7 տարածված առասպել բեղմնականխման մասին
Advertisement 1000 x 90

7 տարածված առասպել բեղմնականխման մասին

Այսօր աշխարհում բազմաթիվ արդյունավետ բեղմնականխման միջոցներ կան, բայց կան նաեւ բազմաթիվ առասպելներ հղիությունից խուսափելու միջոցների մասին։ NEWS. am Medicine-ը ներկայացնում է բեղմնականխման առավել տարածված առասպելները։

Առասպել 1. Ձվազատման օրվա հաշվարկումը

Այս մեթոդը ենթադրում է սեռական կապերի բացառում ձվազատման օրերին, երբ հղիանալու հնարավորությունն ամենաբարձրն է։ Քանի որ ձվազատումը տեղի է ունենում դաշտանային ցիկլի մեջտեղում, դրա սկզբում եւ վերջում հղիանալու հավանականությունը նվազում է։

Սակայն այս մեթոդը բնավ ամենաարդյունավետը չէ։ Ոչ ճիշտ հաշվարկը կամ դաշտանային ցիկլի խանգարումը կարող է հանգեցնել անցանկալի հղիության։

Բանն այն է, որ կա հղիանալու շանս անգամ դաշտանի ժամանակ։ Ձվազատումը կարող է տեղի ունենալ ցիկլի 14-րդ օրվանից առաջ, իսկ սերմնաբջիջները կարող են կնոջ օրգանիզմում ապրել 5 օր։ Եթե, օրինակ, սեռական ակտը կատարվել է ցիկլի երկրորդ օրը, իսկ ձվազատումը տեղի է ունեցել յոթերորդ օրը, ապա հնարավոր է հղիանալ։

Առասպել 2. Համակցված օրալ բեղմնականխիչներն անպտղություն են առաջացնում

Սա ամենատարածված մոլորություններից մեկն է։ Այս դեղամիջոցներն ընդունելիս հղիություն չի լինում, քանի որ ձվազատում չի կատարվում։

Գիտական հետազոտություններն ապացուցում են, որ հակաբեղմնավորիչների ընդունումն ինքնին անպտղություն չի առաջացնում, անգամ եթե դրանք ընդունեն երկար ժամանակ։ Այդ դեղամիջոցների ընդունման դադարեցումից երեք ամիս հետո (իսկ երբեմն՝ առաջին ամսում) կանանց ձվազատումը վերականգնվում է լիովին, եւ հղիանալու հնարավորությունը վերադառնում է։

Առասպել 3. Ընդհատված սեռական ակտը բեղմնականխման արդյունավետ մեթոդ է

Անշուշտ, սերմնաժայթքման կանխումն արգանդում նվազեցնում է հղիության հավանականությունը։ Սակայն սա պաշտպանության լիարժեք մեթոդ չէ։

ԱՀԿ-ի գնահատմամբ՝ այս մեթոդի արդյունավետությունը գնահատվում է ընդամենը 80 տոկոս։ Նշանակում է, որ կանանց մոտ մեկ երրորդը հղիանում է, եթե ընդհատված սեռական ակտը բեղմնականխման միակ մեթոդն է, որն օգտագործում է զույգը։

Բանն այն է, որ սերմնաբջիջների որոշ քանակություն առաջանում է տղամարդու նախասերմնային հեղուկում մինչեւ էյակուլյացիայի պահը։ Այս մեթոդի կիրառման դեպքում մեկ տարվա ընթացքում հղիանում է յուրաքանչյուր հինգերորդ կինը։ Եվ ընդհանուր առմամբ ընդհատված սեռական ակտի արդյունավետությունը շատ բանով կախված է տղամարդու ինքնավերահսկումից։ Այն նաեւ զուգընկերներին չի պաշտպանում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից։

Առասպել 4. Համակցված օրալ հակաբեղմնավորիչները հանգեցնում են ձվարանների պոլիկիստոզի, էնդոմետրիոզի եւ արգանդի միոմայի

Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը (ՊԿՁՀԱ) երիտասարդ կանանց մոտ ամենատարածված խանգարումներից է։

Այդ համախտանիշն ունեցող դեռատի եւ երիտասարդ կանանց հիմնական բողոքներն են անկանոն դաշտանը, մազերի ավելորդ աճը, ակնեն, ավելորդ քաշը եւ անպտղությունը։ Եթե հիմք վերցնենք ապացուցողական տվյալները, առաջին փուլերում դաշտանային խանգարումների բուժման, անցանկալի մազերի աճը եւ պզուկները կանխելու համար խորհուրդ է տրվում ընդունել հորմոնալ բեղմնականխիչներ։ Հակաբեղմնավորիչ դեղամիջոցները ՊԿՁՀԱ չեն առաջացնում, ընդհակառակը, օգնում են բուժել այն։

Ինչ վերաբերում է էնդոմետրիոզին, ապա հորմոնալ հակաբեղմնավորիչների ընդունումը կարող է դանդաղեցնել կամ դադարեցնել էնդոմետրիոզի նոր օջախների առաջացումը։ Արգանդի միոմաները հորմոններից կախված են, բայց ժամանակակաից բեղմնականխիչներում հորմոնի չափաքանակն այնքան քիչ է, որ չի կարող նպաստել դրանց աճին։

Առասպել 5. Պահպանակներն ավելի արդյունավետ են, քան դեղահաբերը

Պահպանակները  կարող են անորակ լինել, դրանք կարող են նաեւ ճիշտ չհագնել, ինչի պատճառով կարող են պատռվել եւ դուրս թռչել։ Եթե աղջկա վերարտադրողական առողջությունը լավ է, իսկ պահպանակը «պատռվել» է, առաջ է գալիս հղիանալու իրական շանս, հատկապես ձվազատման շրջանում։ Գոյություն ունի այնպիսի ցուցանիշ, ինչպիսին է Փերլի ինդեքսը, որը հաշվարկվում է՝ ելնելով մեկ տարում 100 կանանց հաշվով հղիությունների քանակից, որոնք օգտագործում են բեղմնականխման որոշակի մեթոդ։ Համակցված օրալ հակաբեղմնավորիչների ճիշտ ընդունման դեպքում, օրինակ, այդ ինդեքսը ամենացածրն է՝ 0,1-ից մինչեւ 1, իսկ պահպանակների դեպքում՝ 5-10։

Առասպել 6. Կրծքով կերակրման ժամանակ բեղմնականխում պետք չէ

Ծննդաբերությունից հետո օրգանիզմին վերականգնման համար ինչ-որ ժամանակ է պետք։ Կինը ծննդկան է համարվում երեխայի ծնվելուց հետո 42 օրվա ընթացքում. այդ ժամանակ վերականգնվում են ձվարանների ֆունկցիաները, աճում է էնդոմետրիան։ Կերակրման ժամանակ առաջանում է նաեւ պրոլակտին հորմոնը։ Նրա բարձր խտությունն արյան մեջ արգելակում է ձվազատումը։

Կարծիք կա, որ կերակրող կնոջ օրգանիզմում արտադրվում է բավականաչափ պրոլակտին՝ խոչընդոտելու համար ձվաբջջի հասունացումը եւ, հետագայում, ձվազատումը։ Հետեւաբար, ենթադրվում է, որ հղիանալու հնարավորություն չկա, քանի որ գործում է ինքնատիպ բնական հակաբեղմնավորում։

Սակայն գործնականում պրոլակտինի մակարդակը կարող է բարձր չլինել, ուստի ձվարանները սկսում են իրենց աշխատանքը, իսկ ձվաբջիջները հասունանում են՝ չնայած դաշտանի բացակայությանը։ Այսպիսով, կրծքով կերակրման փաստն ինքնին չի վկայում այն մասին, որ կինն ի վիճակի չէ հղիանալ այդ պահին։

Առասպել 7.  Դեղահաբերը եւ պարույրը չի կարելի օգտագործել մինչեւ առաջին ծննդաբերությունը

Բեղմնականխիչ դեղահաբեր խմելը կարելի է սկսել կնոջ կյանքի ցանկացած ժամանակ՝ դաշտանային ցիկլի սկսվելուց հետո, իսկ ընդունել՝ ընդհուպ մինչեւ դաշտանադադարը, հավաստիացնում են մասնագետները։ Ներարգանդային պարույրը անվտանգ է նաեւ նրանց համար, որոնք հղիություն եւ ծննդաբերություն չեն ունեցել։ Պարույրի օգտագործման դեպքում բարդությունների բացակայության անհրաժեշտ պայման են քսուքների նորմալ ցուցիչները եւ փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունների բացակայությունը։

med.news.am