Տեխասի համալսարանի գիտնականները, առանց մարդու ուղեղում իմպլանտ դնելու, արհեստական բանականության մոդելին սովորեցրել են կարդալ մարդու մտքերը, այս մասին տեղեկացնում է Newatlas.com-ը։
Պացիենտների ուղեղի ակտիվությունը գրանցելու համար նրանք օգտագործել են ֆունկցիոնալ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի (fMRI) մեթոդը, այնուհետև ստացված տվյալները արհեստական բանականության օգնությամբ (մեքենայական ուսուցման միջոցով աշխատող GPT-ի նման լեզվական մեծ մոդելներ) տեքստային հաղորդագրությունների միջոցով վերածվել են պատկերների։ Պարզ ասած՝ լեզվական մոդելը չատում ուղիղ տեքստով տեղեկացրել է այն ամենի մասին, ինչ այդ մասին մարդը մտածել է։ Սակայն ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։
Նախ` որքան ավելի պատրաստակամորեն է հիվանդը համագործակցել գիտնականների հետ, այնքան նկարագրությունն ավելի ճշգրիտ է ստացվել: Սա, ըստ պարբերականի, կարևոր է, քանի որ թույլ չի տալ մտքի հարկադիր ընթերցում։ Եթե մարդը չի ցանկանում իր «մտքերը» տալ ինչ-որ մեկին, ապա կարող է այդ պահին այլ բանի մասին մտածել: Երկրորդ՝ տվյալները ճիշտ են մեկնաբանվել միայն այն դեպքում, երբ արհեստական բանականությունը ուսուցանվել է կոնկրետ պացիենտի վրա: Մասնավորապես, հետազոտվողներից յուրաքանչյուրը 16 ժամ լսել է բանավոր խոսք, որի ընթացքում մոդելն ուսումնասիրել է նրա ուղեղի ակտիվությունը։
«Մենք շատ լուրջ ենք վերաբերվում մտավախությանը, որ դա կարող է օգտագործվել վատ նպատակներով և փորձել ենք խուսափել դրանից»,- ասել է հետազոտության գլխավոր հեղինակ Ջերի Թանգը,- Մենք ցանկանում ենք համոզվել, որ մարդիկ կօգտագործեն այս տեխնոլոգիաները միայն այն ժամանակ, երբ իրենք կցանկանան, և երբ դա կօգնի իրենց»:
Առաջարկվող լուծումը հիմնված է նրա վրա, որ գլխում պատկերներ ստեղծելու և, մասնավորապես, բանավոր կոնստրուկցիաների ստեղծման գործընթացում ուղեղում բարձրանում է թթվածնի մակարդակը, նույնը տեղի է ունենում, երբ ուղեղն արձագանքում է ինչ-որ կոնկրետ բանի: Սա կարող է լինել ինչպես վիզուալիզացիա (ներքևում ներկայացված է ուղեղի գործունեության ԱԲ-ի վերծանման օրինակ անձայն տեսանյութ դիտելիս), ինչպես նաև պացիենտի սեփական մտքերը: fMRI-ի սարքը գրանցում է ուղեղի այս հատվածները, իսկ մեքենայական ուսուցումը դրանք կապում է պատկերների հետ և վերածում հասկանալի տեքստի:
Ուղեղի ակտիվության գրանցման այսպիսի մեթոդի արագությունը ցածր է․ թթվածնի մակարդակը բարձրանում և իջնում է 10 վայրկյանում, և այդ ընթացքում մարդուն հաջողվում է լսել մոտ 20 բառ։ Փաստացի, սա պատկերի վերծանման ներկայիս մակարդակն է: Յուրաքանչյուր պատկերի համար, որը կարելի է վերծանել մարդու ուղեղի՝ այս կերպ գրանցված գործունեությունից, պահանջվում է մոտ 20 բառի ինտերվալ։
Պարբերականը, սակայն, նշում է, որ fMRI-ի սարքը պահանջում է լաբորատոր աշխատանք, որը հարմար չէ այս մեթոդի զանգվածային կիրառման համար: Հետազոտողները խոստումնալից են համարում ևս մեկ մոտեցում, որը տալիս է նույն արդյունքը՝ ինֆրակարմիր մոտակա տիրույթի ֆունկցիոնալ սպեկտրոսկոպիան (fNIRS): fNIRS-ի սենսորները կոմպակտ են և հարմար այս առումով: Դրանք ֆիքսում են ուղեղի արյան հոսքի ակտիվությունը և, հետևաբար, կարող են հիմնված լինել նույն սկզբունքի և ուսուցման նույն մոդելի վրա, ինչ fMRI-ի դեպքում: Ըստ աղբյուրի՝ գուցե հենց սա էլ լինի գիտական խմբի հետազոտության հաջորդ քայլը։