Արևմտյան Անգլիայի համալսարանի գիտնականներին երկար փորձերի արդյունքում հաջողվել է ստեղծել աշխարհի, թերևս, ամենաարտասովոր համակարգիչը։ Դրա առանձնահատկությունն այն է, որ համակարգչի մայր պլատայի բաղադրիչները կենդանի սնկեր են։ Գիտնականները սնկերի միցելիումը համեմատում են մարդու ուղեղի, իսկ դրա թելերը՝ սինապսների հետ։ Դրանք կարող են ազդանշաններ փոխանցել երկար հեռավորությունների վրա: Հենց սա էլ դարձավ «սնկային համակարգչի» հիմքը։ Ինչպես և ավանդական համակարգիչներում, այստեղ օգտագործվում է երկուական կոդը, որտեղ «1»-ը համարվում է էլեկտրական ակտիվություն, իսկ «0»-ն՝ դրա բացակայությունը:
Լաբորատորիայի մասնագետներն օգտագործել են այն փաստը, որ սնկերի վարքագիծը շատ նման է ուղեղի նեյրոնների աշխատանքին։ Նրանք աշխարհում առաջինն էին, ովքեր միկրոէլեկտրոդների միջոցով չափեցին սնկերի ակտիվությունը: Նրանց հայտնագործությունների հիման վրա ստեղծված «սնկային» էլեկտրոնիկան, բնականաբար, կատարողականությամբ չի կարող համեմատվել սիլիցիումի հիմքով սարքերի հետ։ Նույնիսկ առանձին կետերում սնկերի ակտիվության խթանումը չի մոտեցնում դրա արագությունը սովորական էլեկտրոնիկայի արագությանը:
Սնկերի աշխատանքը վերլուծելուց հետո գիտնականները եկել են այն եզրակացության, որ դրանք «կարող են» հիշողություններ ստեղծել նույն սկզբունքով, ինչ մարդու ուղեղը ձևավորում է սովորությունները: Այժմ հետազոտողների նպատակը ոչ թե միցելիումային սխեմաների վրա հիմնված բարձր արդյունավետության համակարգիչների ստեղծումն է, այլ ընդամենը նման հնարավորության տնտեսական և տեխնիկական անհրաժեշտության հիմնավորումը, քանի որ հետագայում նման սկզբունքներով հնարավոր կլինի շատ ավելի առաջադեմ համակարգիչներ ստեղծել։
Հրապարակման պատրաստեց ita.am-ը