Jame Webb-ը ջրային գոլորշի է հայտնաբերել ժայռոտ էկզոմոլորակի վրա. ի՞նչ է դա նշանակում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Jame Webb-ը ջրային գոլորշի է հայտնաբերել ժայռոտ էկզոմոլորակի վրա. ի՞նչ է դա նշանակում

Jame Webb տիեզերական աստղադիտակը ջրային գոլորշու նշաններ է հայտնաբերել Երկրից 26 լուսատարի հեռու գտնվող GJ 486 b կոչվող մոլորակի մթնոլորտում։ Եթե ​​այս տեղեկությունը հաստատվի, ապա սա կլինի առաջին դեպքը, որ ջրային գոլորշի է հայտնաբերվում քարքարոտ էկզոմոլորակի մթնոլորտում։

Սակայն առայժմ գիտնականները վստահ չեն այս հայտնագործության հավաստիության հարցում։

Ջրային գոլորշին համարվում է կյանքի գոյության կարևորագույն պայմաններից մեկը, կամ մոլորակների վրա պոտենցիալ կյանքի համար առնվազն հարմար պայման։ Նախկինում տիեզերական աստղադիտակն արդեն հայտնաբերել էր նման գոլորշու նշաններ էկզոմոլորակների վրա, բայց դրանք Յուպիտերի նման գազային հսկաներ էին, որոնք չունեն ամուր մակերես: Եթե ​​հիմա գիտնականները կարողանան հաստատել, որ քարքարոտ GJ 486 b-ի վրա ևս նման գոլորշի կա, դա իսկապես հետաքրքիր հայտնագործություն կլինի:

GJ 486 b-ը մոտ 30%-ով մեծ է Երկրից, իսկ զանգվածը երեք անգամ է մեծ։ Այս մոլորակի վրա  ձգողականությունը շատ ուժեղ է, բացի դրանից, մոլորակը գտնվում է իր աստղին շատ մոտ և գտնվում է սինխրոն պտտման վիճակում․ մոլորակի մի մասում միշտ ցերեկ է, իսկ մյուսում՝ ​գիշեր։ Մոլորակի մակերեսի ջերմաստիճանը մոտ 430 °C է։ Այնպես որ, ամենայն հավանականությամբ, այն այդքան էլ հարմար չէ կյանքի համար։

Այդուամենայնիվ, այս մոլորակի վրա ջրի գոլորշու հայտնաբերումը մեծ նշանակություն ունի. ինչպես արդեն նշվեց, սա կլինի ջրի գոլորշու առաջին հայտնաբերումը քարքարոտ մոլորակի վրա, և դա նաև ցույց կտա, որ նման մոլորակը նույնիսկ իրեն մոտ գտնվող աստղի ճառագայթման մշտական ​​ազդեցության տակ լինելու պայմաններում ևս կարող է պահպանել իր մթնոլորտը։

Բայց խնդիրն այն է, որ ջրի գոլորշու նշանները հայտնաբերվել են, երբ մոլորակն անցնելիս է եղել աստղի դիմացով, այսինքն՝ կա հավանականություն, որ գոլորշին առաջացել է, ոչ թե բուն մոլորակի վրա, այլ աստղի մակերեսի բծերից։ Մյուս կողմից, ըստ աստղագետների, աստղի վրա նման բծերի առկայության ապացույցներ դեռ չեն գտնվել։

news.am