթացքում այն արագանում է մինչև ամենաբարձր կետը։ Այս տեսակի երևույթները հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն Արեգակի ֆիզիկայի, այլև միջուկային ֆիզիկայի համար. արևային բևեռների մոտ մագնիսական դաշտը արդյունավետորեն զսպում է պլազմային, և այս գործընթացի առանձնահատկությունները կարող են օգնել միջուկային սինթեզի ռեակտորների նախագծման հարցում:
Արեգակի բևեռային պսակի «պլազմային ջրվեժները» բավականին տարածված երևույթ են, թեև դրանց պատկերները կարելի է ստանալ բավականին հազվադեպ: Սակայն քանի որ արեգակնային ակտիվությունն աճում է ընթացիկ 11-ամյա ցիկլում, դրանց հաճախականությունը կարող է ավելի մեծանալ: Օրինակ՝ նման երևույթ տեղի է ունեցել այս տարվա փետրվարի սկզբին, երբ Արեգակից արտանետված զանգվածը կլանել էր հսկայական բևեռային հորձանուտը, որտեղ այն մնացել էր մոտ ութ ժամ: