Երեկ կամերային թատրոնում կայացել է երիտասարդ ռեժիսոր Ժորա Մարտիրոսյանի «B 1427» 18+ դետեկտիվ ժանրի ներկայացման պրեմիերան, որում ներգրավված էին թատրոնի արտիստները, մասնավորապես՝ Սոնա Մաթևոսյանը, Զիրոյանը, Էվա Խաչատրյանը, Վիկտորիա Սահակյանը, Էրմինա Զախարովան, Մոհանան, Նարեկ Ալեքսանյանը, Հովհաննես Դիշչյանը և Մհեր Ալաբեգյանը:
Դետեկտիվ պատմություն, որը համեմված մելոդրամայի, փսիխոդրամայի և թրիլլերի տարրերով։
Ներկայացման ընթացքում բացահայտվում են մարդկային բնավորության ու վարքի ամենամութ կողմերը,նրանց գաղտնի կյանքի ցնցող մանրամասները, իսկ յուրաքանչյուր խնդրի հիմքում սիրո պակասն է։
Tert.am Life-ը ներկա է եղել առաջնախաղին և ներկայացնում է լուսանկարներն ու մանրամասները:
Սպանություն, դավաճանություն, բաց տեսարաններ և ինտրիգներ: Ահա՝ ինչի շուրջ է պտտվում 5 ընկերուհիների պատմությունը, որոնք խրախճանքների և դավաճանությունների էպիկենտրոնից հայտնվում են ոստիկանական բաժանմունքում՝ մեղադրվելով սպանություն գործելու մեջ:
28-ամյա ռեժիսոր Ժորա Մարտիրոսյանը թատրոնի արտիստներից է և ներգրավված է եղել մի շարք ներկայացումներում, բայց որպես ռեժիսոր սա իր առաջին աշխատանքն է:
«Ես ընդունվել եմ թատերական ինստիտուտ, քանի որ ցանկանում էի տեսնել՝ ինչ է կատարվում կադրից այն կողմ, ոչ թե կադրում և ուսանողական, աշխատանքային տարիների ընթացքում տարբեր գաղափարներ կուտակվել էին և պարզապես մի օր որոշեցի թակել տնօրինության դուռն ու առաջարկել, որ բեմադրենք ներկայացումը»,- ասաց դերասանը և հավելեց, որ նաև մարտահրավեր էր նման ժանրում աշխատանք բեմադրելը.«Դետեկտիվ ժանրն ինքնին բարդ է, քանի որ պահանջում է դետալային աշխատանք, լարվածություն, սյուժետային աշխատանք և ինձ շատ է օգնել գործընկերներիս պատրաստակամությունը, քանի որ հաճախ հենց գիշերներն էինք փորձերն անում, մշակումներ իրականացնում»:
Ռեժիսորը պատմեց անվան ընտրության մասին և նշեց, որ սկզբում շատ ավելի բարդ անուններ են եղել ցանկում:
«Ներկայացման անունը հենց այն տան դոմոֆոնի թվերն են, որտեղ զարգանում են ողջ իրադարձությունները: Սկզբում շատ ավելի բարդ անուններ էինք քննարկում, բայց հետագայում կանգ առանք այս տարբերակի վրա: Ներկայացումը շատ է «եփվել», քանի որ սկզբում մտածում էինք, որ պատմությունը պետք է զարգանա տղաների շուրջ, բայց հետագայում հասկացանք, որ շատ ավելի ցայտուն կստացվի, երբ հասարակության համար հակասող իրավիճակները կառուցվեն աղջիկների շուրջ»,- նշեց Ժորա Մարտիրոսյանը:
Էմոցիոնալ աղջիկ հերոսների կողքին, որոնք պահում են ողջ ներկայացման լարվածությունն ու ընթացքը, սթափ և սառը քննիչի դերում է Զիրոյանը, որը նշում է՝ առաջին անգամ է նման ժանրում ներկայանում և այս փորձը հետաքրքիր է:
«Քննիչի դերում շատ գույներ կան և կերպարը գրավիչ է, քանի որ բոլորս էլ տեղյակ ենք, որ քննիչը պետք է կիրառի մանիպուլատիվ հնարքներ, մի հերոսի հետ փաղաքշական, մյուսի հետ շատ ավելի չոր և ճնշող: Փորձել եմ գույներ տալ այդ ամենին: Օրեր շարունակ եղել ենք թատրոնում և այս գործում լիովին վստահել ռեժիսորին, նրա հայացքներին, մոտեցումներին և այս աշխատանքը հետաքրքիր էր: Կարծում եմ՝ հանդիսատեսը կգնահատի մեր աշխատանքը»,- նշեց Զիրոյանը:
Գլխավոր հերոսուհիներից մեկն էլ Վիկտորիա Մարտիրոսյանն է, որը ևս «խրախճանքների», դավաճանության և զոհի դերում է:
«Ես և Ժորան համակուրսեցիներ ենք և դեռ ուսանողական տարիներից հիշում եմ, որ մեծ ցանկություն ուներ նման ներկայացում բեմադրելու և ուրախ եմ, որ ես ևս ներգրավված եմ այս ներկայացման մեջ, որն իրականում նորույթ է, քանի որ նման ժանր դեռևս մեր թատրոնում չկա: Նաև հետաքրքիր է, որ սկզբում, երբ կարդում էինք և սկսում աշխատանքը խորթ էր, որ նման գործողությունների կենտրոնում աղջիկներն են, բայց հետագայում մենք լիովին հասկացանք, որ հենց այդ պուլսով և էներգիայով պետք է ներկայացվեր աշխատանքը»,- նշեց Վիկտորիա Սահակյանը:
Առաջնախաղին հրավիրված էին մի շարք հայտնիներ, որոնք եկել էին արտիստների աշխատանքը գնահատելու և շնորհավորելու:
Առաջնախաղի ավարտին էլ թատրոնում տիրում էր բարձր տրամադրություն, շնորհավորանքներ և քննարկումներ՝ ներկայացման :