Չարագործները խաբեության նոր սխեման են կիրառում, որպեսզի ֆոնդային բորսայում միջոցներ կորցրած մարդկանցից գումար կորզեն, ռուսական «Իզվեստիա» պարբերականի հետ զրույցում ասել է Ֆինանսական գրագիտության զարգացման ասոցիացիայի թվային հաղորդակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մարիա Ռումյանցևան։
Տվյալ անձանց խաբեբաներն առաջարկում են վերադարձնել գումարը և այդ միջոցով ստանում նրանց ֆինանսական գաղտնի տվյալները, գումար կորզում իրենց «ծառայությունների» դիմաց։ Ըստ նրա՝ տուժածներին ասում են, որ «գումարը վերադարձնելու համար» պետք է կանխավճար կատարել ծառայությունների դիմաց կամ պատասխանել «Կենտրոնական բանկի տեսուչի» հարցերին։
«Այնուամենայնիվ, կանխավճարի թեման ավելի քիչ տարածված է, քանի որ դա սահմանափակում է խաբեբաների հնարավոր եկամուտը իրենց նշած գումարով։ Մյուս տարբերակն այն է, որ «տեսուչը» տուժածի հետ խոսակցությունն այնպես է վարում, որպեսզի վերջինս իրեն փոխանցի գաղտնի տվյալներ, որոնց միջոցով նա հասանելիություն է ստանում նրա ինտերնետ բանկինգին և դրանում առկա միջոցներին»,- բացատրել է Ռումյանցևան:
Նա նշել է, որ չարագործները բրոքերների հաճախորդների բազա չունեն, հակառակ դեպքում նրանք չէին փորձի պարզել, թե արդյոք տվյալ անձը գումար է կորցրել բորսայում և նախապես կիմանային այդ կորուստների մասին։ Նրա խոսքով՝ հնարավոր է, որ պոտենցիալ զոհը այլ և ոչ պատշաճ ներդրումային ռազմավարություն ընտրած լինի, բայց ամեն դեպքում նա կցանկանար վերադարձնել միջոցները։
Ռումյանցևան նշել է, որ Մոսկվայի բորսայի տվյալներով՝ Ռուսաստանում կա մոտ 26 միլիոն մասնավոր ներդրող, իսկ անցած տարվա համակարգային ցնցումները հանգեցրել են զգալի կորուստների բոլոր հաճախորդների համար։
«Սա նկատի ունենալով, ակնհայտ է, որ հավանական է, որ մարդը հայտնվի բանկային հաճախորդների տվյալների բազաների վրա աշխատող խարդախների թիրախում»,- ասել է նա՝ պարզաբանելով, որ երկրորդ անգամ կորուստ ունենալու ռիսկին կարող են ենթարկվել հատկապես նրան, ովքեր մեծ կորուստներ են տեսել թե՛ բացարձակ, թե՛ հարաբերական արտահայտությամբ։
Redhead83 մականունով օգտատերը հաստատել է, որ վերջերս հայտնվել են մեծ թվով կայքեր, որտեղ խաբեբաները խոստանում են վերադարձնել «բրոքերների կողմից գողացված գումարները» «չարջբեքի» միջոցով (բանկային քարտով վճարումը վիճարկելու կարգը):